Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է կատարվում առողջապահության առանց այդ էլ փոքր բյուջեում

Ի՞նչ է կատարվում առողջապահության առանց այդ էլ փոքր բյուջեում

609
0

Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում հանրային առողջապահական ծախսերը կազմում են շուրջ 1,3%, որը Առողջապահության համաշխարհային կազմակերության եվրոպական տարածաշրջանի ամենացածր ցուցանիշներից մեկն է: Ընդունված է համարել, որ ցածր հանրային ծախսերը հանդիսանում են բժշկական ծառայությունների դժվարամատչելիության հիմնական պատճառը, երբ մարդիկ չեն դիմում բժշկի կամ հրաժարվում են բուժումը շարունակելուց գումար չունենալու պատճառով, կամ էլ սնանկանում են սեփական միջոցներց բժշկական օգնության դիմաց վճարելու հետևանքով:

Սակավ ռեսուրսների պայմաններում, առաջին պլան է գալիս եղած միջոցների արդյունավետ բաշխումը տարբեր ծրագրերի միջև` հնարավորինս շատ մարդկանց առավել մեծ ծավալով կարևոր ծառայություններով ապահովելու նպատակով: «ՀՀ 2019թ.-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով առողջապահության համար նախատեսված է եղել շուրջ 90,6 մլրդ դրամ, որը վերանայվեց 2019թ.-ի ընթացքում հասնելով շուրջ 103,8 մլրդ դրամի (http://minfin.am/hy/page/grafik): Սա առողջապահության բյուջեի ամենաէական ավելացումն էր վերջին տարիների ընթացքում, ինչը միանշանակ ողջունելի է և խոսում է կառավարության մակարդակում առողջապահությունը, որպես գերակայություն ընկալելու մասին:

Տրամաբանական է ենթադրել, որ սահամափակ ֆինանսավորման պայմաններում որ այս գումարները պետք է համամասնաբար բաժանվեն առավել կարևոր ծրագրերի միջև` ապահովելով ծառայությունների մաուցումը մեր քաղաքացիներին: Սակայն, ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի «ինտերակտիվ բյուջե» հատվածի ուսումնասիրությունը ի հայտ է բերում առողջապահության բյուջեի կատարողականի մտահոգիչ պատկեր, որը խոսում է առկա ռեսուրսների անարդյունավետ բաշխման, շահառուների խմբերի ու պետական պատվերի շրջանակներում հասանելի ծառայությունների վերանայման անհրաժեշտության, դրամաշնորհային ծրագրերի կառավարման ցածր որակի, ինչպես նաև կապիտալ ներդրումների համապատասխանեցումը երկրի իրական պահանջներին:

Եվ այսպես, 2019թ.-ի 9-րդ ամսվա տվյալներով համաձայն վերոնշյալ կայքում զետեղված տվյալների առողջապահության համար նախատեսված միջոցներից ծախսվել է ընդամենը 54%, եթե ենթադրենք, որ 9-րդ ամսվա վճարումները դեռևս չեն իրականացվել ապա առաջին 8 ամիսների վճարումները պետք է կազմեին շուրջ 66%, ինչը աննուղղակի հաստատվում է արտահիվանդանոցային ծառայությունների կատարողականը` 63%, որն իրականացվում է ըստ մարդաշնչի սկզբունքով և գործնականում կախված չէ ծրագրերի կառավարման արդյունավետությունից:

Ծայրահեղ ցածր է, օրինակ ահռելի բյուջեով` շուրջ 8,6 մլրդ դրամ, առողջապահության այլ դասերին չպատկանող ծրագրի կատարողականը` 26%, որտեղ առանձնանում են և պարզաբանման կարիք ունեն Գլոբալ Հիմնադրամի դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի ցածր ցուցանիշները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ դրամից ավել:

2 մլրդ դրամից ավել նախատեսվել և դեռևս չի ծախսվել ու, հավանաբար մինչև տարեվերջ չի  էլ ծախսվի առողջապահական հիմնարկների վերազինման վրա, ընդ որում հանրությանը չի պարզաբանվել սարքավորումների ընտրության չափանիշները, օրինակ՝ ինչու չի  նախատեսվել այդքան անհրաժեշտ ՊԵՏ շերտագրի և դրա աշխատանքի համար անհրաժեշտ այլ սարքավորումների գնումը:

Պետք է պարզաբանվի մարդկանց առողջության համար կարևորագույն իմունականխարգելման ծրագրով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը, այսպես համաձայն ինտերակտիվ բյուջեի տվյալների 2019թ.-ի սեպտեմբերի դրությամբ նախատեսված 2,3 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 511 մլն-ը:

Այս բոլոր միջոցները նախատեսված են մարդու առողջության պահպանման ու վերականգնման համար, և եթե դրանք չեն ծառայում իրենց նպատակին, կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել պլանավորման, բյուջետային ծրագրավորման, ֆինանսական միջոցների կառավարման սխալ:

Ծայրահեղ ցածր է ԱԱՊ օղակում դեղորայքային ապահովման ծրագրի շրջանակներում ծախսված գումարների ցուցանիշը, ինչը խոսում է համակարգային խնդիրների մասին թե ԱԱՊ օղակում, թե առողջապահության համակարգում, քանի որ անհրաժեշտ դեղորայքով ապահովումը համարվում է այնպսի հիվանդությունների բարդությունների կանխարգերլման լավագույն միջոցը, ինչպիսինն են, օրինակ ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, բրոնխիալ ասթման և այլն: Այստեղ տեղին է հիշել, որ մի քանի ամիս առաջ կառավարությունն ընդլայնեց շահառուների ցանկը, որը ըստ էության չի անդրադարձել ծրագրի վրա:

Այս ամիսների ընթացքում ծախսված գումարները կազմել են ընդամենը 44%:

Առկա են նաև մի շարք այլ ծրագրեր, որոնցով ծախսված գումարներ չկան և հարցական է՝ արդյոք հնարավոր կլինի դրանց ծախսելը մինջև տարեվերջ՝ մնացած ժամանակահատվածի ընթացքում:

Բյուջետային կարգապահությունը սահմանափակ ռեսուրսների պարագայում արդյունավետության կարևոր նախապայման է, որը ստվեր է գցում ոլորտի կառավարման ունակության վրա:

Հ.Գ. Որոշ խնդիրներ առկա են նաև ծառայությունների մատուցման գործընթացի ուսումնասիրությունում, որոնց կանդրադառնամ հաջորդիվ հրապարակումներում:

Նյութի հեղինակ՝ Երեմյան Մարինե

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ