Գլխավոր էջ Նորություններ Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկ. առաջացման պատճառն ու կանխարգելումը

Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկ. առաջացման պատճառն ու կանխարգելումը

3152
0

Էշերիխիաները մանրէների մեծ խումբ են, որոնք բնակվում են մարդու և տաքարյուն կենդանիների աղիներում՝ կազմելով վերջիններիս միկրոֆլորայի հիմնական բաղադրիչը:

Էշերիխիաները հիմնականում անվտանգ են ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների համար, սակայն մի մասը ախտածին են և մարդու մոտ առաջացնում է էշերիխիոզ հիվանդությունը:

Ախտածին էշերիխիաները դասակարգվում են մի քանի խմբերի (5 խումբ): Ստորև` առավել մանրամասն կխոսենք ամենակարևորներից մեկի` Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկի մասին:

Էշերիխիոզները պատկանում են զոոնոզ հիվանդությունների շարքին: Վարակի աղբյուրը խոշոր եղջերավոր կենդանիներն են և հիվանդ մարդը: Չի բացառվում նաև քողարկված կամ ջնջված կլինիկայով հիվանդների, ինչպես նաև մանրէակիրների դերը:

Էշերիխիոզը հանդիպում է բոլոր տարիքի անձաց մոտ, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաների և ծերերի շրջանում: Ներկայումս դեպքերն արձանագրվում են նաև միջին տարիքի անձանց շրջանում, որոնց մեծ մասը կազմում են կանայք:

Այսօր առավել մեծ ուշադրության է արժանացել Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկը, որն առաջացնում է սուր աղիքային վարակ` ախտահարելով առավելապես հաստ աղին, որն ընթանում է
հեմոռագիկ դիարեայով (արյունային լուծ), արտահայտված ինտոքսիկացիայով, ամենատարբեր արտաաղիքային ախտահարումներով:

Էնտերոհեմոռագիկ աղիքային ցուպիկը կայուն է արտաքին միջավայրում, երկար պահպանվում է հողում, ջրում, դիմանում է չորացմանը, բազմանում է պտուղ-բանջարեղենի վրա և, հատկապես, կաթում:
Վերջիններս առավել վտանգ են ներկայացնում այն դեպքերում, երբ աշխատում են սննդի կազմակերպություններում:

Դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքի օգտագործումն է` մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հետ շփման ընթացքում անձնական հիգիենայի կանոնները չպահպանումը:

Էշերիխիոզի կանխարգելման հիմնական միջոցը հասարակական սննդի կազմակերպություններում և ջրամատակարարման կազմակերպություններում սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումն է։

Կանխարգելման համար անհրաժեշտ է մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
մրգերը, բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում, չգնել փողոցներում, բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` մսամթերք, կաթնամթերք, պահածոյացված սննդատեսակներ:
Սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով:

Իսկ եթե վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա չզբաղվել ինքնաբուժմամբ, անտեղի չօգտագործել հակաբիոտիկներ։

Խորհուրդ չի տրվում հակաբիոտիկների անհիմն օգտագործումը, քանի որ կարող է հրահրել այնպիսի բարդության զարգացումը, ինչպիսին հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշն է։

Առողջ եղեք

Նյութի աղբյուրը՝ bit.ly/2kPFG8S

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ