Գլխավոր էջ Հարցազրույցներ «Գյումրեցին այլևս չի գնա Երևան՝ վիրահատվելու»․ Արմեն Իսահակյան

«Գյումրեցին այլևս չի գնա Երևան՝ վիրահատվելու»․ Արմեն Իսահակյան

46223
0

Դեռ 2020թ․ հուլիսին, կառավարությունում քննարկվում էր նախագիծ, ըստ որի՝ Գյումրիում գործող երեք բուժհաստատություններ պետք է միանային «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Որոշումն ընդունվեց, սակայն այն պաշտոնապես միավորվեց բոլորովին վերջերս՝ ըստ «Գյումրի» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի հրապարակման։ Ինչո՞վ է պայմանավորված գործընթացի տևական լինելը, MedMedia.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց, որ գործընթացը դեռևս վերջնական ավարտված չէ, և այն շարունակվում է, մեկ օրում արվող պրոցես չէ։

Իսկ թե արդյո՞ք արդարացված է միավորման որոշում իրականացնելը, տնօրենն ասաց, որ դրա պատասխանը կարող են տալ մոտ 1 ամսից, երբ ամբողջովին ավարտված կլինի այս գործընթացները և կկարողանան գնահատական տալ։ «Այդ որոշումը քննարկվել է կառավարությունում և մարզպետարանում, և նրանք իրենց համաձայնությունն են տվել։ Այս ամենի իրականացումը դրված է ոչ միայն ինձ վրա, այլև ամբողջ մարզպետարանի և շատ այլ մասնագետների վրա։ Եվ արդեն մենք կատարել ենք առաջին անգամ այնպիսի վիրահատություն, որը նախկինում երբևէ չի կատարվել այստեղ։ Բայց արդարացված լինել-չլինելը այլ հարց է»։

Խոսելով ուռուցքաբանական դիսպանսերի մասին, Արմեն Իսահակյանը նշեց, որ այս մասով հիմա չի կարող ինչ-որ բան ասել, գուցե այնտեղ  խնդիրներ են եղել։ Եվ անդրադառնալով ճառագայթային ծառայությանը, որը տեղափոխվել է Երևանը, տնօրենն ասաց․ «Դեռ ութ ամիս առաջ է քննարկվել դա, հասկացել են, որ իրենց սարքավորումները հին են, Երևանում ավելի լավ և ժամանակակից սարքավորումներ կան, և մարդիկ ավելի լավ պայմաններով կարող են բուժում ստանալ։ Օրինակ, եթե ուռուցքաբանական դիսպանսերում դրված է սարքավորում, որ տարիներ շարունակ չի վերալիցքավորվել, ըստ էության՝ տարիներ շարունակ արդյունավետ չի եղել, և այս դեպքում ավելի լավ սարքավորումներով մարդիկ կգնան Երևան ու կշարունակեն բուժման այդ ծառայությունից օգտվելը՝ ավելի լավ ու ժամանակակից մեթոդներով։ Եվ արժե՞ր, որ այդ վնասը կրեր հիվանդը, ինչ է թե՝ չհասնի Երևան»։

Արմեն Իսահակյանը նկատեց, որ նախկինում շատ վիրահատություններ չեն կարողացել իրակացնել, իսկ հիմա՝ միավորումից հետո, մասնագետներին Երևանից հրավիրում են Գյումրի։ «Կարելի էր, չէ՞ բժիշկներ կանչել Երևանից և արվեր այն վիրահատությունները, որոնք ընդհանրապես չեն արվել այստեղ։ Բայց հիմա, քանի որ գործընթացը ընթացքի մեջ է, ավարտենք, նոր ես Ձեզ սպառիչ պատասխան կտամ այս մասով։ Բայց կարող եմ ասել,որ երկու շաբաթը մեկ երևանյան լավագույն մասնագետները գալու են Գյումրի ԲԿ, կատարեն հետազոտություններ,որպեսզի վիրահատություններ իրականացնեն։ Գյումրեցին այլևս չի գնա Երևան՝ վիրահատվելու, օրինակ՝ գլխավոր ուռուցքաբանի մոտ, նա արդեն մեզ մոտ կկատարի վիրահատությունը»։

Այն հարցին, թե արդյո՞ք միավորման արդյունքում ուռուցքաբանական դիսպանսերի աշխատակիցները չեն մնացել առանց աշխատանքի, Արմեն Իսահակյանն ընդգծեց, որ ոչ մի կրճատում չի եղել։ «Եղել են միայն վարչական մասից, որոնք դիմել են տարիքից ելնելով՝ թոշակառուները, մենք իրենց պարգևավճարներ և շնորհակալագրեր ենք տվել, մենք գնահատել ենք իրենց աշխատանքը»։ Ըստ «Գյումրի» ԲԿ-ի տնօրենի՝ նա այս գործընթացին միացել է այն ժամանակ, երբ բոլորը իրենց համաձայնությունը տվել են, ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենը՝ իր աշխատակիցներով, մարզպետարանն էլ որոշում է կայացրել, որ միավորմանը տա դրական եզրակացություն, որից հետո հաստատվել է։ «Որոշման հաստատումից հետո  արդեն ասել են՝ միանամ գործընթացին, այսինքն՝ ընդունիր այսքան աշխատող, այսքան գույք և եթե կարող ես՝ բարելավիր։ Ես էլ միանշանակ կբարելավեմ այն»,- նշեց տնօրենը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ