Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է COVID-19-ով վարակման դեպքերի թիվը նվազում Ճապոնիայում եւ Հնդկաստանում

Ինչո՞ւ է COVID-19-ով վարակման դեպքերի թիվը նվազում Ճապոնիայում եւ Հնդկաստանում

478
0

Ճապոնիայում եւ Հնդկաստանում COVID-19-ով վարակման եւ մահվան դեպքերը վերջին օրերին կտրուկ նվազել են, ինչը շատ է զարմացնում մասնագետներին։ Դեկտեմբերի 4-ին Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 8603 նոր դեպք. ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող պետության համար սա շատ փոքր թիվ է։ Ավելին, այդ օրը ոչ ոք չի մահացել COVID-19-ից։ Ընդ որում, ներկայումս Հնդկաստանի բնակչության միայն 33.6 տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։

 

Ինչ վերաբերում է Ճապոնիային, ապա 3 ամիս առաջ օրական արձանագրվում էր վարակման 26000 նոր դեպք, իսկ այսօր Ճապոնիայում 200-ից քիչ նոր վարակման դեպք է գրանցվում, իսկ կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահվան դեպքեր չկան։

 

Ինչո՞ւ են վարակման ու մահվան դեպքերը նվազել այս երկրներում, թեեւ եվրոպական երկրներում այդ թիվը շարունակում է աճել:

 

MK.RU-ի փոխանցմամբ՝ ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում կորոնավիրուսի «ինքնաոչնչացում» է գրանցվել՝ այն «կոտրվել» է բազմաթիվ մուտացիաների կուտակման պատճառով։

 

Բացի այդ, Ճապոնիայում մարդիկ բարեխղճորեն դիմակներ են կրում, ախտահանում են ձեռքերը, սոցիալական հեռավորություն են պահպանում, եւ շատերն անցել են հեռավար աշխատանքի։ Զանգվածային միջոցառումներ ու տոներ չեն անցկացվում, եւ այդ ամենը չէր կարող իր դերը չունենալ։ Ավելին, դեկտեմբերի 1-ից ճապոնացիները որոշել են չընդունել օտարերկրացիներին։

 

Հնդկաստանում այժմ մուտքի եւ ելքի բավականին խիստ կանոններ են գործում. այն ուղեւորները, ովքեր հիվանդության ախտանիշներ ունեն, պետք է անհապաղ մեկուսացվեն եւ տեղափոխվեն բժշկական հաստատություն: Եթե ​​ուղեւորներից մեկի թեստը դրական լինի, ապա ոչ միայն նա կանցնի կարանտին, այլեւ` նրա կողքին, երեք շարք առջեւում եւ երեք շարք հետեւում նստածները։

 

Վիրուսաբանները վարակման մահացության դեպքերի նվազումը կապում են նաեւ հիվանդների բուժման մեջ փոփոխությունների հետ: Նշվում է, որ որոշ շրջաններում թույլատրվել է հիվանդներին բուժել էժանագին հակամակաբույծ ivermectin դեղամիջոցով։

 

Մասնագետների կարծիքով՝ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այս երկրներում, հատկապես՝ օմիկրոն նոր շտամի տարածման ֆոնին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ