Գլխավոր էջ Գլխավոր Բոլոր պատվաստանյութերը կլինիկական փորձարկում անցա՞ծ են. պատասխանում է մասնագետը

Բոլոր պատվաստանյութերը կլինիկական փորձարկում անցա՞ծ են. պատասխանում է մասնագետը

7275
0

Medmedia.am-ի զրուցակիցն է Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Medmedia.am-Այսօր, Կորոնավիրուսի առումով ինչպիսի պատկեր ունենք.նահա՞նջ, թե՞ զարգացում:

Դավիթ Մելիք-Նուբարյան- Շնորհակալություն հարցի համար, ներկայում գործ ունենք 4-րդ ալիքի նահանջի հետ, արդեն մոտ երկու շաբաթ է արձանագրվում է ակտիվ դեպքերի թվի նվազում, վարակի վերարտադրության գործակիցը նույնպես նահանջել է և ներկայում 1-ից ցածր է, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կլինի հարաբերական կայուն համաճարակային իրավիճակ։

Medmedia.am- Պատվաստումների պատկերը գոհացնո՞ղ է:

Դավիթ Մելիք-Նուբարյան- Պատվաստումների գործընթացում կան դրական զարգացումներ: Ուրախալի է, որ այդ թիվը հատել է 1 մլն-ի շեմը, օրական միջինում ավելի քան 16000 պատվաստում է իրականացվում, ինչի արդյունքում ավելի ու ավելի շատ են պատվաստված մարդիկ մեր շրջապատում, որոնք կիսվելով անձնական փորձով, նպաստելու են միջավայրի, տրամադրությունների ու անվստահության մթնոլորտի փոփոխությանը։ Մյուս կողմից, կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու համար դեռևս մեծ աշխատանք պետք է կատարվի և ամբողջությամբ պատվաստված մարդկանց տեսակարար կշիռը, որը ներկայում կազմում է 11% հեռու է բաղձալի 75-85%-ից։

 Medmedia.am -Ձեր վերաբերմունքը 12+ տարիքի երեխաների պատվաստումներին,խոսքը Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին է:

Դավիթ Մելիք-Նուբարյան -Ես առիթ ունեցել եմ անդրադառնալ այս հարցին և կրկնեմ այն ինչ նախկինում ասել եմ. դրա մասին խոսել վաղ է, հիմա մեր առաջնահերթ ջանքերը պետք է կենտրոնացված լինեն հատկապես տարեցների և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում պատվաստումների խթանմանը։

Medmedia.am -Բոլոր պատվաստանյութերը կլինիկական փորձարկում անցա՞ծ են:

Դավիթ Մելիք-Նուբարյան-Սա շատ կարևոր և մարդկանց օբյեկտիվորեն հետաքրքրող հարց է։ Այո, Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերն անցել են կլինիկական հետազոտությունների 3 փուլերը՝ տասնյակ հազարավոր կամավորների շրջանում, աշխարհի բազմաթիվ պետություններում և ճանաչվել են անվտանգ ու արդյունավետ։ Մի փոքր ընդարձակ պատասխանելով, նշեմ, որ ցանկացած դեղի, այդ թվում նաև պատվաստանյութի շարունակական հետազոտությունները որևէ փուլում չեն դադարում։ Մասնավորապես, երբ դեղը թույլատրվում է կիրառման, սկսվում է դրա ուսումնասիրության նոր շրջափուլ՝ զանգվածային օգտագործման ընթացքում արձանագրված անսպասելի կամ սպասել երևույթների գրանցման և վերլուծության փուլ։ Այս առումով բացառություն չեն նաև պատվաստանյութերը։

Medmedia.am- Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ պե՞տք է հետազոտվել։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Դա էլ է կարևոր հարց, մեր հայրենակիցներից շատերը տեղի տալով տարածված թյուր կարծիքներին հաճախ զանազան լաբորատոր հետազոտություններ են անցնում պատվաստվելուց առաջ, սակայն դրանց կարիքն ամենևին չկա։ Այն նվազագույն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են սահմանված են ԱՆ հրամանով և իրականացվում եմ պատվաստվելուց առաջ։

Medmedia.am -Ինչու՞ է մեր երկրում պատվաստման գործընթացը հապաղում, դա՞ է պատճառը,որ մարդկանց ստիպում են կամ ՊՇՌ թեստ հանձնել կամ պատվաստվել:

Դավիթ Մելիք-Նուբարյան-Այս հարցը չունի մեկ պատասխան, սա չափազանց բարդ հարց է և կարծում եմ չի սահմանափակվում առողջապահության ոլորտով։ Պատճառներից կարող եմ նշել մի քանիսը՝ ավանդաբար խորհրդային տարիներից եկող անվստահությունը կառավարման համակարգի կողմից առաջարկվող ծրագրերին, պատվաստումային գործընթացի քաղաքականացված լինելը, բնակչության ցածր գիտելիքները առողջության և առողջապահության մասին, որը խոչընդոտում է փաստերի ընկալումը, մարդկանց հետ հաղորդակցման անկատարությունը, չափազանց մեծ վստահությունը սոցիալական մեդիայի նկատմամբ, որը եվրոպական տարածաշրջանում հակադարձ համեմատական է պատվաստումների թվերին, ցածր հանրային պահանջարկը Քովիդ-19 դեմ պայքարի առհասարակ և պատվաստումների գործընթացի խթանման նկատմամբ և այլն։ Նման պայմաններում որոշումներ ընդունողները փորձում են գտնել լուծումներ, որոնք կխթանեն պատվաստումների գործընթացը, այդ թվում նաև ՊՇՌ բացասական թեստերի ներկայացման պահանջի միջոցով, ուղղակի կարևոր է բացատրել մարդկանց, որ դա արվում է ոչ թե իրենց «պատժելու», կյանքը բարդացնելու կամ լաբորատորիաներին գերշահույթ ապահովելու համար, այլ Քովիդ-19 հաղթարշավը կանխելու նպատակով։ Որքանով է դա ստացվում դժվարանում են պատասխանել։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ