Գլխավոր էջ Uncategorized Դուք կարող եք 60 տոկոսին պատվաստել, ու ոչ մի բան չփոխվի․ Էդուարդ...

Դուք կարող եք 60 տոկոսին պատվաստել, ու ոչ մի բան չփոխվի․ Էդուարդ Հովհաննիսյան

2385
0

Ինչպես արդեն հայտնել ենք, օրեր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ աշխատող անձանց նկատմամբ հայտնի որոշման մեջ փոփոխություն է լինելու  «Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի պատասխանի համար 14-օրյա ժամկետը կփոփոխվի 7-օրյայի»,- նշեց Ավանեսյանը։ Սակայն, արդյո՞ք այս որոշումն օգնում է համավարակի դեմ պայքարի գործընթացում, դա հաստատել կամ հերքել չենք կարող։ Սկզբում, երբ թեստավորվող անձինք ավելի շատ էին, քան պատվաստվողները, ՊՇՌ թեստերի պատասխանները լինում էր մոտ 48 ժամ անց, և շատերի դժգոհությանն արժանացավ դա, քանզի մինչև թեստի պատասխանը, տվյալ քաղաքացին ներկայանում էր աշխատանքի և հնարավոր վարակի դեպքում կարող էր աշխատավայրում վարակ ներթափանցել։

Աշխատող անձը եթե չպատվաստվելու դեպքում այսուհետ 7 օրը մեկ ներկայացնի ՊՇՌ հետազոտության արդյունքը, դա կարո՞ղ է համավարակի դեմ պայքարի վրա ազդեցություն ունենալ, ըստ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի՝ դժվար թե որևէ բան փոխվի․ «Պատժամիջոց է, ով չի ենթարկվել առաջինին՝ կարող է երկրորդին ենթարկվի: Էական փոփոխություն, չեմ կարծում, որ կլինի: Այո, պատվաստվողների թիվը մի քիչ կարող է ավելանալ, քանի որ գուցե այն գումարը, որ պատրաստ էին վճարել 14 օրում, 7 օրում չկարողանան վճարել, սակայն որակապես համաճարակի վրա ազդեցությունը չի լինի»,-նշեց Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, կորոնավիրուսի թվերը , կարծես, նվազման միտում ունեն, սակայն մահվան դեպքերի նվազում դեռևս նկատելի չէ։ Համաճարակաբանի դիտարկմամբ ՝ պետք է լինի նպատակային պատվաստում: Պետք է պատվաստվեն ռիսկի խմբերում գտնվող ու տարիքով մարդիկ, և ոչ թե աշխատող մարդիկ: «Դուք կարող եք 60 տոկոսին պատվաստել, ու ոչ մի բան չփոխվի, որովհետև այն 20 տոկոսը, որն իրականում ռիսկի տակ էր, չի պատվաստվի, ու մահացությունը կմնա նույն մակարդակի վրա»,-ընդգծեց Էդուարդ Հովհաննիսյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ