Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նոր կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալներն աշխարհում

Նոր կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալներն աշխարհում

580
0

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար աշխարհի տարբեր երկրներ զանազան սահմանափակումներ են կիրառում: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիան հայտարարել է, որ կփակի սահմանները եվրոպական 5 երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ:

Ավստրալիայի մի քանի նահանգներ արտակարգ դրություն են հայտարարել: ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում փակվել են բարերը, ռեստորանները և գիշերային ակումբները:

Ռուսաստանը սահմանափակել է ավիահաղորդակցությունը Եվրոպական միության, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ: Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակել էր չվերթները դեպի այն երկրներ, որտեղ կորոնավիրուսն առավել շատ է տարածված: Սահմանափակվել է ցամաքային հաղորդակցությունը Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի և Լատվիայի հետ:

Վիրուսի էպիկենտրոն Չինաստանում գրանցվել է վարակի ընդամենը 4 դեպք, մնացած 12 դեպքերը բերվել են արտերկրից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում հասել է 10 հազարի: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 80.860 դեպք: Վարակվածներից 67.758-ն ապաքինվել է, 3213-ը՝ մահացել:

Իրանում արձանագրվել է վարակի 13.938 դեպք, որոնցից 4590-ը ապաքինվել է, 724-ը՝ մահացել:

Իտալիան շարունակում է մնալ նոր կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը Եվրոպայում: Այնտեղ մեկ օրում նոր կորոնավիրուսի 3590 նոր դեպք է արձանագրվել. ախտահարվածների թիվը հասել է 24.747-ի: Իտալիայի իշխանությունները հայտարարել են մահվան դեպքերի կտրուկ աճի մասին՝ մեկ օրում 368 մարդ: Իտալիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 1809 մարդ, 2335-ը բուժվել է:

Իսպանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 7845 դեպք, որոնցից ապաքինվել է 1137-ը, մահացել՝ 292-ը: Գերմանիայում և Ֆրանսիայում վարակակիրների թիվը գերազանցել է 5000-ը: ԱՄՆ-ում 3782 հիվանդներից 73-ը բուժվել է, 69-ը՝ մահացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ