Գլխավոր էջ Գլխավոր Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում, Օմիկրոն շտամ, սպասվող սահմանափակումներ․ ի՞նչ է հայտնի

Սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում, Օմիկրոն շտամ, սպասվող սահմանափակումներ․ ի՞նչ է հայտնի

1452
0

Համաճարակային իրավիճակն այս պահին գնահատվում է կայուն, ունենք նոր դեպքերի նվազում և վերջին 14 օրվա դեպքերի վերլուծության արդյունքում կա 30 տոկոս նվազում՝ ի համեմատ նախորդ 14 օրերի։ Վարակի վերարտադրողականության ցուցանիշը դեռ 1-ից ցածր է, ինչը խոսում է վարակի տարածման տեմպերի նվազման մասին։ Այս մասին օրերս 1in.am-ի տաղավարում ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Ունենք ակտիվացում սուր շնչառական վարակների արձանագրման տեսանկյունից, իհարկե գտնվում ենք սեզոնի շեմին, այսինքն՝ չենք կարող ասել, որ շատ ավելի բարձր թվեր ունենք, բայց իհարկե ակտիվացում կա թե ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության առումով, շտապօգնության դիմելիության առումով և հոսպիտալացման առումով»,-նշել է նա։

Աբովյանի խոսքով՝ շատ դեպքերում լինում են նաև համավարակներ՝ Կորոնավիրուսային հիվանդություն և գրիպ միաժամանակ, ինչը բնականաբար, ծանրացնում է տվյալ մարդու մոտ հիվանդության կլինիկական ընթացքը։

Անդրադառնալով նախորդ տարվա հետ համեմատությանը՝ նա հայտնեց․«Իհարկե համեմատելի չէ, քանի որ 2020  թվականին մենք չենք ունեցել շրջանառու հարուցիչներ և ընդհանուր առմամբ վարակիչ հիվանդությունների առումով՝ բացառությամբ կորոնավիրուսային հիվանդությանը, բավականին բարվոք համաճարակային իրավիճակ է եղել»։

Նա նշեց, որ բոլոր այն միջոցառումները, որոնք ներդրվում են ՀՀ-ում՝ մշակվում են ուսումնասիրությունների արդյունքում, թե այլ երկրների փորձի, թե Առողջապահության համաշխարհային կազմակերպության և շատ այլ առաջատար կազմակերպությունների առաջարկների հիման վրա, ինչպես նաև այդ միջոցառումները տեղայնացվում են՝ ելնելով ՀՀ առանձնահատկություններից։

Անդրադառնալով հունվարից սպասվող սահմանափակումներին՝ նա հայտնեց․«Նման միջոցառումները համատարած կիրառելը անարդյունավետ կլինի այն առումով, որ իրենք չեն կիրառվի որպես այդպիսին։ Նման միջոցառումները մշակվում են ռիսկի գնահատման արդյունքում, այսինքն՝ գնահատվում է ռիսկը, թե որ կազմակերպություներն են ավելի ռիսկային»։

Օմիկրոն շտամին անդրադառնալով՝ նա ասաց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությնն այն դասում է անհանագստություն առաջացնող շտամների դասին և նշվում է, որ շատ ավելի արագ է տարածվում, վարակելիությունը շատ ավելի բարձր է, քան Դելտա շտամը, սակայն այլ ապացուցողական տեղեկատվություն չկա։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ