Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԱԶԱՆԳ․ ոտք չունեցող, առողջական խնդիրներով մարդկանց անօթևանների կացարանից հանում են

ԱՀԱԶԱՆԳ․ ոտք չունեցող, առողջական խնդիրներով մարդկանց անօթևանների կացարանից հանում են

599
0

Medmedia.am-ին ահազանգեցին մի խումբ քաղաքացիներ և տեղեկացրեցին, որ իրենք Վարդաշենի անօթևանների կացարանի բնակիչներ են և առավոտյան տնօրենը՝ Շավարշ Խաչատրյանը տեղեկացրել է, որ արդեն դեկտեմբերի 31-ին իրենք պետք է կացարանը ազատեն։

«60 տարեկան մարդ եմ, թոքերի հիվանդ, ինչպե՞ս ամսի 31-ին կացարանը ազատեմ, Նոր տարվա դեմ մեզ նվեր են անում հա՞։ Մեզ ասում են ձեր խոդով գնացեք 4-րդ գյուղի ծերանոց։ Տնօրենը ասաց, որ սոցապ նախարարությունը տենց որոշումա կայացրել։ Մեզ հանում են, սաղիս, մարդ կա, որ ոտքերը կտրվածա, ոնցա՞ ետ մարդը գնալու էս ձմեռվա կեսին։ Տնօրենը պրյամո ասեց, որ իր հետ կապված խնդիր չի, ինքը ասեց, որ ձմեռվա էս սառնամանիքին չէր ուզի մեզ հաներ։Համարյա էտ 93 հոգուց 80 հոգի ինվալիդ են, ոնց են էտ մարդիկ գնալու հասնեն 4-րդ գյուղ, բան չեն ասել, ոնց գնանք, ու՞ր գնանք, ինչ միջոցներով»,-մեզ հետ զրույցում ասաց 60-ամյա Արտեմ Մկրտչյանը։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից է խնդիրը․

«Կամայականության սկզբունքով այս տարի պայմանագիրը մեզ հետ չեն շարունակում։ Ես մարդկանց տեղեկացրել եմ, որ եթե պետությունը չի ֆինանսավորում, ես ոչ մի իրավական հիմք չունեմ 93 անօթևանի պահելու։ Բոլորը պետք է 4-րդ գյուղ տեղափոխվեն, ոչ մեկ չի զբաղվում, ոնց են գնալու, ով է տանելու, պայմանագրի ժամկետը դեկտեմբերի 31-ին լրանում է, ես շենքից նրանց այդ օրը պետք է դուրս հանեմ։ Մենք 2004 թ-ից զբաղվում ենք անօթևաններով, սկզբից մենք պահում էինք 40 հոգի, պետությունը՝ 60 հոգի, 2014թ-ից միացրեցին մեզ, հիմա եթե համաֆինանսավորում չունենք, չենք կարող բոլորին պահել։ Պետության հոգսը հիմնադրամը թեթևացնում էր, պետությունը ֆինանսի մի մասն էր տրամադրում։ Եթե պետությունը կարող է տանել պահել, թող տանի պահի»,-նշեց տնօրենը։

Հարցին՝ հնարավոր չէ՞ գոնե այս ցուրտ ամսին մարդկանց պահել կացարանում, Շավարշ Խաչատրյանը նշեց, որ այդ հարցով պետք է զբաղվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ