Գլխավոր էջ Գլխավոր Սարի գլխին անվտանգ է

Սարի գլխին անվտանգ է

1085
0

ՀՀ-ում շարունակվում է պատվաստումային գործընթացը և հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ`215278, երկրորդ դեղաչափ`120443։ Որքանով է ցուցանիշը լավ կամ վատ՝ դժվար է ասել, գործընթացը դեռ շարունակվում է։ Ավելին, ինչպես արդեն հայտնի է, Հոկտեմբերի 1-ից գործում են նոր սահմանափակումներ, և ինչպես հասկանում ենք՝ պատվաստումը մեզ պարտադրվում է։

Օրերս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում սկսեց պատասխանել քաղաքացիների հարցերին։ Բնականաբար, գովելի է նախարարի անմիջականությունն ու պատրաստակամությունը։ Մեզ հետաքրքրում է մի քանի կետ, նախ՝ Ավանեսյանն ասում է, որ պատվաստումները չեն պարտադրվում․«Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպանելով օրենքով սահմանված պայմանները»։ Սա, թերևս շատ հետաքրքիր մեջբերում էր, քանի որ իրավիճակը բավականին այլ է։

Մյուս հարցը, որն առանձնացրել ենք հետևյալն է՝ արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով։

Նախարարը պատասխանել է․«Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ»։ Ավելին՝ նախարարը պարզաբանում է, որ դեպքում է դա հնարավոր․«Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը»։

Փաստորեն, պատվաստվելը պարտադիր չէ, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ պետք է հանձնեք, բայց ևս մեկ այլընտրանք՝ կարող եք ապրել քաղաքակրթությունից կտրված սարի գլխին։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ