Գլխավոր էջ Գլխավոր Ես ծխողների կյանքը չեմ բարդացնում, ես ուզում եմ, որ ՀՀ-ում հազարավոր մարդիկ...

Ես ծխողների կյանքը չեմ բարդացնում, ես ուզում եմ, որ ՀՀ-ում հազարավոր մարդիկ չմահանան ծխախոտից

468
0

Առողջապահության նախկին նախարար, պատգամավոր Արսեն Թորոսյանը Հանրայինի եթերում անդրադարձել է այսպես կոչված հակածխախոտային օրենքին, որի համաձայն՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վաճառասրահներում ծխախոտի ցուցադրման արգելքը, իսկ մարտի 15-ից ծխելը կարգելվի նաև հանրային բաց և փակ վայրերում։

«Այս երկու միջոցներն էլ երկար տարիներ ապացուցված է, որ ազդում են ծխողների թվի նվազեցման վրա։ Այսինքն, եթե մենք ունենում ենք ծխախոտային արտադրատեսակների գովազդի կամ մարկետինգային այլ միջոցառումների, դրա մեջ է նաև ցուցադրությունը, տուփերի ձևավորումը և նաև օգտագործման սահմնափակումը տարբեր վայրերում, ինչպես հիմա է, երբ չի կարելի ծխել դպրոցներում, մանկապարտեզներում, պետական հաստատություններում, մշակութային վայրերում, հիվանդանոցներում։ Ավելի ենք ընդլայնում այդ ցանկը և խոսքը փակ և բաց հանրային վայրեր մասին չէ, այլ՝ փակ և բաց հանրային սննդի վայրերի մասին։ Ապացուցված է, որ դա ազդում է ծխողների թվի նվազեցման վրա»,-նշել է Թորոսյանը։

Ըստ նրա՝ կան նաև այլ գործիքների, ինչպես օրինակ կրթությունը, այդ թվում և դպրոցական կրթությունը, որը ըստ նախկին նախարարի՝ այքան էլ մեծ ազդեցություն չի ունենում։

«Կա նաև ամենաուժեղ ազդեցության գործիքը, դա ծխախոտային արտադրատեսակների գինն է աշխարհում և այդ առումով էլ ենք մենք դրախտային վիճակում ծխողների համար։ Երևի թե աշխարհի ամենաէժան երկիրն է։ Ստացվում է, որ հասանելիությունն այնքան մեծ է, որ մարդիկ չեն մտածում ծխելու ֆինանսական բեռի մասին, ի տարբերություն այն երկրի որտեղ ծխախոտի մեկ տուփը կարող է արժենալ 10 կամ 15 դոլար»,-հայտնել է Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նոր կարգավորումները վաղուց պետք է արվեին, բայց ընդդիմախոսների հետ բանակցությունների արդյունքում, մի քիչ տնտեսությանը ժամանակ տալու համար, որոշում ընդունվեց, որ դրանք հետաձգված կկիրառվեն․«Օրենքն ընդունվել են 2020 թվականի սկզբում, հիմա 2022 թվականն է։ Օրենքի ընդունումից հետո բոլորն իմացել են, որ այս օրը գալու է և օրենքը պետք է մտնի ուժի մեջ»։

Պատասխանելով լրագրողի հարցին նա նաև ասաց, որ չի ծխում։

«Ես ծխողների կյանքը չեմ բարդացնում, ես ուզում եմ, որ ՀՀ-ում հազարավոր մարդիկ չմահանան ծխախոտից, ծխելուց։ Ես ուզում եմ, տասնյակ հազարավոր երեխաներ չսկսեն ծխել և չդառնան կախված այդ վնասակար սովորությունից, այլ կախված լինեն առողջարար և իրենց կյանքը բարելավող սովորություններից»,-նշել է Թորոսյանը։   

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ