Գլխավոր էջ Նորություններ 68 000 ստացող դպրոցի դասատուն ինչու՞ պիտի իր հաշվին թեստավորվի, իսկ 500...

68 000 ստացող դպրոցի դասատուն ինչու՞ պիտի իր հաշվին թեստավորվի, իսկ 500 000 ստացող պատգամավորը՝ ոչ. Գեւորգ Պետրոսյան

518
0

Քաղաքացիներին «հարկադրաբար» պատվաստելու նախագիծը հակասահմանադրական եւ հակամարդկային, ազգակործան եւ պետականակործան ծրագիր է, որը տանում է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող երկիրը դեպի գործազրկության աճ եւ կործանում: Նման կարծիք «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ արտահայտեց նախկին պատգամավոր, իրավական գիտությունների դոցենտ Գեւորգ Պետրոսյանը:

Գեւորգ Պետրոսյանի խոսքով, կառավարությունը մտածում է ոչ թե մարդկանց առողջության, այլ՝ պատվաստանյութերի իրացման մասին:

Հետաքրքիր է, որ նախագիծը պաշտոնատար անձանց չի հարկադրում պատվաստվել կամ ամիսը երկու անգամ թեստավորվել, չնայած, օրինակ, պատգամավորների աթոռների միջեւ հեռավորությունը շատ փոքր է, եւ սոցիալական հեռավորությունը դահլիճում չի պահպանվում:

«Հայաստանը ուզի-չուզի կրում է այն պարտավորությունները, որոնք ստանձնել է եվրոպական քաղաքական, իրավական մշակույթին ինտեգրվելու պարտավորության ուժով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ունի այսպիսի իրավական դիրքորոշում, որը ամրագրել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանը, համաձայն որի, խտրականություն է համարվում իրավունքների եւ ազատությունների այն սահմանափակումը, որը չունի արդարացի եւ ողջամիտ հիմնավորում: Հիմա ես ուզում եմ հասկանալ, ինչպես Հովհաննես Թումանյանն էր ասում, էդ իրանց արյունը կարմի՞ր է մերից: Էդ ոնց, էդ ինչ չափանիշով է որոշվել, որ ԱԺ պատգամավորները, վարչապետը, գլխավոր դատախազը, ինքնավար մարմինների անդամները մեզանից տարբերվում, որ 68 000 ստացող դպրոցի դասատուն պիտի գնա ամիսը երեք անգամ իր հաշվին թեստավորվի, իսկ 500 000 դրամ աշխատավարձ ստացող պատգամավորները չպիտի թեստավորվեն իրենց հաշվին», — ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, պատվաստվածների՝ թեստավորման պարտավորթյունից ազատվելը եւս շատ տարօրինակ որոշում է:

«Եթե պատվաստվել ես, էլ պետք չի, որ թեստավորվես: Մի րոպե, եթե բժիշկները ասում են, որ պատվաստումը չի բացառում վարակվելու հնարավորությունը, եթե մարդը պատվաստվել է, դա չի նշանակում, որ ինքը վարակակիր չի: Այսինքն մենք ի՞նչ եզրահանգման ենք գալիս: Որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բնակչության առողջության մասին է մտածում, նա ընդամենը իրացնում է պատվաստանյութը իր ստանձնած պարտավորություններին համաչափ իրացնելու պարտականությունը», — ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ