Գլխավոր էջ Նորություններ Չպատվաստված քաղաքացիներին արգելվո՞ւմ է ամուսնանալ

Չպատվաստված քաղաքացիներին արգելվո՞ւմ է ամուսնանալ

210
0

Ինչպես հայտնի է, նախորդ ամիս ընդունվեց որոշում, որով բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր  են կամ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ թեստ հանձնել, հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից։

 

 

 

Presstime.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ գործող աշխատանքային օրենսգիրքն այդպիսի հիմք չի նախատեսում, որ անձը պատվաստումից հրաժարվելու կամ չթեստավորվելու պատճառով կարող է ազատվել աշխատանքից ․«ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով և աշխատողն ունի չհիմնավորված անօրինական ազատումներից պաշտպանվածության իրավունք։ Այլ է խնդիրը, երբ իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում հասնել դրան։

 

 

 

Ես գիտեմ, որ այս պահին արդեն գործադիր իշխանության մակարդակում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել աշխատանքային օրենսգրքում և հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ուզում են «թխել» այդ հիմքը, որպեսզի գործատուն աշխատողին աշխատանքից ազատելու հնարավորություն ունենա։

 

 

 

Ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում  այս իշխանությունները չեն կարողանում խնդրի ամբողջական կարգավորում տալ, որից շահի և՛ պետությունը, և՛ հասարակությունը, և՛ առանձին անհատը, և՛ գործատուն։  Եթե անգամ այս փոփոխությունն անցկացնեն, պատկերացրեք այն գործատուների վիճակը, որոնք իրականացնում են մասնագիտացված գործունեություն, որտեղ աշխատելու համար պահպանվում է համապատասխան մասնագիտական կրթություն և որակավորում։ Եթե աշխատակիցներն աշխատանքից դուրս գան, ո՞վ է այդ գործն անելու։

 

 

 

Փաստացի ոչ մի ռիսկ հաշվարկված չէ․ ենթադրենք քաղաքացին չի պատվաստվում և այդ հիմքով աշխատանքից ազատվում է, միևնույնն է նա հայտնվում է հասարակության մեջ»։

 

 

 

Ըստ Պետրոսյանի, եթե կանխավարկածն այն է, որ չպատվաստված աշխատակիցը պոտենցիալ վարակակիր է, ապա աշխատանքից ազատելուց հետո նա չի դադարում վարակակիր լինելուց և չի դադարում այդ վարակը տարածելուց․ «Ստացվում է՝  իշխանությունն ընդամենը հասնում է նրան, որ այդ մարդուն հացից զրկեն, բայց իրականում խնդիրը չի լուծվում։ Մինչդեռ Սահմանադրության 78-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համահունչ լինեն և ծառայեն այն նպատակին ինչի համար արվում են։

 

 

 

Ենթադրենք կազմակերպության աշխատակիցները հրաժարվեցին պատվաստումից և մասսայաբար ազատվեցին, գործատուն ի՞նչ են անելու։ Պետք է մատնվեն պարապուրդի՝ արտադրանք չեն տալու, ծառայություն չեն իրականացնելու։ Տուժում է գործատուն, տուժում է նաև պետությունը, որովհետև գործատուն պետք է գործունեություն ծավալի, որ պետությանը հարկ վճարի, տուժում է աշխատողը, ով մնում է առանց աշխատանքի և առանց վաստակ ունենալու, հետևաբար եկամտահարկ էլ չի կարողանալու վճարել պետական բյուջե։

 

 

 

Այս չնախատեսված քայլով իշխանությունը շարքից հանում է մասնավոր և պետական սեկտորը։ Նման դեպքերում աշխատակիցները կարող են դիմել աշխատողների շահերը պաշտպանող մասնագիտացված հասարակական կազմակերպությունների»։

 

 

 

Պետրոսյանի խոսքերով, եթե հոկտեմբերի 15-ից հետո որևէ աշխատակցի ազատեն աշխատանքից, դա կհամարվի աշխատանքի իրավունքների խախտում, քանի որ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը արգելում է անձին առանց իր համաձայնության բժշկական փորձերի ենթարկել։

 

 

 

Նախկին պատգամավորը նշեց նաև, որ անգամ օրենք ընդունելուց հետո դրա սահմանադրականությունը կարող է վիճարկվել․ «Քաղաքացու վրա չի կարող դրվել պարտականություն, որը չի բխում սահմանադրությունից։ Թող իշխանությունը բարի լինի հանրաքվե կազմակերպի և տեսնի ժողովրդի մեծամասնությունն ինչ կարծիքի է։ Ժողովրդի մեծամասնությունը դեմ է պատվաստամնը, և այստեղ մի քանի պատճառ կա։ Ըստ իս, ամենագլխավոր պատճառն անվստահությունն է գործող իշխանության նկատմամբ։

 

 

 

Այս իշխանությունն իր կառավարման 3 տարիների ընթացքում այնպես է արել, որ եթե անգամ դրական մի բան էլ ուզենա անի, ժողովուրդն ակամայից տրամադրվում է մեղավորության կանխավարկածով։ Ժողովուրդը գտնում է, որ դա ի վնաս իրենց է, քանի դեռ իշխանությունը հակառակը չի ապացուցել, իսկ այսօր իշխանությունը զբաղված է տուգանքներ նշանակելով, մարդկանց հետապնդելով, հացից զրկելով և չի կարողանում գտնել այն բանալին, որի միջոցով կարողանա շահել ժողովրդի վստահությունը։

 

 

 

Ես նաև ուշադիր եմ վարչակազմի ղեկին բազմած անձի հայտարարություններին, ով ասում է, որ պատվաստումների թվերը մտահոգող են։ Իրեն ոչ թե մտահոգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, կամ թե ինչ թերացումներ կան պատվաստման քաղաքականության մեջ, այլ՝ կոնկրետ պատվաստման թվերը։ Ավելին՝ ասում է, վարչական լծակներ օգտագործեք և ստիպեք պատվաստվեն»։

 

 

 

Նախկին պատգամավորի խոսքերով,  Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը նախաձեռնություն է սկսել, որ այն բուժհաստատությունները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված չեն, կզրկվեն ֆինանսավորման 30 տոկոսից, իսկ այդ միջոցները՝ որպես խրախուսումային գումար, կտրվեն այն բուժհաստատություններին, որոնք 90 տոկոսից ավել պատվաստման քանակ են ապահովել․ «Վարչախմբի ղեկավարն իր նախարարի հետ մնացել է պատվաստումների քանակի տակ, և նրանց չի հետաքրքրում մարդկանց կյանքն ու առողջությունը։ Փաստացի կա դեպք, որ 2 անգամ պատվաստված անձ է մահացել կորոնավիրուսից, իսկ այս ամենին չկա բացատրություն»։

 

 

 

Իսկ ռիսկե՞րը։ Ի՞նչ է անելու գործատուն, եթե հանկարծ պատվաստումների պատճառով տասնյակ, միգուցե՝ հարյուրավոր աշխատողներ ազատվեն, ինչպե՞ս է տվյալ ընկերությունն աշխատելու։ Ըստ Պետրոսյանի, այն ուղղակի լուծարվելու են։

 

 

 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև ամենաքննարկվող նախագծին, որով նախատեսվում է կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնել։ Նրա խոսքերով, դա նշանակում է քաղաքացիներին սիրալիր ուղեկցել դեպի գերեզման․ «Դա նույնն է, որ տեսնեն մարդը փողոցում վթարից մահանում է ու չօգնեն, չտանեն հիվանդանոց։ Սրանք անխիղճ են, սրանք սկզբունք չունեն։

 

 

 

Մի քանի օրից էլ կարող է քնենք արթնանանք տեսնենք, որ պատրաստվում են շրջանառության մեջ դնել նախագիծ, որով չպատվաստված քաղաքացիներին արգելվում է ամուսնանալ, արգելվում է երեխա որդեգրելը կամ իրենց սեփականություն հանդիսացող գույքը տնօրինելը։

 

 

 

Պետությունը ոչ թե իր առաջ խնդիր է դրել  մարդկանց կյանքը փրկելու, այլ  ընդամենն իրականացնում է պատվաստանյութը սպառելու առաքելություն»։

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ