Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված մարդիկ կարո՞ղ են արյան դոնոր հանդիսանալ

Պատվաստված մարդիկ կարո՞ղ են արյան դոնոր հանդիսանալ

1918
0

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, երեկ, նոյեմբերի 16-ին հայտարարություն տարածեց, դիմելով հայրենակիցներին։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ արյան պաշարների համալրման համար քաղաքացիներին խնդրում են ներկայանալ արյունատվության։

Համացանցում, այս հայտարարությունից հետո սկսվեց քննարկում, քաղաքացիների մի մասի կարծիքով կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո մարդը չի կարող դոնոր հանդիսանալ։

Medmedia.am-ի հետ զրույցում, Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ դոնորության համար հակացուցումները սահմանված են ՀՀ ԱՆ 07.02.2013թ. թիվ 06-Ն հրամանով, որի հավելված 2-ում նկարագրված են ժամանակավոր հակացուցումները։

«Համաձայն հրամանի՝ պատվաստված մարդը չի կարող հանդիսանալ արյան դոնոր առավելագույնը մինչև 1 ամիս, բացառությամբ կատաղության և հեպատիտ Բ-ի դեմ պատվաստված մարդկանց, որոց դեպքում ժամանակավոր հակացուցումը 6 ամիս է»,-նշեց նա։

Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է`

․ լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

․ լինեք առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

․ հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

․ արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը`  60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը  90-160 միլիմետր սնդիկի սյուն

․երակազարկը լինի 60-90 զարկ 1 րոպեում

Արյունատվության հակացուցումները

․ բացարձակ, երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն

․ ժամանակավոր, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր:

 Բացարձակ հակացուցումներն են.

․ Վարակիչ հիվանդությունները (ՄԻԱՎ-վարակակրություն, ՁԻԱՀ, վիրուսային  հեպատիտներ (երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ) սիֆիլիսի (բնածին կամ ձեռքբերովի), տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելոզ, բծավոր տիֆ, տուլարեմիա, բոր, էխինոկոկոզ և այլն):

․Սոմատիկ հիվանդություններ (չարորակ նորագոյացություններ և արյան հիվանդությունները, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ, հոգեկան հիվանդություններ, խուլհամրություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն)

․Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (գերճնշումային (հիպերտոնիկ) հիվանդություն, սրտի իշեմիկ հիվանդություն, ուղեղի անոթային հիվանդություններ, թրոմբոֆլեբիտ, երակների վարիկոզ լայնացում, սրտի արատներ (բնածին և ձեռքբերովի) էնդոկարդիտ, միոկարդիտ):

․Շնչառական օրգանների հիվանդություններ (թոքերի էմֆիզեմա, թոքային ֆիբրոզ, ասթմա (հեղձուկ), օբստրուկտիվ բրոնխիտ, բրոնխոէկտատիկ հիվանդություն)

․Լյարդի և լեղուղիների հիվանդություններ (քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիռոզ, լեղապարկի քարեր խոլեցիստիտով, խոլանգիտ)։

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձիք, մարդու արյան և արյան բաղադրամասերի, բժշկական գործիքների հետ մշտական շփման մեջ գտնվող բուժանձնակազմ,  վիրուսային հեպատիտ Ց-ով, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով պացիենտների և վարակակիրների ընտանիքի անդամներ (համատեղ բնակվելու պայմանում), արյան միջոցով փոխանցվող վարակների հետազոտման կրկնակի (3ամիս անց) կասկածելի արդյունքներ:

Մանրամասները՝ այստեղ

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ