Գլխավոր էջ Գլխավոր «Տնտեսվարողները իրավասու չեն պատասխանատվություն կրել տեսչական մարմնի փոխարեն»․ Ա․ Բարսեղյան

«Տնտեսվարողները իրավասու չեն պատասխանատվություն կրել տեսչական մարմնի փոխարեն»․ Ա․ Բարսեղյան

1371
0

Երեկ՝ հունվարի 20-ին կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հունվարի 22-ին սպասվող նոր սահմանափակման որոշմանը, ըստ որի հանրային սննդի վայրեր, մշակութային տարատեսակ միջոցառումներ, թանգարաններ մուտք գործելու համար պարտադիր է լինելու պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատները։

Ըստ Փաշինյանի՝  առաջիններից ենք աշխարհում, որ հրաժարվել ենք լոքդաունների քաղաքականությունից․ «Ուզում եմ հիշեցենել 2020թ մայիսին մենք որոշում ենք կայացրել, որ հրաժարվում ենք լոքդաունից և ծանր քննարկումներ ենք ունեցել, բայց ասել ենք, որ մենք չենք վերադառնալու, և մեր քաղաքականությունը հիմա նրան է ուղղված, որ ստիպված չլինենք վերադառնալ լոքդաունների, որ բոլոր այդ բիզնեսները 1 ամսով ի սպառ փակվեն, և այլևս վերականգնվելու որևէ հնարավորություն չունենան։ Մեր տեսչական մարմինները ամենայն խստությամբ պետք է հետևեն դրանց իրականացմանը, խոսքը հանրային վայրերում միայն պատվաստված կամ բացասական թեստ ունեցող քաղաքացիների մուտքի թույլտվության մասին է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։

Նա ընդգծեց նաև, որ պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները․ «Այսպիսով, քաղաքացին չէ պոտենցիալ պատասխանատուն այդտեղ լինելչլինելու, այլ տնտեսվարողը, և սա արվում է հենց տնտեսվարողների շահերից։ Հակառակ դեպքում, երբ որ մեր հիվանդանոցները ամբողջությամբ լցվեն և հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցուցաբերել, ստիպված կլինենք գնալ լոքդաունի»,-ասաց վարչապետը։

«Ռեստորանների ասոցիացիա» հկ նախագահ Աշոտ Բարսեղյանը MedMedia.am-ի հետ ունեցած զրույցում նշեց, որ վարչապետին չեն հայտնում իրական դրությունն աշխարհում։ Ասաց, որ լոքդաունների մասին խոսելն ավելորդ է, իսկ դրանց վերադարձի մասին խոսակցությունները սին են, քանզի ամբողջ աշխարհում ընդունվեց լոքդաունի սխալ ճանապարհ լինելու մասին թեզը։ Անդրադառնալով սահմանափակումներին, Բարսեղյանը նշեց, որ այն երկրները, որոնք մտցրել են սահմանափակումներ բիզնեսի նկատմամբ, նրանք մշակել են բիզնեսի սուբսիդավորման և սիցիալական ծրագրեր՝ ուղղված աշխատանքը կորցրած անձանց։

«Տնտեսվարողներն իրավասու չեն պատասխանատվություն կրել տեսչական մարմնի փոխարեն, ամեն ռեստորանին կցե՛ք մեկ տեսչական մարմնի աշխատակից։ Վարչապետը նորից շրջացվեց հանրային տրանսպորտի թեման։ Ե՞րբ են այս մարդիկ խոսելու հանրային տրանսպորտից։ Խորհուրդ վարչապետին` փոխել էկոնոմիկայի նախարարին և չլսել առողջապահության պատասխանատուներին` նրանք սխալ ուղի են տանում»,-ընդգծեց Աշոտ Բարսեղյանը։

Վաղը՝ հունվարի 22-ին, պետք է որոշումն ուժի մեջ մտնի, ըստ ԱՆ-ի և վարչապետի հայտարարությունների։ Սակայն, թե ինչպե՞ս են այն կոորդինացնելու, վերահսկելու, կամ առհասարակ ինչպե՞ս է այն կազմակերպվել, որևէ տեղեկություն դեռևս չկա։ Սպասենք, և հետևենք հետագա զարգացումներին, քանզի թեման շարունակում է քաղաքացիների և շատ ու շատ տնտեսվարողների քննարկումներին ու քննադատություններին արժանանալ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ