Գլխավոր էջ Գլխավոր Քաղաքացիներին տուգանել, այնուհետև կատարել որոշման փոփոխությու՞ն

Քաղաքացիներին տուգանել, այնուհետև կատարել որոշման փոփոխությու՞ն

1788
0

Օրերս Վարչական դատարանը քննեց փաստաբան Արա Զոհրաբյանի ներկայացրած միջնորդությունը կասեցնելու առողջապահության նախարարի որոշումը, որով պարտադրվում էր բաց տարածքում դիմակ կրել։

Այնուհետև, դեկտեմբերի 17-ին, առողջապահության նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի «Հաշվի առնելով այն , որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը», նշված է ԱՆ-ի ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ բաց տարածքում դիմակի պարտադիր կրման պահանջից հետո մարդկանց զգալի մասը միևնույն է դիմակ չէր կրում։ Այդուհանդերձ, ոչ բոլորի նկատմամբ կիրառելով որոշման խստագույն պահանջի կատարումը՝ մի մասին տուգանում էին 10,000-ական դրամներ, մյուսներին՝ ոչ։ Դրսում կարելի էր հանդիպել առանց դիմակի շրջող քաղաքացիների, և կարծես, որևէ որոշում չկար այդ մասով, քանզի այնպիսի տպավորություն էր, որ այդ հատուկենտ անձինք, որոնք դրսում դիմակ էին կրում, դա ոչ թե ԱՆ-ի որոշմամբ էր պայմանավորված, այլ, պարզապես իրենց ցանկությամբ։

Ստացվում է, որ եթե փաստաբանը միջնորդություն չներկայացներ դատարան, որոշումը շարունակելու էր գործել և որևէ օգուտ չտար համաճարակի կանխարգելման համար, սակայն որոշ մարդիկ շարունակելու էին տուգանվել։ Իհարկե, ԱՆ-ն իրենց հայտարարության մեջ չի հիշատակում, թե ինչից հետո փոխվեց որոշումը, քանզի միայն ասվում է այն,որ հիվանդացության նվազում է նկատվում։ Սակայն, կարելի է ենթադրել, որ որոշման փոփոխության համար դատարան ներկայացրած միջնորդությունը նշանակություն է ունեցել։ Ստացվում է,որ միևնույն է դիմակ չկրելու համար տուգանեցին քաղաքացիներին, իսկ հիմա որոշման փոփոխություն են կատարում, իսկ թե ով է պատասխանատու այդ տուգանքների համար, դա հարց է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ