Գլխավոր էջ Նորություններ Լինի տնտեսվարողը, թե քաղաքացին, չի կարող տուգանվել տեսչական մարմնի կողմից. իրավաբան

Լինի տնտեսվարողը, թե քաղաքացին, չի կարող տուգանվել տեսչական մարմնի կողմից. իրավաբան

1485
0

Ինչպես գիտենք, առողջապահության նախարարության նոր որոշման համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ, թանգարաններ և մի շարք վայրեր քաղաքացիները կարող են մուտք գործել միայն ՊՇՌ թեստավորման բացասական պատասխանի կամ պատվաստման QR կոդերը ներկայացնելու պարագայում։

Օրեր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստի ընթացքում ասաց, որ QR կոդ չներկայացնելու և հանրային վայր մուտք գործելու դեպքում պատասխանատվություն կրելու է ոչ թե քաղաքացին, այլ տնտեսվարողը: MedMedia.am -ը կապ հաստատեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ պարզելու, թե վերջինս որքանո՞վ է իրավաչափ։

Իրավաբանի խոսքով՝ ինչպես մնացած բոլոր հարցերում, այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն զեկուցել իրավակարգավորումների և տուգանող մարմնի՝ այն է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների վերաբերյալ:

«Լինի տնտեսվարողը, թե այդ տնտեսվարողի ծառայություններից օգտվող քաղաքացին, չի կարող տուգանվել տեսչական մարմնի կողմիցՆախ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով»,-նշեց Ռոբերտ Հայրապետյանը։

Նրա պնդմամբ՝ ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքի համաձայն՝ ստուգայց կատարելու միջոցով տեսչական մարմինը կարող է գնալ կազմակերպություններ, եթե կառավարության որոշմամբ են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները․ «Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ չեն սահմանվել: Հետևաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով տուգանված ցանկացած քաղաքացու և տնտեսվարողի նկատմամբ կայացված ակտն առևերևույթ անօրինական է»,ընդգծեց իրավաբանը։

Ռոբերտ Հայրապետյանը հավելեց, որ տուգանված անձինք կարող են դիմել վարչական դատարան համապատասխան բողոքներով և վիճարկեն դրանք:

Օֆելյա Պողոսյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ