Գլխավոր էջ Նորություններ Մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք. Նարեկ Զեյնալյան

Մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք. Նարեկ Զեյնալյան

281
0

«Հայաստանում բժիշկների քանակը  համարժեք է միջազգային միջին թվաքանակին, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ» ,- ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  «Բնակչության բժշկական օգնությանևսպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

 

Նա նշեց, որ Հայաստանում խնդիր է բժիշկների անահամաչափ բաշխվածությունը մարզերում և Երևանում. «Երևանում 10 հազար բնակչին բաժին է հասնում 88  բժիշկ,  իսկ մարզերում՝ բավականաչափ պակաս է այդ թիվը: Օրինակ՝ Լոռու մարզում այդ թիվը 25  է, Արմավիրում՝ 14, Գեղարքունիքում՝ 15,9: Այսինքն մարզերում բժշկական օգնության և սպասարկման հասանելիության խնդիր ունենք»:

Ն.Զեյնալյանն ասաց, որ եթե բժիշկների քանակությունը համարժեք է միջազգային միջինին, միջին բուժանձնակազմի քանակը բավականաչափ պակաս է միջինից:  Հայաստանում 10 հազար քաղաքացուն բաժին է  հասնում 56,5 միջին բուժաշխատող, միջազգային միջինը՝ 88-ն է:

«Այստեղ ավելի շատ անելիք ունենք  կադրերի պատրաստման և համապատասխան ուղղությամբ ուղղորդելու նպատակով»,- ասաց նա:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է. «Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով, յուրաքանչյուր տարի առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն ընդունելություն իրականացնելու համար:

Նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրով ընդունված ուսանողն ավարտելուց հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու լիազոր մարմնի նախատեսած վայրերում՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի հետ կնքելով առնվազն հինգ տարվա աշխատանքային պայմանագիր:

Առողջապահության բնագավառում նպատակային ուսուցմամբ կրթական ծրագրերով շրջանավարտներն առնվազն տասը տարի անընդմեջ աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն յոթը նույն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի մոտ կարող են ստանալ սոցիալական երաշխիքներ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Ա.Զեյնալյանն ասաց, որ այս փոփոխությունը շատ կարևոր է այն համատեքստում, որ առաջիկայում  պլանավորում են գնալ ապահովագրական բժշկության, որպեսզի կարողանան բնակչությանը պատշաճ բժշկական օգնություն և ծառայություն մատուցեն:

Քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասաց, որ արդեն իսկ մի շարք ծրագրեր իրականացնում են, որն, իրենց կարծիքով, բավականաչափ չէ, այս նախագիծը հնարավորություն կտա ընդլայնել ու ավելի ուժեղացնել այդ ծրագրերը։

 

«Օրինակ, նպատակային օրդինատուրային ծրագիրը. 6 տարի սովորելուց հետո եթե մրցութային կարգով ընդունվում են օրդինատուրա,  ավարտելուց հետո, նայած թե որ մասնագիտությունների կարիքն ունենք մարզերում, այդ մասնագիտություններով են օրդինատուրայի տեղերն իջեցվում: Եթե ընդունվում են, սովորելուց, ավարտելուց հետո պարտավորվում են 3 տարի ժամկետով աշխատել մարզերում:  Ծրագիրը բավականին հաջողությամբ ընթանում է, մեր թափուր տեղերը համալրում ենք այս ծրագրի միջոցով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այլ ծրագրեր ևս կան:

 

Հանձնաժողովն ընդունեց օրենքի նախագիծը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ