Գլխավոր էջ Գլխավոր Հոկտեմբերի 1-ից ի՞նչ է սպասվում հանրային ծառայողներին

Հոկտեմբերի 1-ից ի՞նչ է սպասվում հանրային ծառայողներին

4448
0

Ինչպես համավարակը, այնպես էլ վերջինիս դեմ իրականացվող պատվաստումային գործընթացները շարունակում են օրակարգում մնալ։ Ի՞նչ ենք անում մենք։ Ստեղծում անվստահություն այդ գործընթացի վերաբերյալ, առաջացնում տարատեսակ շփոթություններ, բայցև հորդորում գնալ և այդ ամենի մի մասը դառնալ։ Մարդկանց, աշխատող քաղաքացիներին դնելով երկընտրանքի առաջ՝ ուզում են ինչ-որ ցուցանիշ գրանցել։

Սկզբում ԱՆ-ի շատ ներկայացուցիներ ամեն հարմար առիթի ասում էին, որ ի տարբերություն այլ՝ հարևան երկրների պատվաստումային քաղաքականության, մեզ մոտ այն կամավոր բնույթ է կրելու։ Բայց պարզ է, չէ՞, որ իրենց սպասելիքները չարդարացվեցին և քաղաքացիների հոսք չնկատվեց պատվաստումային կետերում՝ չհաշված օտարերկրացիների մեծ հոսքը։ Նրանք էլ պատվաստանյութեր իրացնելու այլ քաղաքականություն մշակեցին։ Այն պատվաստանյութերը, որոնց մասին տարատեսակ վարկածներն ու իրական դեպքերի օրինակները դեռևս շարունակում են զարգանալ։ Պատվաստումներին, իհարկե, շատերն էին գուցե սպասում, քանի որ ինչպես շատ այլ հիվանդությունների դեպքում, մտածում էին այս համավարակի դեմ ևս վերջինս կլինի արդյունավետ և կյանքեր փրկող։ Սակայն, ամեն ինչ այլ ընթացք ունեցավ։

Օրերս, Կառավարությունը նախաձեռնեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել, որով նախատեսում է, որ պատվաստում չանցած հանրային ծառայողներին կարող են աշխատանքից ազատել պատվաստում չանցնելու կամ թեստավորման բացասական արդյունք չներկայացնելու հիմքով:

Օրենքի նախագծից մի հատված ներկայացնում ենք ստորև՝ առանց խմբագրման․

«Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել փոփոխություն և լրացումներ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ Օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։ Միաժամանակ, որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել»։

Ի՞նչ է դուրս գալիս, որ այս ամենն այնքան էլ կամավոր բնույթ չի կրելու։ Կարելի է ենթադրել, որ սա արվում է իրենց «ապահովագրելու» համար։ Այպիսով, ԱՆ-ի ավելի վաղ հայտնած որոշումը օրինականացվում է, գուցե այն նպատակով, որ կարողանան խուսափել իրենց դեմ իրականացվող իրավական գործողություններից, որոնք շատ հնարավոր է որ լինեն հենց աշխատող և պատվաստում չցանկացող անձանց կողմից։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ