Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված մարդիկ կպաշտպանվե՞ն Դելտա շտամից

Պատվաստված մարդիկ կպաշտպանվե՞ն Դելտա շտամից

1060
0

Պարոն Մելիք-Նուբարյան ո՞րն է կորոնավիրուսի սկզբնական, կորոնավիրուսի Բրիտանական ու Դելտա շտամերի տարբերությունը:

Դավիթ Մելիք-Նուբարյան-Հիմնական տարբերությունը կայանում են նրանում, որ Դելտա տարբերակը զգալի՝ առնվազն 40-60%-ով ավելի արագ է տարածվում, ավելի բարձր է հոսպիտալացման ռիսկը և առկա է նախնական տեղեկատվություն, որ այն նվազեցնում է բնական ճանապարհով ձեռքբերված հակամարմինների չեզոքացնող հատկությունը։ Գործնական դաշտում դա նշանակում է, որ 4-րդ ալիքը կարող է լինել ավելի ծանր քան 3-ը։

Մի՞թե ստեղծված պատվաստանյութերը կպաշտպանեն մարդուն Դելտա կամ Բրիտանական շտամերից։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Սա շատ կարևոր և մարդկանց առավել հաճախ հետաքրքրող հարցերից մեկն է։ Այո՛, ամբողջությամբ՝ երկու դեղաչափով, պատվաստված մարդիկ գրեթե նույն չափով պաշտպանված են Դելտա տարբերակից, որքան Ալֆայից, սա հատկապես վերաբերվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքին։

Ստեղծված իրավիճակը կհանգեցնի՞ պարտադիր պատվաստումների։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Դժվար է կանխատեսել։ Այս հարցը կարծում եմ պետք է դիտարկել անհատի և հանրության շահերը բալանսավորելու տեսանկյունից։ Սա այն իրավիճակն է, երբ անհատն իր գործողություններով կամ անգործությամբ կարող է իրական վնաս հասցնել թե՛ մյուս մարդկանց, թե՛ պետությանը։ Եվ այս առումով լավ կլիներ ընտրել գործողությունների այնպիսի տարբերակ, որը առավելագույնս կհամապատասխանի մեր հասարակության, պատկերացումներին, տեսլականին արժեհամակարգին։

Ի վերջո պե՞տք է պատվաստումների գործընթացը դարձնել պարտադիր կամ ստիպողական։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Մենք պատվաստումները դիտարկում ենք որպես մեխանիկական գործընթաց, հաճախ մոռանալով դրա բուն էությունը և նպատակները։ Իսկ դրանք հետևյալն են՝ պաշտպանել հենց պատվաստվողին, իր հարազատներին, իր հետ շփում ունեցող ծանոթ և անծանոթ մարդկանց և ի վերջո ամբողջ հասարակությունն ու պետությունը։ Եվ եկեք միասին մտածենք և պատասխանենք այս հարցերին. ինչու՞ պետք է պաշտպանվենք, արդյոք՞ պետք է պաշտպանենք մեր շրջապատը և համարում ենք մեզ պատասխանատու Հայաստանի անվտանգության համար, թե ոչ։ Կախված այս հարցերի պատասխաններից կձևավորվի մեր հասարակության դիրքորոշումը պատվաստումների վերաբերյալ, որն էլ հուսով եմ հիմք կհանդիսանա այս հարցում պետության քաղաքականության համար։

Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել պատվաստումային գործընթացում մարդկանց վստահությունը բարձրացնելու համար։

Դավիթ Մելիք Նուբարյան- Նախ պետք է հասկանալ անվստահության պատճառները և փորձել հակազդել դրանց։ Մարդիկ ունեն օբյեկտիվ հարցեր և երբ չեն ստանում վստահելի պատասխաններ, ապա այդ ամենը ստեղծում է լավ միջավայր զանազան ասեկոսեների, սխալ, իսկ որոշ դեպքերում ակնհայտ կեղծ տեղեկության տարածման համար։ Հետևաբար, մարդկանց հետ աշխատանքը պետք է լինի առաջնահերթ, հետո նոր կիրառվի մնացած գործիքակազմը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ