Գլխավոր էջ Գլխավոր Քարքարոտ ճանապարհներով և մի քանի ժամ․ շտապօգնության «ճակատագիրը» Սյունիքում

Քարքարոտ ճանապարհներով և մի քանի ժամ․ շտապօգնության «ճակատագիրը» Սյունիքում

967
0

Ադրբեջանի կողմից Գորիս-Որոտան ճանապարհահատվածում (Հայաստանն ու Իրանը կապող ճանապարհ) մաքսակետերի տեղադրումից հետո Սյունիքի մարզի մի քանի գյուղեր գրեթե կտրվել են հանրապետությունից: Խոսքը, մասնավորապես, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի մասին է։ Բնակիչները կանգնել են լուրջ խնդիրների առաջ․ մի կողմից՝ սննդամթերքի, մյուս կողմից էլ բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորությունները սպառնալիքի տակ են։

Խնդրին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի ունեցած տվյալների՝ էականորեն սահմանափակվել  է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով:

«Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը: Գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ»,-գրել է Արման Թաթոյանը:

Այս կապակցությամբ ՀՀ ԱՆ ևս տարածել էր հաղորդագրություն, նշելով, որ Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։

Նախարար Ավանեսյանը իր ճպազրույցում անդրադառնալով խնդրին նշել էր․

«Կապանի և Գորիսի բժշկական կենտրոններին տրամադրվել է շտապօգնության ամենագնաց մեքենաներ, լրացուցիչ ևս կտրամադրվեն, որպեսզի հնարավոր կարճ ճանապարհներով ապահովենք մեր բնակչության պատշաճ օգնությունը»,- ասել էր Ավանեսյանը։

Medmedia.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ․

«Շտապօգնության մեքենաները, առաջին օգնության բոլոր սարքավորումները և դեղորայքը երեկ, նոյեմբրի 21-ին հասել են տեղ»։

Բարձրավանի գյուղապետը՝ Օնիկ Ավանգյանը իր հարցազրույցների ընթացքում բազմիցս նշել է, որ իրականում, բնակիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնած, որովհետև այլընտրանքային ճանապարհը  անմխիթար վիճակում է։

«Այժմ աշխատանքներ են իրականացնում, բայց այդ ճանապարհը նորմալ ճանապարհ դարձնելու համար տարիներ են պահանջվելու։ Բնակիչները կանգնած են շտապ բուժօգնություն ստանալու խնդրի առջև, գյուղում կա ամենագնաց, որով անհրաժեշտության դեպքում կարողանում են հիվանդին հասցնել մոտակա հիվանդանոց, բայց դրա համար էլ մի քանի ժամ է պահանջվում»,-ասել էր նա:

Իսկ թե երկար ու խորթուբորդ ճանապարհով տեղ հասցնելուց ինչ կլինի հիվանդի հետ, դա էլ թողնում ենք նախախնամությանը․․․

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ