Գլխավոր էջ Գլխավոր Շատ գործատուներ չգիտեն իրենց անելիքը․ Արա Զոհրաբյան

Շատ գործատուներ չգիտեն իրենց անելիքը․ Արա Զոհրաբյան

2577
0

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ «Ոչ՝ պարտադիր պատվաստմանը» պահանջով հանրահավաք։ «Փաստաբանների պալատի» նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանն իր ելույթում ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև ստեղծված իրավիճակում գործատուների պարտականություններին։

«Շատ գործատուներ չգիտեն իրենց անելիքը և իրենց թվում է՝ իրենք են Առողջապահության նախարարը, և իրենց աշխատողներին ստիպում են պատվաստվել, ՊՇՌ թեստ հանձնել, որովհետև լսել են, որ եթե ոչ, ապա իրենց են տուգանելու։ Գործատուի վրա կա մեկ պարտականություն՝ ՊՇՌ սերտիֆիկատի մասով, ինքը միայն գրանցամատյանն է վարում և վերջ»,-տեղեկացրել է նա։

Զոհրաբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում կարևոր է գրանցամատյանների վարում, ավելին՝ նա ներկայացրեց ընթացակարգը․«Օրինակ ես գործատու եմ և ունեմ մի քանի աշխատող, ունեմ գրանցամատյաններ, որտեղ նշում եմ ՊՇՌ սերտիֆիկատ ունեցողներին և պատվաստվածներին։ Եթե իմ աշխատողները գալիս են, ես հարցնում եմ՝ ունես ՊՇՌ սերտիֆիկատ, ասում է՝ ոչ, գրանցում չեմ կատարում, եթե ունի՝ գրանցում եմ՝ պատճենը կցում գրանցամատյանին։ Նույնը պատվաստվածների դեպքում»։

Նա ընդգծեց, դրանից ավելի պարտավորություն գործատուի վրա դրված չէ։

«Եթե գործատուն գրանցամատյանը պատշաճ վարել է՝ գործատուին չեն կարող տուգանել, որովհետև գործատուն պարտավոր չէ նրանց ստիպել պատվաստվել։ Եթե գործատուի մատյանում չկա գրանցված, ստուգում իրականացնողները կարող են վերցնել աշխատողների ցուցակը, որը ունենալով կարող են աշխատողին տուգանել, բայց ոչ գործատուին»,-ասել է նա։

Ելույթի վերջում Զոհրաբյանը գործատուներին կոչ արեց անիմաստ չընկնել մեղքի տակ, աշխատողներին չհալածել և պետության սխալ քաղաքականությունն իրենց վրա չվերցնել, որովհետև իրենք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու են, քանի որ ունեն անվճար ձևավորված փաստաբանական խմբեր․«Հարգելիներս, մենք Ձեր իրավունքները պաշտպանելու ենք»։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ