Գլխավոր էջ Վնասի նվազեցում Թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված մարդը նույն կերպ է վարակում․ համաճարակաբան

Թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված մարդը նույն կերպ է վարակում․ համաճարակաբան

34031
0

ԱՆ–ի նոր սահմանափակման համաձայն՝ մի քանի օրից աշխատող անձինք ստիպված կլինեն աշխատավայրում ներկայացնել կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավատող սերտիֆիկատ կամ պատվաստման հավաստագիր։ Ըստ համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի՝ սա ոչ թե սահմանափակում է, այլ պարտադրանք: Հարցազրույցներից մեկում նա նշեց, որ այդ պարտադրանքները միտված են ոչ թե որպես համավարակի դեմ պայքարին, այլ պատվաստվածների ցուցանիշի ավելացմանը։

Նախարար Ավանեսյանի խոսքով, այս երկընտրանք-պարտադրանքը միտում ունի նվազեցնել աշխատավայրում վարակի ներթափանցման վտանգը և խուսափել հեռավար աշխատանքի անցնելուց։ Սակայն համաճարակաբանի կարծիքով, սա այնքան էլ արդյունավետ լինել չի կարող․«Նախևառաջ, պատվաստված մարդն արդյո՞ք ապահովագրված է, որ չի վարակվելու և չի վարակելու: Մենք այսօր գիտենք, որ ոչ, հնարավոր է: Եվ այսօր արդեն ապացուցված է նաև, որ թե՛ պատվաստված, թե՛ չպատվաստված, մարդը նույն կերպ է վարակում, վարակելիությունը նույնն է: Այսինքն, մարդիկ կարող են մի քիչ ավելի քիչ վարակվեն և այլն, բայց փաստն այն է, որ մենք չենք ապահովագրում ու բացառում, որ պատվաստված անձը չի վարակվում ու վարակ փոխանցում»։

Ինչ վերաբերում է թեստավորմանը, ըստ Հովհաննիսյանի՝ եթե մի խմբին պարտադիր է, մյուսին ոչ՝ արդեն իմաստազրկվում է։ «Եթե դու այս խմբին ևս չես վերահսկում, այդ նույն մարդը, որը որ 2 շաբաթը մեկ թեստավորվել է, գալիս է աշխատանքի և վարակվում՝ պատվաստված մարդուց, այսինքն՝ պետությունը չի պաշտպանում նույնիսկ այդ ռեգուլյացիայով: Ապա այդ ռեպրեսիվ մեթոդները, ծախսած գումարները և այլն, ի՞նչ իմաստ ունեն»,- նշեց նա։

Այսպիսով, պատվաստումները ոչ թե ապահովագրում են վարակվելուց, այլ ըստ ԱՆ-ի՝ նվազեցնում են հիվանդության ընթացքում ծանր, ծայրահեղ ծանր և մահացու դեպքերը։ Համաճարակաբանի պնդմամբ՝ մենք երբևիցե չենք վերլուծել մեր մահվան դեպքերը: «Ո՞վ գիտի ի՞նչ ստատիստիկա է ներկայացվել, ո՞վ է մահանում Հայաստանում կորոնավիրուսից: Մենք գիտե՞նք իրենց տարիքասեռային բաշխումը։ Ինչու՞ պետք է պատվաստվեն մարդիկ, որոնք արդեն հիվանդացել են և ունեն բնական ինունիտետ։ Ի դեպ, բազում հետազոտություններով ապացուցվել է, որ դա շատ ավելի արդյունավետ է, քան պատվաստման միջոցով առաջացած իմունային պաշտպանվածությունը»։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս պատվաստանյութերը չեն անցել բոլոր փուլերը, և մենք գտնվում ենք կլինիկական փորձարկումների փուլի շրջանում։ Տրամաբանական է, որ պատվաստումը կարող է ունենալ և՛ լավ, և՛ վատ էֆեկտներ: Եվ այս դեպքում, համաճարակաբանի պնդմամբ՝ պետք է անկեղծ լինել և ասել այն, ինչ կա: «Պետք է ոչ թե պարտադրել, այլ բացատրել։ Որովհետև, պատվաստումների սկզբնական շրջանում նախարարն ասում էր՝ ոչ մի կողմնակի ազդեցություն չունի, երևի մտածելով, որ կողմնակի ազդեցությունը միայն մահերն են: Հետո հասկացան, որ դա այդպես չէ, և մարդկանց մոտ արդեն առաջանում է վստահության պակաս»։

Ըստ նրա, պատվաստումը շատ կարևոր է, եթե ապացուցված է, որ տվյալ պատվաստանյութը արդյունավետ ու անվտանգ է: Եվ նրա կարծիքով, պետք է ստեղծեին մասնագիտական հարթակ, որտեղ կհավաքվեին մասնագետները, կբանավիճեին և կգային մի եզրահանգման, սակայն վերջինս այդպես էլ չստեղծվեց Հայաստանում: Մասնագետներն այսօր բանավիճում են օնլայն տիրույթում, և դա, Հովհաննիսյանի պնդմամբ՝ աբսուրդ է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ