Գլխավոր էջ Գլխավոր «Մարդիկ կան, ովքեր ասում են՝ ավելի լավ է մահանամ, քան պատվաստվեմ»․ Դավիթ...

«Մարդիկ կան, ովքեր ասում են՝ ավելի լավ է մահանամ, քան պատվաստվեմ»․ Դավիթ Մելիք-Նուբարյան

440
0

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը Medmedia.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածության թվերի նվազմանը, նշել է, որ այն կապ ունի և վարակի բնականոն ընթացքի և որոշ միջոցառումների հետ։

«Թվերի նվազումը կապ ունի վարակի ուժգնության բնականոն մարման և ինչ որ առումով դեր է խաղացել ուսումնական հաստատությունների հեռավար դասապատրաստման պրոցեսի անցումը և հանրակրթական դպրոցներում արձակուրդի երկարացումը»,-նշել է բանախոսը։

Դիտարկմանը, թե այս ամենին զուգահեռ հանրային տրանսպորտում իրավիճակը բնավ չի հսկվել,մարդիկ ձևական դիմակը կրել են բերանի հատվածում և «գրկախառնված» երթևեկել, այդպիսով դառնալով վարակի տարածման աղբյուր, Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է, որ այդուհանդերձ այս երկու գործոնն իրենց նշանակությունը ունեցել են վարակի տեմպերի նվազեցման վրա․

«Կան նաև մի շարք գործոններ, որոնք հակառակ պրոցեսն են ունեցել, նպաստել են վարակի տարածմանը։ Արդեն երկու տարի է որ Հայաստանում մոլեգնում է անկառավարելի վարակ և մենք այս երկու տարիների ընթացքում  չկարողացանք անել ամենակարևորը, ձևավորել քովիդի դեմ պայքարի հանրային պահանջարկ։Սա համահայկական հարց էր, սա չէր կարող սահմանափակվեր մեկ գերատեսչությամբ կամ ամբողջ կառավարությամբ։ Այստեղ պետք է լիներ կառավարության և հասարակության փոխըմբռնումը»,-նշել է հանրային առողջության մասնագետը։

Ըստ բանախոսի՝ համավարակի պիկի օրերին, երբ օրական 80 քաղաքացի էինք կորցնում, հասարակության մեջ հարգանք վայելող որևէ անձնավորություն չկանգնեց և իր խոսքով պայքարի որևէ կոչ չարեց, նշելով, թե հարգելի հայ ժողովուրդ, այլևս անհնար է այսպես ապրել։

«Հայկական հասարակությունում 80 հոգի կորցնելը մեկ օրում, ընդունվում է նորմալ երևույթ, իմ համար գոնե չակերտավոր նորմալ։ Մարդիկ կան, ովքեր ասում են՝ ավելի լավ է մահանամ, քան պատվաստվեմ, ինչու՞ մահանաս, եթե կարելի է չմահանալ։ Կառավարության մակարդակում եղան բացթողումներ, հատկապես գերատեսչության նախկին ղեկավարության կողմից, որոնք մեծապես ազդեցին մարկանց ընկալման վրա։ Բայց հասարակության ակտիվ մասը, ով պետք է մնացածի մոտ կարծիք ձևավորեր, ինքն էլ չգիտակցեց դա։Այս իրավիճակի փոփոխությունը մենք չենք կարող ակնկալել մի մարդուց կամ մի գերատեսչությունից։ Կարելի էր այս հարցի շուրջ՝ անկախ քաղաքական տեսակետներից, հավաքվեին մարդիկ մի սեղանի շուրջ և հասկանային, որ այս անկառավարելի համաճարակը մաշացնում է հայ ժողովրդին, քար է գցում մեր տնտեսական զարգացման վրա, և եթե մենք հայ ժողովուրդ որպես չենք կարողանում այս պարզ հարցի շուրջ համախմբվել, էլ ուր մնացին մեր առջև կանգնած բարդ հարցերը»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ