Գլխավոր էջ Նորություններ Կրծքի ռեկոնստրուկցիա պացիենտուհու հյուսվածքների օգտագործմամբ․ Ֆինլանդիայից մասնագետը Հայաստանում վիրահատել է պացիենտուհիների

Կրծքի ռեկոնստրուկցիա պացիենտուհու հյուսվածքների օգտագործմամբ․ Ֆինլանդիայից մասնագետը Հայաստանում վիրահատել է պացիենտուհիների

2292
0

Մաստէկտոմիայից հետո շատ կանայք մտածում են պլաստիկ վիրահատության մասին, որի օգնությամբ հնարավոր է վերականգնել կորցրած կուրծքը։ Ամենից հաճախ նման կանանց իմպլանտներ են առաջարկում։ Այնուամենայնիվ, կան կրծքի ռեկոնստրուկցիայի այլ մեթոդներ, այդ թվում՝ օգտագործելով հենց պացիենտուհու հյուսվածքները։

 

Նման վիրահատություններ արդեն կատարվում են Հայաստանում։ Հելսինկիի համալսարանի համալսարանական հիվանդանոցից (Ֆինլանդիա) Երևան է ժամանել պլաստիկ վիրաբույժների խումբը՝ պրոֆեսոր Սինիկկա Սուոմինենի գլխավորությամբ, ով մասնագիտացած է պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ՝ օգտագործելով պացիենտուհու հյուսվածքները։

 

Մի քանի օրում Սինիկկա Սուոմինենը և նրա գործընկերները հայ մասնագետների հետ համատեղ 5 բավական բարդ վիրահատություն են կատարել Վ.Ա. Ֆանարջյանի անվ․ ուռուցքաբանության ազգային կենտրոնում, սակայն այցի նպատակը ոչ այդքան վիրահատություններ կատարելն էր, որքան հայ մասնագետներին վիրահատություններ կատարելու տեխնոլոգիաները սովորեցնելը։

 

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Սուոմինենը նշեց, որ ինքը և իր գործընկերները քթի ռեկոնստրուկցիայի շատ բարդ վիրահատություն են կատարել, և կրծքի ռեկոնստրուկցիայի 4 վիրահատություն։

 

Առաջին պացիենտուհու դեմքին քթի մի մասի հետ քաղցկեղային ուռուցքի հեռացումից հետո հսկայական կոսմետիկ թերություն կար։ Պրոֆեսոր Սուոմինենի խոսքով՝ քթի ռեկոնստրուկցիան շատ  բարդ էր, և մեկ վիրահատությունը սովորաբար բավարար չէ, պահանջվում է 4-5 վիրահատություն։ Սկզբում մասնագետները պացիենտուհու դեմքին փոխպատվաստել են նրա մարմնի այլ հատվածից վերցված փափուկ հյուսվածքները, սակայն աշխատանքը դեռ ավարտված չէ. մի քանի ամիս հետո, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի փոխպատվաստել աճառային հյուսվածքները (որը կարելի է վերցնել, օրինակ, հիվանդի ականջից), որպեսզի ստացվի քթի ցանկալի ձևը։

 

Այս դեպքը բարդ է այնքանով, որ պացիենտը, ով մոտ 50 տարեկան է, ունի ծանր ուղեկցող հիվանդություններ և ընդունում է դեղամիջոցներ, որոնք բացասաբար են ազդում վերքերի ապաքինման ընթացքի վրա։

 

Մնացած 4 վիրահատությունները, ինչպես արդեն նշվեց, մաստեկտոմիայից հետո կրծքի վերականգնման համար են։ Սակայն իմպլանտների փոխարեն մասնագետներն օգտագործել են հենց պացիենտուհու որովայնի ստորին հատվածից վերցված հյուսվածքը։ Սովորաբար փոխպատվաստման համար վերցվում է մաշկը՝ ճարպային շերտի և անոթների հետ միասին, որոնք միկրովիրաբուժական վիրահատության ընթացքում միանում են այն հատվածի անոթներին, որտեղ նոր հյուսվածքները փոխպատվաստվում են, որպեսզի դրանք նորմալ մատակարարվեն արյունով։

 

Փոխպատվաստման համար նախատեսված հյուսվածքը կարելի է վերցնել նաև մարմնի այլ հատվածներից, օրինակ՝ մեջքից կամ ազդրի ներսի հատվածից։ Այս այցի ընթացքում մասնագետները հյուսվածք են վերցրել միայն որովայնից, սակայն, ըստ պրոֆեսոր Սուոմինենի, հետագայում հնարավոր է, որ այլ վիրահատություններ անեն հայ գործընկերների հետ։

 

Վիրահատությունից որոշ ժամանակ անց, երբ այտուցները կիջնեն, մասնագետները պացիենտուհիների նոր կրծքերի վրա կձևավորեն պտուկներ։ Այնուհետև դաջվածքի օգնությամբ հնարավոր կլինի ստանալ  պտուկի շուրջ օրեոլան, և բավական բնական արդյունք կլինի։

 

Մասնագետի խոսքով՝ վերջնաարդյունքը սովորաբար կարելի է գնահատել վիրահատությունից 6-12 ամիս անց։

 

Երբեմն մի քանի ամիս անց անհրաժեշտ է լինում տեղային անզգայացմամբ փոքր շտկում կատարել։ Կատարյալ սիմետրիա սովորաբար չի հաջողվում ստանալ, բայց, առաջին հերթին, կանանց կուրծքը սովորաբար սիմետրիկ չէ, և երկրորդ՝ արդյունքը բավական բնական է ստացվում, և պացիենտուհիների ճնշող մեծամասնությունը գոհ է մնում։

Աղբյուրը` https://med.news.am/arm/news/30325/krtsqi-rekonstrukcia-pacientuhu-hyusvatsqneri-ogtagortsmamb%E2%80%A4-finlandiayic-masnagety-hayastanum-virahatel-e-pacientuhineri.html

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ