Գլխավոր էջ Uncategorized Շենգավիթ ԲԿ-ում միանգամից երեք զինվոր է ծնվել․ երջանիկ մայրիկը տուն գնաց

Շենգավիթ ԲԿ-ում միանգամից երեք զինվոր է ծնվել․ երջանիկ մայրիկը տուն գնաց

4091
0

Երեք առողջ տղա, երեք ապագա զինվոր․ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդաբերական բում է եղել։ Բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է լույս աշխարհ եկել։

Medmedia.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի խոսնակ Անուշ Բադալյանը նշեց, որ եռյակը ծնվել է , առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման։

« Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակչուհի 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Երիտասարդ զույգը արդեն մեկ արու զավակ ուներ: Արեգը, Արենը և Արամը ծնվել են ս․թ․ հուլիսի 21-ին, 1700,1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ»,-նշեց Անուշ Բադալյանը և հավելեց․

«Իհարկե, հեշտ չէ, երբ խոսքը եռյակների մասին է, սակայն և՛ երիտասարդ մայրիկը, և՛ մեր հոգատար բուժանձնակազմը հնարավոր ամեն բան արել են, որպեսզի նորածինները դուրս գրվեն առողջ»,-ասաց մեր զրուցակիցը:

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև Լաուրա Միրզոյանի բժշկուհու՝ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ սկզբում կարծել են, թե զույգ է, այնուհետև, հերթական հետազոտության ընթացքում պարզվեց, որ եռյակ է ծնվելու․

« Աննկարագրելի էր այն պահը, երբ ընտանիքի հայրը տեղեկացավ, որ եռյակ է լույս աշխարհ գալու, կատակով անգամ ասաց՝ բժշկուհի էլ չեմ գա ձեր մոտ, հաջորդ անգամ չորսը կդառնան(ծիծաղում է)։ Ընտանիքի հայրը զարմացած և իհարկե ուրախացած ասաց, թե պետք է գնա ՌԴ աշխատելու, որպեսզի պահի տղաներին։ Ի դեպ՝ զույգն արդեն մեկ տղա ուներ և իմանալով, որ եռյակ են ունենալու, հույս ունեին,որ գոնե մեկը աղջիկ կլինի, բայց արի ու տես,որ միանգամից չորս տղաների ծնող կդառնան, նրանց տղան արդեն 5 տարեկան է»,-նշեց բժշկուհին։

Նշենք, որ կեսարյան հատումն իրականացրել է հենց Կարինե Հովհաննիսյանը, 34-35 շաբաթականում․

«Ի դեպ, Լաուրան այն բացառիկ հղիներից է, ով շատ թեթև է իրեն զգացել։ Կան հղիներ, ովքեր մեկ երեխա պետք է ունենան, բայց շատ ծանր են տանում ընթացքը, բայց եռյակով հղի կինը ամբողջ ընթացքում չի գանգատվել ոչնչից։ Երեխաները ծնվել են առողջ և ճիչով։ Ըստ զույգի՝ իրենց բարեկամների գենետիկայում կա եռյակ ունենալու դեպք։Մայրիկը իր զավակների հետ հիվանդանոցից դուրս է գրվել շաբաթ օրը»,-պատմեց բժշկուհին։

Ծնվելուց հետո երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հսկողության տակ։

Բժշկական կենտրոնից դուրս գրվելուց, երիտասարդ մայրկը իր շնորհակալական խոսքն է հղել, նշելով․

«Շնորհակալ եմ ամբողջ բժշկական անձնակազմից հոգատար, ջերմ ու պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ իմ բժիշկներին երեխաներիս կյանք պարգևելու համար: Չկա առավել մեծ երջանլկություն, քան բազմազավակ մայր լինելը»։

Երեխաների նկարները հրապարակված են ծնողների համաձայնությամբ:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ