Գլխավոր էջ Նորություններ Նոր հետազոտական կենտրոնը հայ մասնագետների համար միջազգային կլինիկական հետազոտությունների հասանելիություն կապահովի

Նոր հետազոտական կենտրոնը հայ մասնագետների համար միջազգային կլինիկական հետազոտությունների հասանելիություն կապահովի

194
0

Հոկտեմբերի 14-ին Երեւանում բացված Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնը կդառնա մի ինքնատիպ վայր, որը հայ մասնագետների եւ բժշկական կենտրոնների համար մի շարք միջազգային կլինիկական հետազոտությունների, ինչպես նաեւ պացիենտների ռեեստրի հասանելիություն կապահովի։

Նոր կենտրոնի հիմնական նպատակներն են՝ օգնել հայ բժիշկներին ֆրանսիական եւ միջազգային փորձագետների հետ համատեղ բժշկական հետազոտություններ անցկացնել, նրանց համար հասանելիություն ապահովել միջազգային դեղագործական հետազոտություններին, ինչպես նաեւ բարձրացնել հայ հետազոտողների միջազգային տեսանելիությունը:

Կենտրոնի ղեկավար Մերի Մազմանյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կենտրոնը, որը բացվել է ֆրանսիական Santé Arménie առողջապահական նախաձեռնության ջանքերի շնորհիվ, արդեն սկսել է աշխատել մի շարք հայկական հիվանդանոցների հետ՝ օգնելով մասնագետներին մասնակցել արտասահմանյան ծրագրերին եւ հետազոտություններին։

Կենտրոնի ծրագրերի շրջանակներում հայ մասնագետները կարող են որոշակի հիվանդություններով (այդ թվում`միելոդիսպլազիա, արթրիտ եւ պարբերական հիվանդություն, հղիների մոտ սրտի հիվանդություններ եւ այլն) իրենց պացիենտների վերաբերյալ տվյալներ ավելացնել: Տարբեր երկրների պացիենտների վերաբերյալ հավաքագրված տվյալների մշակումը եւ վերլուծությունը հնարավորություն կտա ոչ միայն եզրակացություններ անել ուսումնասիրվող հիվանդությունների միջազգային միտումների վերաբերյալ, այլեւ դրանց բուժման ավելի արդյունավետ ձեւեր մշակել:

ROPAC Registry of European Society of Cardiology-ին, օրինակ, Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնը վերջերս է միացել: Ռեեստրը հավաքում է սրտային հիվանդություններ ունեցող հղի կանանց տվյալները, իսկ հայ մասնագետներն արդեն 6 պացիենտի տվյալներ են ուղարկել:

Ընդհանուր առմամբ, Ֆրանս-հայկական հետազոտական կենտրոնը կունենա 5 բաժին՝ Կլինիկական հետազոտությունների կենտրոն, Կենսաբանական ռեսուրսների կենտրոն, Santé Arménie բժշկական ակադեմիա, Համաճարակաբանության կենտրոն՝ արհեստական բանականության օգտագործմամբ տվյալների բազայով, Բժշկական եւ տեխնոլոգիական նորարարությունների կենտրոն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ