Գլխավոր էջ Գլխավոր Քրեական գործի հարուցում, կալանավորում և ազատ արձակում․ Արմեն Չարչյանի երկու ամսվա ճակատգիրը

Քրեական գործի հարուցում, կալանավորում և ազատ արձակում․ Արմեն Չարչյանի երկու ամսվա ճակատգիրը

579
0

Այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ՝ որոշեց գրավի և չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։

Չարչյանի անվան շուրջ խոսակցությունները սկսվեցին հունիսի 18-ից, երբ նրա մասնակցությամբ ձայնագրություն տարածվեց, իսկ ՀՔԾ-ը քրեական գործ հարուցեց։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը հունիսի 18-ի ժողովի ժամանակ իր աշխատակիցներին ասել էր, որ գնան ընտրության: Չքննարկելով և որակումներ չտալով պրոֆեսորի քայլերին, ուզում ենք նշել, որ ինֆորմացիայի արտահոսքը եղել է բուժհաստատությունում աշխատող բուժաշխատողի կողմից, ով չգիտես թե ինչու իր դժգոհությունը չի հայտնել անձամբ պրոֆեսորին, չի ասել, որ ունի իր համար նախընտրելի այլ ուժ, որի օգտին էլ քվեարկելու է, այլ՝ նախընտրել է ծածուկ ձայնագրել տնօրենի խոսքերը և հրապարակել այն։ Բնականաբար, նրա «համարձակ» քայլը շատ ավելի բարձր կգնահատվեր, քան՝ գաղտնի արված ձայնագրության հրապարակումը։

Հունիսի 18-ին Չարչյանը՝ ձերբակալվեց և ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան, մինչ այդ մի խումբ բժիշկներ, հասարակական ու քաղաքական գործիչներ հայտնեցին իրենց դժգոհությունն ու մտահոգությունը, ավելին՝ Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը կազմակերպեց ստորագրահավաք՝ Չարչյանի ազատ արձակման պահանջով, որին մասնակցեցին ոչ միայն բժիշկներ, այլև հասարակական ու քաղաքական գործիչներ։

Հունիսի 23-ին դատարանը Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Շենգավիթ ԲԿ, որտեղ նրան այցելեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ չհաղորդելով առողջական վիճակի մասին որևէ մանրամասնություն։

Կալանավորելու որոշումից հետո Իզմիրլյան բժշկական կենտրոնի բժիշկները հայտարարեցին, որ հրաժարվելու են բուժել որևէ մեկին, սակայն փաստն այն է, որ նրանք չդադարեցին աշխատել։ Չարչյանի կալանավորման որոշմանն արձագանքեց նաև Մայր աթոռը՝ տեղի ունեցածը որակելով հալածանք և անհիմն հետապնդում։ Ի դեպ, նշենք, որ Չարչյանի ղեկավարած բժշկական կենտրոնի սեփականատերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնինն է:

Հունիսի 28-ին մի խումբ բժիշկներ ՀՔԾ դիմաց ակցիա իրականացրին՝ ի աջակցություն Չարչյանի նաև նամակ-երաշխավորագիր հանձնեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։ Նույն օրը պրոֆեսորի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն ներկայացրեցին ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արմինե Նավոյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Աննա Կոստանյանը, Վարդան Վարդանյանը։ Կալանավորման որոշումից հետո մի քանի օր անընդմեջ մի խումբ բժիշկներ կազմակերեցին ակցիաներ՝ պահանջելով ազատ արձակել Չարչյանին։ Իհարկե, կատարվածի վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ, բայց փաստն այն է, որ տեղի ունեցածը դեռ երկար ժամանակ չի մոռացվի։ Անկախ ամեն ինչից՝ չի մոռացվի նաև այն, որ բժշկական համայնքը չցուցաբերեց բավարար համախմբվածություն։ Հույս ունենանք, որ բժիշկների մեծ համայնքը մի գեղեցիկ օր կհամախմբվի և դա կլինի շատ լավ առիթով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ