Գլխավոր էջ Գլխավոր «Սեզոնային գրիպի պատվաստանյութերը հասանելի են Հայաստանում ու մարդիկ կարող են գնալ և...

«Սեզոնային գրիպի պատվաստանյութերը հասանելի են Հայաստանում ու մարդիկ կարող են գնալ և պատվաստվել»․առողջապահության կազմակերպիչ

269
0

Ե՞րբ է լինում(ո՞ր ամիսներին) սեզոնային գրիպը:

Դավիթ Մելիք-Նուբարյան-Սեզոնային գրիպի բռնկումները, որպես կանոն լինում են ձմռան ամիսներին, սակայն տրոպիկական տարածաշրջաններում բռնկումներ կարող են նկատվել նաև ամբողջ տարվա ընթացքում։

Ու՞մ է այն «սպառնում»։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Գրիպը բավականին լուրջ հիվանդություն է կարող է վտանգ ներկայացնել ցանկացած մարդու համար, սակայն իհարկե կան մարդկանց խմբեր որոնց համար այն կարող է լինել ավելի վտանգավոր։ Մասնավորապես, ռիսկի խումբ են համարվում երեխաները, տարեցները, ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, բուժաշխատողները, հղի կանայք և այլն։

Պե՞տք է արդյոք վախենալ սեզոնային գրիպից։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Վախենալ մի գուցե չարժե, քանի որ վախը հաճախ դրդում է մեզ իռացիոնալ գործողությունների, բայց անշուշտ զգոն լինել անհրաժեշտ է։ Ներկայում գործ ունենք գրիպի Ա տեսակի H3N2 շտամի հետ, որը հաճախ անվանում են նաև «Հոնգկոնգյան»։ Այն 1968-1970թթ.-ին արդեն առաջացրել էր պանդեմիա և դարձել մոտ 1 մլն մարդու մահվան պատճառ։ Վտանգավորությունը նաև կայանում է նրանում, որ փաստացի Հայաստանը գտնվում է Կովիդ-19 5-րդ ալիքի մեկնարկային շրջանում և պետք է ամեն ինչ անել զուգահեռաբար ընթացող կրկնակի համաճարակից խուսափելու համար։

Ի՞նչ վտանգներ է այն պարունակում։

Դավիթ Մելիք-Նուբարյան- Սեզոնային գրիպը բնութագրվում է հանկարծակի ջերմությամբ, սովորաբար չոր հազով, որը կարող է տևել 2 շաբաթ, գլխացավով, մկանային և հոդերի ցավով, վատ ինքնազգացողությամբ, կոկորդի ցավով և քթարտադրությամբ: Մարդկանց մեծ մասի մոտ ախտանշաններն անցնում են մեկ շաբաթվա ընթացքում, առանց հատուկ բուժման անհրաժեշտության, սակայն ռիսկի խմբերում կարող են նկատվել բարդություններ, օրինակ՝ վիրուսային թոքաբորբի, որոնք իրենց հերթին կարող է հանգեցնել հոսպիտալիզացիայի, իսկ որոշ դեպքերում անգամ անդառնալի հետեւանքների։ Այդ պատճառով, խորհուրդը հետևյալն է՝ որևէ պարագայում չանտեսել հիվանդության ախտանշանները, դրանց ի հայտ գալուն պես մնալ տանը, դիմել Ձեր պոլիկլինիկայի բժշկին, հետևել վերջին խորհուրդներին և ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, հատկապես՝ առանց ցուցումների չօգտագործել հակաբիոտիկներ։

Ովքեր կարող են պատվաստվել գրիպի դեմ։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Նախ նշեմ, որ սեզոնային գրիպի պատվաստանյութերը հասանելի են Հայաստանում ու մարդիկ կարող են գնալ և պատվաստվել։ Անգամ կարող եմ միաժամանակ երկու պատվաստում ստանալ՝ Կովիդ-19 և սեզոնային գրիպի դեմ։ Առաջնահերթ պատվաստումը ցուցված է ռիսկի խմբի բնակչությանը՝ հղի կանանց, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին, տարեցներին՝ 65 և բարձր տարիքի, քրոնիկական հիվանդություններ ունեցողներին և իհարկե բուժաշխատողներին։

Որքանով է արդյունավետ պատվաստումը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Նախ նշեմ, որ գրիպի դեմ պատվաստումները հաջողությամբ կիրառվում են ավելի քան 60 տարի։ Վերջինների արդյունավետությունը կախված է մի շարք գործոններից, սակայն ընդհանուր առմամբ բավականին բարձր է։ Ինչպես մի շարք այլ պատվաստանյութերի դեպքում այն ամբողջական չէ, հատկապես տարեցների շրջանում, բայց անգամ հիվանդանալու դեպքում օգնում է խուսափել ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից և քանի որ պատվաստանյութը հասանելի է, մնում է գնալ և ստանալ այն։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ