Գլխավոր էջ Գլխավոր Մասշտաբային, գունագեղ միջոցառում կորոնավիրուսի պիկի՞ն

Մասշտաբային, գունագեղ միջոցառում կորոնավիրուսի պիկի՞ն

2618
0

Սեպտեմբերի 9-ի, ժամը 11։30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն՝ առողջացած, 4968-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ։

Սա կորոնավիրուսային ամենօրյա ներկայացվող պատկերն է Առողջապահության նախարարության կողմից։ Եվ ըստ նրանց՝ կորոնավիրուսն այս վերջին՝ դելտա շտամով նոր պիկեր է գրանցում։ Այն առանձնանում է իր առավել արագ վարակելիությամբ, մահացու դեպքերի մեծ քանակով և այլն։ Վերջինս ակտիվ տարածում ունի երիտասարդների շրջանում։ Դելտա շտամի և իր առանձնահատկություններից արդեն խոսել ենք, սակայն այժմ այլ հարց կա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում հայտարարեց․

«․․․ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի, և ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն ․․․»։

Այս ամենը նորից շփոթություն առաջացրեց։ Եթե կորոնավիրուսային թվերն աճում են, հնարավոր է նորից խիստ սահմանափակումներ լինեն երկրում, ինչպե՞ս կարելի է մասշտաբային միջոցառում կազմակերպել։ Վարակը չի՞ տարածվի։ Եթե փակ տարածքներում հորդորում են կրկին դիմակ կրել, պատվաստվել, պահել հակահամաճարակային կանոնները՝ խուսափելու վարակման նոր ալիքներից, ապա այդ գունագեղ միջոցառմանը մարդկանց կուտակումներ չե՞ն լինելու։ Կամ հենց այդ պատվաստված անձինք չե՞ն վարակվի կամ վարակ տարածի։

Թե ինչու են որոշել նման գունագեղ միջոցառում իրականացնել և արդյոք ճիշտ և տեղին էր վերջինիս կազմակեպումը, դա այլ հարց է, բայց եթե իրենց խոսքով՝ կորանավիրուսը օր օրի տարածվում և նոր թափ է առնում, արժե՞ նման մասշտաբային հավաքներ կազմակերպել։ Կամ, ո՞վ է այդ տոնակատարությանը վերահսկելու միմյանց միջև հեռավորության պահպանումը կամ դիմակի կրումը։ Այս հայտարարությունը կասկածի տակ է դնում ԱՆ-ի հայտարարությունները։ Ի՞նչ է դուրս գալիս։ Երկրի ղեկավարը տեղյակ չէ՞ երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակից, թե՞ ԱՆ-ի հայտարարություններն են ուռճացված, և համավարակը այնքան էլ ակտիվ փուլում չի գտնվում, ինչպես ներկայացնում են։ Այնուամենայնիվ, այս ամենը որքան անհասկանալի է, այնքան էլ անսպասելի, քանզի տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հասարակութանն էլ ավելի են մոլորեցնում։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ