Գլխավոր էջ Գլխավոր Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար. Նախարար

Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար. Նախարար

679
0

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Մեր ոլորտի վերաբերյալ վարչապետի ասուլիսի ժամանակ հնչեցված կետերը ներկայացնում եմ ստորև.

Մոտ 400 անուն դեղ հուլիսի 1-ից տրամադրվում է անվճար 30.01 եւ ավելի բալ ունեցող նպաստառու ընտանիքներին: Այս արտոնությունից կօգտվի մոտ 200.000 շահառու: Նշված դեղերը օգտագործում են մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում, օրինակ՝ բարձր ճնշում, դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն:

Մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը հուլիսից ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: 2019 թվականից վերականգնվել է ստոմատոլոգիական ծառայությունների անվճար տրամադրումը 0–7 եւ սոցիալապես անապահով մինչեւ 18 տարեկան երեխաների համար։ Չարորակ նորագոյացությունների վիրահությունների աճ է գրանցվել։ 2018 թվականին կատարվել է 979 վիրահատություն, 2019թ-ին՝ 2301։ Վիրահատությունները քաղաքացիների համար իրականացվել են անվճար։

Սրտի վիրահատական ծառայությունների եւ նորագույն թանկարժեք այլ տեխնոլոգիաներով կատարվող բժշկական ծառայությունների գծով պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեցող շահառուների խմբերն ընդլայնվել են` 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներ, ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամներ, մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ: Շահառուների թիվը մոտ 300.000 է: 2019թ․ առաջին 7 ամիսներին 316-ով (32%-ով) ավելի շատ կյանք է փրկվել պետական «Կյանքի ստենտ» ծրագրով։

Իսկ սրտի ստենտավորման շուկայական գները շարունակում են իջնել։ 2019թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ քաղաքացիները կարող են սրտի դեղապատ ստենտով ստենտավորում իրականացնել 800 հազար դրամով։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին Հայաստանում չի եղել։ Գների անկման, ինչպես նաեւ պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարեւան Վրաստան մեկնելը։

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 2019թ. հուլիսի 22-ից բացվել է նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած «Ինվազիվ կարդիոլոգիայի՝ միջամտային սրտաբանության եւ ինտերվենցիոնալ ռադիոլոգիայի՝ միջամտային ճառագայթաբանության» բաժանմունքը: Բաժանմունքի բացման օրվանից առ այսօր ստենտավորվել է 30 հիվանդ, կատարվել է 50 կորոնարոգրաֆիա։

«Շտապ բժշկական օգնություն» ծրագրում բնակչությանն առավել արագ եւ որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով այժմ ավելացվել է սպասարկող բրիգադների թիվը` 15-ով Երեւանում, ինչպես նաեւ 14-ով մարզերում: Երեւանի համայնքային բյուջեից 90 մլն դրամ է տրամադրվել Շտապ բուժօգնության ենթակայանների վերանորոգման նպատակով։ Ենթակայանները չեն նորոգվել շուրջ 30 տարի ի վեր: Երեւանի 13 պոլիկլինիկաներում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Այն շահառուներին հնարավորություն է տալիս՝ առանց պոլիկլինիկա այցելելու հերթագրվել իր տեղամասային բժշկի մոտ»։

#ՀասանելիԱռողջապահություն
#ՈրակյալԲուժօգնություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ