Աորտայի մասնահատումը բավականին հազվադեպ, սակայն շատ վտանգավոր հիվանդություն է, որն ավելի հաճախ հանդիպում է 50-60 տարեկան մարդկանց մոտ:
Ո՞ր ախտանշաններով կարելի է կասկածել աորտայի հետ խնդիրները:
Այդ վիճակի նախանշանները նման են նրան, ինչ մարդը զգում է սրտի կաթվածի կամ ինսուլտի ժամանակ՝ դժվարություններ շնչառության հետ եւ հեւոց, ցավ կրծավանդակում, գունատություն, բարձր քրտնարտադրություն, ուշագնաց վիճակ եւ այլն:
Ո՞վ է ռիսկի խմբում:
Համարվում է, որ բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիկ դասվում են բարձր ռիսկի խմբին, քանի որ նրանց վիճակը կարող է ժամանակի հետ թուլացնել աորտայի պատը, իսկ դա մեծացնում է դրա մասնահատման հավանականությունը:
Ռիսկը նաեւ բարձր է մարդկանց մոտ, որոնք մշտապես զբաղվում են ծանր ատլետիկայով կամ ֆիզիկական աշխատանքով, ինչպես նաեւ սրտի հիվանդություններով մարդկանց մոտ:
Բացի այդ, որոշ մարդիկ ծնվում են որոշակի հիվանդություններով, որոնք հանգեցնում են աորտայի պատերի թուլացման: Օրինակ՝ Մարֆանի համախտանիշ եւ Էլերս Դանլոսի համախտանիշ:
Նշենք, որ աորտայի մասնահատումը վտանգավոր հիվանդություն է, որը պահանջում է անհետաձգելի օգնություն. դրա բուժումը հաճախ ներառում է վիրահատություն: Բուժումից հետո որոշ պացիենտների կարող է պահանջվել դեղորայք զարկերակային ճնշումը նվազեցնելու համար, որը նրանք, հավանաբար, պետք է ընդունեն ամբողջ կյանքի ընթացքում: