Գլխավոր էջ Օրվա թեման 42-ամյա մորս այդ դժոխքում սպանեցին․ մահացածի դուստրը մանրամասնում է․․․

42-ամյա մորս այդ դժոխքում սպանեցին․ մահացածի դուստրը մանրամասնում է․․․

2578
0

42-ամյա Աստոյան Քանաքարայի դուստրը՝ Գեղեցիկ Բուլղադարյանը, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, նշելով, թե բժիշկների անփույթ վերաբերմունքի հետևանքով իր մայրը մահացել է։

Medmedia.am-ը կապ հաստատեց Գեղեցիկի հետ, հասկանալու համար, թե իրականում ինչ է կատարվել Վանաձորի ԲԿ-ում։ Նա նշեց, որ  հոկտեմբերի 26-ին, իր մայրիկին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, Covid 19 ախտորոշմամբ։

«Մայրս իր իսկ ոտքով, առանց պատգարակի կամ նստասայլակի գնացել է ընդունարան (84 սատուրացիայով, գիտակցությունը` պահպանված)։ Թոքերի ԿՏ հետազոտություն անելու փոխարեն <<բանիմաց>> բժիշկները մորս ուղարկում են ռենտգեն հետազոտության, որը ոչ մի հստակ տվյալ չի կարող տալ՝ թոքերի քանի տոկոսն է ախտահարված, ինչ ընթացքի մեջ է թոքաբորբը, զարգացող է, թե՝ ոչ։ 2 օր անիմաստ ժամանակ ենք կորցնում ընդունարանում, որտեղ մայրս (շաքարային դիաբետով հիվանդ) ստանում է միայն Ceftriaxone, Dexametazon և շատ քիչ քանակով թթվածին, քանի որ, ինչպես հետո պարզվեց, կար թթվածնի խնդիր։ Թթվածինը այլ քաղաքից բերում ենք ինքներս։ ԲԿ-ի անտարբեր բժշկական անձնակազմը նույնիսկ օրվա ընթացքում 1-2 անգամ չէր չափում սատուրացիան, սանիտարները ոչնչով չէին օգնում, միայն ժամանակ առ ժամանակ ակնարկներ էին անում, որ իրենց գումար պիտի տանք, քույրերը մոտենում էին 10 անգամ նույն բանը խնդրելուց հետո»,-պատմեց Գեղեցիկը։

Մեր զրուցակիցը նշեց, որ 2 օր հետո միայն մայրիկին տեղափոխում են «Ինֆեկցիոն»։

«2 օրվա ընթացքում սատուրացիան այնքան է իջնում, որ գրագետ բժիշկը պետք է 42 տարեկան դիաբետիկ կնոջը անհապաղ տեղափոխեր վերակենդանացման բաժանմունք, բայց մեզ ասում են՝ պիտի սպասենք, տեղ չկա։ Ու թքած, թե մեր հիվանդը չի մահանում շնչահեղձությունից։ Մինչև նոյեմբերի 2-ը մայրս պայքարեց։ Նոյեմբերի 2-ին շտապ օգնության մեքենան «Ինֆեկցիոն»-ից մորս տեղափոխում է ԲԿ, ազատ մահճակալ կար… ինքս եղել եմ մեքենայի մեջ, բժիշկն ու բուժքույրը թթվածնից կախյալ հիվանդին թողեցին բախտի քմահաճույքին, նույնիսկ չէին օգնում ինձ թթվածնի դիմակը ֆիքսած պահել դեմքին, պառկեցրել էին փորի վրա, ու ամբողջ ճանապարհին մայրս մարմնով ցնցվում էր․ փաստորեն թթվածինը չէր հերիքում, տեղաշարժել չէր կարելի։ Շտապ օգնության բժիշկը ճանապարհին զանգում է ԲԿ-ի Ընդունարան, ասում, որ ծայրահեղ ծանր վիճակով հիվանդ ենք տեղափոխում․ «Ընդունարան կանչեք ռեանիմատոլոգին ու պատրաստ պահեք թթվածնի մեծ բալոն»։Հասնում ենք տեղ, ո՛չ ռեանիմատոլոգը կար, ո՛չ թթվածնի բալոնը, ո՛չ լիֆտն էր բաց։ Ու մինչև էս գրողի տարած հիվանդանոցի լիֆտը հատուկ քարտով բացվեց, մինչև մորս բարձրացրեցին վերև, էլ չդիմացավ…..Նոյեմբերի 2-ին մայրս մահացավ, բայց ոչ թե Քովիդից, այլ ինքնակոչ բժիշկների անտարբերությունից, լկտիությունից, այդ բարձիթողի վիճակից…»,-ասաց Գեղեցիկը։

Մեր այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու մեղավորներին պատժելու համար նա նշեց․

«Իմացած եղեք, որ ամեն պատեհ-անպատեհ առիթով խայտառակ եմ անելու ձեր հիվանդանոց կոչվող ԴԺՈԽՔԸ, որտեղ ոչ թե բուժում, այլ սպանում են հիվանդներին… Ափսոս, որ շատերի թվին ավելացավ նաև 42 տարեկան երիտասարդ մայրս։ Այս պահին այդ ուղղությամբ քայլեր չեմ ձեռնարկելու, քանի որ գիտակցում եմ, որ ոչ դատական համակարգին դիմելով, ոչ էլ մեկ այլ եղանակով չեմ կարողանա ապացուցել, որ իրենց մեղքով է եղել։ Բժիշկներից ոչ մեկը բացատրություն չի տվել, նույնիսկ չեն էլ փորձել տան։ Տնօրենի հետ խոսել չեմ փորձել, քանի որ հոգեպես ի վիճակի չէի։ Հիմա արձակուրդում է տնօրենը, վերադառնալուն պես՝ անպայման կհանդիպեմ իրեն։ Ինչ վերաբերվում է բժիշկներին, այդ օրերին գրեթե բոլորին անձամբ եմ մոտեցել, ճշտումներ կատարել մորս վիճակի մասին, բայց ուրիշ հիվանդի հարազատից եմ իմացել, որ թթվածնի խնդիր կա, բժիշկները չէին ասում։ Մենք մեր միջոցներով գնացել, Գյումրիից բերել ենք թթվածինը։ Բժիշկներին հարցնում էի՝ ինչի չեք տեղափոխում ընդունարանից, ասում էին՝ տեղ չկա, պետք ա մեկը մեռնի, որ իրան տանենք էդ մարդու փոխարեն»,-նշեց նա։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ