Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ը․ վարակվածության թվի աճ, պատվաստման գործընթաց

Covid 19-ը․ վարակվածության թվի աճ, պատվաստման գործընթաց

568
0

Այսօր՝ օգոստոսի 20-ին, գրանցվել է Covid 19-ով վարակվածության 508 նոր դեպք։ Շատերին է հայտնի, որ վարակի տարածման տեմպերը մեր երկրում արագացել են, սա ասել են նաև ոլորտի պատասխանատուները։ Պատճառների մասին շատ է խոսվել, հնչել են տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ։ Իրականում, պարզ է, որ պատկերը երկրների մեծ մասում գրեթե նույնն է և պետություններից յուրաքանչյուրը մշակել և իրականացնում է վարակի դեմ պայքարի իր մեթոդները, որոնք, ի դեպ գրեթե նույնն են։

Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ։ Արդեն պարզ է, որ նախարարության հիմնական քայլերն ուղղված են քաղաքացիների պատվաստմանը և այդ մասին մանավանդ վերջերս հաճախ է խոսվում։ Թիրախում, ինչպես ենթադրվում է պետական համակարգերի աշխատակիցներն ու ուսուցիչներն են։ Եթե ասենք, որ նրանց պարտադրվում է պատվաստվել՝ սխալ կլինի, քանի որ պատվաստման պարտադրանք որպես այդպիսին չկա, բայց եթե չեն ցանկանա պատվաստվել, ապա 14 օրը մեկ պետք է հանձնեն թեստ և ունենան բացասական պատասխան, դե պարզ է՝ վճարելու են իրենց գրպանից։ Որքանով է ճիշտ կամ սխալ որոշումը թողնում ենք Ձեզ նաև ինքներդ որոշեք կամավո՞ր է պատվաստումը, թե ոչ։

Դե իհարկե, օր օրի ավելացող վարակման թվերի ֆոնին, գուցե պատվաստումը միակ ու ամենաարդյունավետ միջոցն է։ Իսկ նախարարությունը պատվաստումային քարոզչություն է իրականացնում։ Սա, ի դեպ, ամբողջ աշխարհում է ընթանում։

Նշենք, որ «Դելտա» շտամը մեզ մոտ բավական ակտիվ տարածվում է, ըստ օրերս նախարար Ավանեսյանի հրապարակած վերջին տվյալների՝ սեկվենավորված 64 նմուշից 51-ում եղել է «Դելտա» շտամ, որն ըստ բժիշկների, ավելի արագ է տարածվում և ավելի վտանգավոր է։

Իսկ երեկվանից՝ օգոստոսի 19-ից, Առողջապահության նախարարությունից նորից հիշեցնում են, որ դիմակ կրելու պահանջը դեռ արդիական է։

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց․«Կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման ռիսկն օրեցօր աճում է։ Վերջին օրերի ընթացքում Հայաստանում գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության օրական դեպքերի ակնհայտ աճ: Միջազգային գործընկերների կանխատեսումներով 9-10 օրվա ընթացքում դեպքերի թիվը կհատի 1000-ը: Ինչպես կարելի է կանխել վարակումը` պատվաստվեք և կրեք դիմակ»։

Թերևս պարզ է՝ նոր ուսումնական տարվա մեկնարկով՝ վրակվածների թիվը կավելանա։ Իհարկե, ոչ ոք չի կարող պնդել, որ պատվաստումը սխալ ուղի է, բայց գուցե կարելի էր մշակել այլընտրանք, երբ մարդ ինչ-ինչ գործոններից ելնելով՝ չի ցանկանում պատվաստվել։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ