Գլխավոր էջ Գլխավոր ՊՇՌ թեստ 7 օրը մեկ․ ի՞նչ սպասել

ՊՇՌ թեստ 7 օրը մեկ․ ի՞նչ սպասել

1139
0

Դեկտեմբերի 1-ին Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ յուրաքանչյուր 7 օրը մեկ անհրաժեշտ է գործատուին ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ։ Եթե ասենք, որ նորությունը զարմացրեց կամ անսպասելի էր, բնականաբար սխալ կլինի, քանի որ այդպես չէ և հավանական փոփոխության մասին լուրերը շրջանառվում էին։ Իհարկե, նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ նշված են նաև այն դեպքերը, երբ բացասական թեստի առկայությունը պարտադիր չէ։ Այսպես, բացառություն են կազմում ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում COVID-19-ով հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ոչ հեռու անցյալում թեստի բացասական արդյուքը ներկայացնելը պարտադիր էր 14 օրը մեկ, ի դեպ քաղաքացիները թեստի համար վճարում են սեփական գրպանից։ Այսպիսով ստացվում է, որ քաղաքացիներին մեղմ ասած դնում են բարդ իրավիճակում՝ պահանջելով թեստի արդյունքները ներկայացնել 7 օրը մեկ։ Ի վիճակի է արդյո՞ք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 7 օրը մեկ թեստ հանձնել։ Հարցը բնավ հռետորական չէ, այլ՝ ավելի քան պատասխան է ակնկալում։ Ենթադրվում է, որ Առողջապահության նախարարությունում կարծում են, որ քաղաքացիները կարող են դա անել կամ, գուցե, այդ հարցը նրանց չի մտահոգում, փոխարենը նրանք ցանկանում են քաղաքացիներին անվճար պատվաստել՝ կանխելու համար վարակի տարածումը։

Իսկ ի՞նչ սպասել այս պարագայում։ Կարող ենք ենթադրել, որ այնուամենայնիվ, այն քաղաքացիներն, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով հետաձգում էին իրենց պատվաստվելը, հիմա միանշանակ կպատվաստվեն, չի բացառվում, որ պոլիկլինիկաներում նորից կլինեն հերթեր, Քովիդով վարակման օրական թվերը կավելանան, մահացությունների ցուցանիշները չեն նվազի, իհարկե, բացառված չէ, որ այսպես չի լինի։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ