Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչ պետք է իմանալ հաճախասրտության (տախիկարդիա) մասին․ Մանրամասնում է բժիշկը

Ինչ պետք է իմանալ հաճախասրտության (տախիկարդիա) մասին․ Մանրամասնում է բժիշկը

6741
0

Հասարակության շրջանում տարածված և հաճախակի անհանգստացնող հիվանդությունների շարքին է դասվում հաճախասրտությունը, այլ կերպ ասած՝ տախիկարդիան։ Հատկապես երիտասարդներին մշտապես թվում է, թե վերջինս կյանքի համար վտանգավոր իրավիճակ է և արդյունքում առաջացնում է խուճապ։ 

Տախիկարդիայի առկայության դեպքում առաջացած խնդիրների, պատճառների, ախտորոշման և բուժման մասին MedMedia-ի հետ զրույցում խոսել է բժիշկ, սրտաբան Անի Աբովյանը։ 

-Ի՞նչ պետք է իմանալ տախիկարդիայի մասին։

Տախիկարդիան սրտի հաճախացած աշխատանքն է։ Հաճախասրտությունը կամ տախիկարդիան նշանակում է, որ ձեր սիրտը կծկվում է սովորականից ավելի հաճախ՝ ավելի քան 100 կծկում 1 րոպեում, իսկ մեր սրտի նորմալ ռիթմը պետք է դիտվի 60-ից 100-ի միջակայքում։

Տախիկարդիայի ի՞նչ տեսակներ ենք տարբերում։

Տարբերում ենք հաճախասրտության նոպայաձև (պարոքսիզմալ) և ոչ նոպայաձև տեսակները։

Ոչ նոպայաձև տախիկարդիայի դեպքում հավանականությունը մեծ է, որ բոլորի մոտ կարող է պատահել։ Ոչ պարոքսիզմալի մասին են հուշում  հատկապես անհանգստությունը, տարբեր սթրեսային իրավիճակները, ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանք։ Իսկ պարոքսիզմալ տեսակները հուշում են  լուրջ խնդիրների և հիվանդությունների։ Եվ այս դեպքում կատարվում են հատուկ հետազոտություններ, որի մեջ են մտնում  էխոկարդիոգրաֆիան, հասարակ էլեկտրասրտագրությունը և նաև սրտի ռիթմի շուրջօրյա հետազոտությունը։

-Ո՞րոնք են տախիկարդիայի առաջացման պատճառները

Մեր ազգաբնակչության և հատկապես երիտասարդների շրջանում խիստ տարածվածն է սրտի արագ աշխատանքի ժամանակ խիստ անհանգտությունը։ Շատերին թվում է դա կյանքի համար վտանգավոր իրավիճակ է, և այսպես դրա հետևանքով առաջանում  է խուճապ,որն էլ հանգեցնում է սրտի աշխատանքի  արագացման։ Չգիտակցված հիվանդն իր սրտի զարկերը կարող է հասցնել րոպեում մինչև 130-140 զարկի։

Վերջինս մեկ այլ ուղղվածության խնդիր է, որը կոչվում է տագնապային համախտանիշ, և եթե խնդիրն արդեն  արմատացած է ու  հաճախակի է կրկնվում, նման դեպքերում անհրաժեշտ է լինում հոգեբույժի ներգրավվածությունը բուժման գործընթացում։

 

Տախիկարդիայի առաջացման պատճառներից են նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, շատ քայլելը։ Տախիկարդիայի նոպայաձև և ոչ նոպայաձև տեսակները հիվանդների մոտ հանդիպում են նաև հորմոնալ խանգարումների ժամանակ, հատկապես՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ։ Պարոքսիզմալի և երբեմն ոչ պարոքսիզմալ  տախիկարդիայի զարգացման համար պատճառ կարող են հանդիսանալ նաև սրտի կառուցվածքային փոփոխությունները՝ սրտի խոռոչների լայնացումները, ինֆարկտը,փականային խնդիրները։ Եվ վերոնշյալ բոլոր գանգատների դեպքում հիվանդն անցնում է   տարրական հետազոտություն՝ էլեկտրասրտագրություն և էխոսրտագրություն։

-Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է կիրառել։

Առողջ ապրելակերպը մեծ նշանակություն ունի հաճախասրտությունը կանխարգելելու հարցում։ Պետք է նշեմ, որ կարևորվում է կարգավորված քունը, սննդակարգը։  Խորհուրդ է տրվում  խուսափել սրտի զարկերը արագացնող սննդանյութերից և շաքար ու կոֆեին պարունակող ըմպելիքներից։

-Ինչպե՞ս է իրականացվում տախիկարդիայի բուժումը։

Առաջին հերթին բուժումը սկսվում է դեղերի միջոցով, ինչպես նաև կատարվում են  ներսրտային միջամտություններ՝  հատուկ սարքավորումներով։ Բժիշկը պարտավոր է աշխատել նաև հիվանդության առաջացման պատճառի ուղղությամբ։ Օրինակ, եթե հայտնաբերվել է վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում,առաջին հերթին բուժումը կազմակերպվում է էնդոկրինոլոգի կողմից, և հիվանդը կրկնակի անգամ այցելում է բժշկի երբ հորմոններն արդեն նորմալ մակարդակի վրա են գտնվում։ Այսպիսով առաջինը իրականացվում է պատճառի բուժում, երկրորդը դեղորայքային բուժում։

Եթե կան դեպքեր, երբ դեղորայքային բուժումը արդյունք չի տալիս, առաջարկվում է հատուկ սարքերի իմպլանտացիաների տեղադրում և կատարվում է ներսրտային վիրահատություն։  Վերջին տարիներին տարածված են ներսրտային փոքր միջամտությունները, որոնց շնորհիվ կարելի է բավականին մեծ հաջողությամբ կարգավորել տախիկարդիան։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ