Գլխավոր էջ Վնասի նվազեցում Առաջին բուժօգնությունը կոտրվածքի դեպքում

Առաջին բուժօգնությունը կոտրվածքի դեպքում

2080
0

Վնասվածքի մասին լուր ստանալիս յուրաքանչյուր մարդու առաջին և միանգամայն օրինաչափ զգացողությունը վախն է: Այն հնարավոր է հաղթահարել, եթե հստակ պատկերացում լինի, թե նման իրավիճակներում ինչ է պետք անել: Նախ և առաջ պետք է պարզել վնասվածքի բնույթը: Ոչ ծանր վնասվածքները` վերջույթների կոտրվածք, հոդախախտ, ճում կամ պատռվածք, ավելի հաճախ են հանդիպում, քան կյանքին վտանգ սպառնացողները` գանգուղեղային, ողնաշարա-ողնուղեղային վնասվածքներ, զարկերակային արյունահոսություն: Վնասվածքի տեսակը պարզելուց հետո անհրաժեշտ է անհապաղ գործի անցնել. առաջին օգնություն ցուցաբերել, մասնագետների խումբ հրավիրել, կազմակերպել տուժածի տեղափոխումը:

Ուշադրություն. Շտապ օգնություն կանչելիս նշեք վնասվածքի բնույթը, որպեսզի հերթապահը կողմնորոշվի և համապատասխան որակավորման մասնագետ ուղարկի:

Վնասվածքների բնույթը

Ձմռան ընթացքում ամենատարածված վնասվածքները ճաճանչոսկրի, ազդրոսկրի կոտրվածքներն են: Ճաճանչոսկրի կոտրվածք ավելի հաճախ առաջանում է, երբ ընկնելիս ձեռքերն առաջ են պարզում: Կոճի ոսկրի կոտրվածքի սպառնալիքը մեծանում է բարձրակրունկ կոշիկ կրելիս: Տարեց մարդկանց մոտ` հատկապես կանանց, ավելի հաճախ հանդիպում է ազդրոսկրի վզիկի կոտրվածք:

Կոտրվածքի նշաններն են. վնասված ոսկրի կամ հարակից հոդերի ճնշման դեպքում սաստկացող ուժգին ցավ, արտահայտված այտուցվ ածություն, արյունազեղում, ոսկորի ճռթոց, վերջույթի խեղում և գործունեության խախտում:

Տուժածին տեղափոխելիս, հիշե’ք, որ մարմնի վնասված հատվածի ծանրաբեռնվածությունը պետք է նվազագույնի հասցնել: Օրինակ. ծնկոսկրի կոտրվածքի կասկածի դեպքում հետևեք, որ ցավող ոտքը գետնին չդիպչի:

Առաջին օգնություն ցուցաբերելիս գլխավոր խնդիրը վնասված հատվածի անշարժացումն է: Դրա համար կիրառվում են տեղափոխման շինաներ կամ ձեռքի տակ եղած նյութեր` տախտակներ, լայն մետաղալարեր, որպեսզի կանխվի ոսկրաբեկորների հետագա տեղաշարժերը և հարակից հոդերի ու նյարդարմատների վնասվածքը: Գործնականորեն ձեռնտու դիրքում վերջույթի անշարժացումը զգալի մեղմում է ցավը:

Շինա դնելու կարգը

Վերին վերջույթ: Ուսահոդը բարձրացրել այնպես, որ թևատակում հնարավոր լինի գլանափաթեթ դնել, ձեռքը ծալել արմնկային հոդում` դաստակը ափով ցած, ափի մեջ բինտ կամ բամբակի գունդ մտցնել, որպեսզի մատները մնան կիսածալ:

Ստորին վերջույթ Ազդրի կամ ծնկի կոտրվածքի դեպքում երկու հարակից հոդերն անհրաժեշտ է անշարժացնել ու ամրացնել ոտքի ուղիղ ձգված դիրքում:

Լարան դնելու կարգը

Եթե վնասված է վերին վերջույթը, լարանը դնել ուսամասի վերին մեկ երրորդում, ստորին վերջույթի դեպքում` ազդրի միջնամասում: Լարանի տակ մաշկը պետք է պաշտպանված լինի վիրակապով կամ հագուստով: Ռետինե լարանը ձգում են, 2-3 անգամ փաթաթում վերջույթին ու ամրացնում կեռիկով: Ցուրտ եղանակներին լարանը պահելու առավելագույն ժամկետը ստորին վերջույթների համար 90 րոպե է, վերին վերջույթների համար` 45 րոպե:

Ուշադրություն. Լարանի տակ անպայման երկտող դրեք` նշելով լարանը դնելու ստույգ ժամը և րոպեն:

Հոդախախտ և ջլերի ձգվածություն

Հոդախախտն ավելի հաճախ տեղի է ունենում ջլերի թույլ համակարգ ունեցող մարդկանց մոտ: Չափից դուրս ծանրաբեռնվելու դեպքում ջլերը չեն կարողանում ոսկրի գլխիկը պահել հոդափոսում: Հոդախախտի դեպքում վերջույթը դեֆորմացվում է, մեծանում, այն ասես շրջված լինի: Ոչ մի դեպքում չփորձել հոդախախտն ուղղել ինքնուրույն, դա պիտի անի մասնագետը: Հոդախախտով տուժածին անհրաժեշտ է հասցնել բուժ. հիմնարկ: Առաջին օգնության հիմնական խնդիրը ցավազրկումն է:

Մերկասառույցի ժամանակ, երբ ոտքերը բառացիորեն …փախչում են տակից, բավական տարածված վնասվածք է ճումը: Այս դեպքում շարժելուց ցավը սաստկանում է, բայց կոտրվածքից ավելի մեղմ է: Վնասվածքի ենթարկված հոդի ծավալը նկատելի մեծանում է: Առաջին օգնության ժամանակ անհրաժեշտ է պահել հանգիստ դիրքում, ցավազրկել, կատարել տեղային սառեցում` թեկուզ վրան սառույց դնելով:

Ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ

Ողնաշարի վնասվածքները սովորաբար առաջանում են բարձրությունից ընկնելիս: Արտահայտվում են մեջքի սուր ցավով, վնասված մասից ներքև շարժողական ֆունկցիայի և զգացողության թուլացմամբ կամ բացակայությամբ: Առաջին օգնությունը համապատասխան միջոցներով ցավազրկելն ու հանգստացնելն է: Անհրաժեշտ է հիվանդին անհապաղ հասցնել հիվանդանոց` նյարդավիրաբուժական բաժին: Տուժածին անհրաժեշտ է տեղափոխել հնարավորինս կոշտ մակերեսի վրա, որպեսզի կասեցվի ողնուղեղի վրա որևէ ճնշում:

Գանգուղեղային վնասվածքները (ԳՈՒՎ) առաջանում են գլխին հարված ստանալու կամ գլխի վրա ընկնելու հետևանքով: ԳՈՒՎ-ին բնորոշ է գիտակցության տարբեր աստիճանի արտահայտված խանգարումները: Տուժածին պետք է պառկեցնել կոշտ մակերեսի վրա, գլուխը բարձրացնել, թեքել կողքի և հանգիստ թողնել: Եթե արյունահոսող վերքեր կան, անհրաժեշտ է գլխին սեղմող հականեխիչ վիրակապ դնել: Օտարածին մարմիններն ու ոսկրաբեկորները չպետք է հեռացնել: Անհապաղ կանչել Շտապ օգնություն:

Արյունահոսություն

Բոլոր վերքերն ու վնասվածքների մեծամասնությունը ուղեկցվում են ներքին կամ արտաքին արյունահոսությամբ: Ամեն մի արյունահոսություն պահանջում է անհապաղ օգնություն, քանի որ կարճ ժամանակահատվածում կարող է տուժածի վիճակը վատթարանալ: Երակային կամ մազանոթային թեթև արյունահոսությունը դադարեցնում են սեղմող վիրակապի օգնությամբ: Զարկերակային արյունահոսության դեպքում դնում են լարան: Վերքը մեկուսացնում են մանրէազերծ անձեռոցիկներով և բամբակից ու բինտից ամրակայված գլանափաթեթով: Ամեն դեպքում առաջին օգնությունը ժամանակավոր բնույթ է կրում, վերջնական միջոցառումները իրականացվում են բուժական հաստատություններում:

Ցավազրկող և հանգստացնող դեղամիջոցները` գլխավոր օգնականներ

Բոլոր վնասվածքները ուղեկցվում են ցավով, ցավի գոյությունն իր հերթին վկայում է վնասվածքի մասին: Ցավն ունի ոչ միայն պաշտպանական հատկություն` որպես օրգանիզմում կատարվող լուրջ փոփոխությունների ահազանգ, այլև կարող է բերել մի շարք բարդություններ: Վառ օրինակ է ցավային շոկը: Ցավը վերացնելուց զգալիորեն թեթևանում է հիվանդի վիճակը:

Տարբեր վնասվածքներ ուղեկցվում են տարբեր աստիճանի ցավային համախտանիշով և պահանջում են համապատասխան ցավազրկման միջոցներ: Ցավազրկող միջոցների զինապահեստը ներառում է դեղամիջոցների մի քանի խումբ` ցավազրկող թմրանութերից (մորֆին և ֆենիլպիպերիդին) մինչև ոչ թմրանյութային պիրազոլոններ և մի քանի պարա-ամինոֆենոլներ:

Առաջին օգնության ժամանակ կարելի է ներարկել ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ:

Վնասվածքները հաճախ ուղեկցվում են հույզերի պոռթկումով, որոնք կարող են ամենատարբեր դրսևորումն եր ունենալ. մեղմ լաց, խելահեղ հեկեկոց, գրգռվածություն, հիստերիայի հասնող ծիծաղ: Նման դեպքերում արդարացված է հանգստացնող միջոցն երի կիրառումը: Մի կողմից դրանք օգնում են մարել բացասական հույզերը, մյուս կողմից տուժածին հավատ են ներշչում դեպի բուժ անձնակազմն ու բուժման մեթոդները: Հանգստացնելու նպատակով կարելի է կատվախոտ (վալերիանա) պարունակող դեղամիջոցներ օգտագործել, առավել ծանր դեպքերում` հակատագնապային (տրանկվիլիզատորներ) միջոցներ:

Երբ ճգնաժամն անցել է

Որպես կանոն, դեղագործին դիմում են վնասվածքից որոշ ժամանակ անց` խնդրելով որևէ դեղամիջոց: Հարկավոր է համոզվել, որ հրավիրվել է բժիշկ և տուժածը գտնվում է հսկողության տակ: Այդ դեպքում կարելի է առաջարկել ցավազրկողներ, վիտամինային և կալցիում պարունակող դեղամիջոցներ: Վնասվածքի և ճումի դեպքում առաջարկել հակաբորբոքային, հակաայտուցային միջոցներ, ցավազրկող քսուք կամ դոնդող: Ամեն դեպքում պետք է հիշել, որ ինչ խնդրով էլ դիմեն, արդյունավետ բուժման կարևոր բաղկացուցիչ մասը հաջողության հանդեպ հավատն է, ժպիտն ու լավ տրամադրությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ