Գլխավոր էջ Գլխավոր Աշխատող քաղաքացին պատրա՞ստ է այսուհետ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել

Աշխատող քաղաքացին պատրա՞ստ է այսուհետ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել

3950
0

Ինչպես գիտենք, հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիների առջև դրվեց երկընտրանք-պարտադրանքի սկզբունքով հայտնի որոշումը։ Ըստ որի, աշխատող անձինք պետք է գործատուին ամիսը 2 անգամ՝ 14 օրը մեկ, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք ներկայացնեն, կամ պատվաստվեն և հետևաբար ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատը։ Սա, թերևս մեծ արձագանք էր ստացել աշխատող քաղաքացիների շրջանում, մեծ քննարկումների ու քննադատությունների արժանացավ որոշումը,  սակայն որևէ բան չփոխվեց։ Արդեն 1 ամսից ավելի է, ինչ որոշումն ուժի մեջ է։ Եվ դա նպաստեց նաև, որ պատվաստումների ցուցանիշն ավելանա։ Քանզի, շատ մասնագետներ ասում են, որ պատվաստումը պետք է լինի մարդու գիտակցված որոշումը, սակայն այստեղ դա այնքան էլ այդպես չեղավ։ Մարդիկ, որոնք չէին ցանկանում իրենց գրպանից թեստավորման գումար տրամադրել՝ ստիպված պատվաստվեցին։ Նրանք, որոնք ստանում են մինիմալ աշխատավարձ, իրենց պարզապես չէին կարող թույլ տալ ամիսը երկու անգամ գումար տալ ՊՇՌ թեստերի համար, ուստի՝ անկախ հանգամանքից, մարդիկ գնում և պատվաստվում էին։

Սակայն, հիմա էլ այլ հարց է առաջանում։ Խոսակցություններ էին պտտվում, որ հնարավոր է ամիսը երեք անգամ պահանջվի ՊՇՌ հետազոտության արդյունք ներկայացնելը, սակայն դեռևս հստակ ինֆորմացիա հրապարակված չէր։ Սակայն, աշխատող քաղաքացին արդյո՞ք պատրաստ կլինի 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել իր միջոցներով։

Օրեր առաջ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս անդրադարձավ թեմային՝ ասելով, որ որոշման փոփոխություն լինելու է․ «Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի պատասխանի համար 14-օրյա ժամկետը կփոփոխվի 7-օրյայի»,- նշեց Ավանեսյանը։

Այսպիսով, այն քաղաքացիները, որոնք կարծում էին, որ ամիսը 2 անգամ թեստավորվելով կարող էին չպատվաստվել, հիմա գուցե, ստիպված, հանուն ևս մեկ անգամ գումար չծախսելու համար գնան պատվաստման։ Ուստի՝ կբարձրանա պատվաստվող քաղաքացիների ցուցանիշը, սակայն ինչի՞ հաշվին, քաղաքացու գրպանի՞։ Դուրս է գալիս, որ ստեղծվում է արհեստական այլընտրանքի հնարավորություն, սակայն, քաղաքացին այնուամենայնիվ մնում է երկընտրանքի առջև, որից խուսափել, ուղղակի հնարավոր չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ