Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ կապ ունի Ալեքսանդր Մալայանը նոր քրեական գործի հետ

Ի՞նչ կապ ունի Ալեքսանդր Մալայանը նոր քրեական գործի հետ

1545
0

Մարտի 2-ին հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդական, ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման պետ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու` պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Ըստ մեղադրանքի` Ա. Մ.-ն, 2005-2018թթ-ին զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ վերջինս դժգոհություններ է ունեցել տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Ս. Օ.-ի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել` նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում: Ապա  բժշկական կենտրոնի տնօրենը 2019թ. մարտի 18-ին իր մոտ է կանչել Ս. Օ.-ին և առաջարկել կաշառք տալ Արսեն Դավթյանին, սակայն Ս. Օ.-ն, մինչ այդ տեղեկացված լինելով ԱԱԾ աշխատակից Ա. Մ.-ի և բժշկական կենտրոնի տնօրենի միջև ձեռք բերված պայմանավորվածության և նրանց` վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել տնօրենի առաջարկը:

Մենք տեղեկացանք, որ հաղորդագրության մեջ նշված ԲԿ-ի տնօրենը, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանն է։ Նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, ոչ էլ դուստրը՝ բժիշկ Ելենա Մալայանը պատասխանեց հեռախոսազանգին։

Նաեւ տեղեկացանք, որ նախարարի անվտանգության գծով նախկին խորհրդականը Արման Մելքոնյանն է, որին էլ այդ մեղադրանքը առաջադրվել է։ Իսկ տնօրենի ֆինանսական գծով տեղակալն էլ Սմբատ Օհանյանն է։
Մալայան կենտրոնի մեր աղբյուրը փոխանցեց, որ այս գործով դեռեւս գործողություններ են կատարվելու եւ հնարավոր է նոր անուններ ի հայտ գան։

Նշենք, որ Արման Մելքոնյանը առողջապահության նախարարի խորհրդական էր աշխատում դեռևս 2005 թվականի հուլիսից, կրթությունը՝ բարձրագույն իրավաբանական, բարձրագույն ճարտարագիտական: Նա խորհրդատվություն է մատուցում օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական ծառայությունների իրականացման բնագավառներում՝ ապահովելով նախարարության աշխատակազմի առողջապահականպետական տեսչության աշխատանքների համակարգման և կազմակերպման, տեսչական գործառույթների իրականացման գործառույթը, ինչպես նաև խորհրդատվություն է մատուցում նախարարի կողմից մատնանշված այլ բնագավառներում:

Մեկ այլ քրեական գործով ամբաստանյալ Արսեն Դավթյանի պաշտպան Երեմ Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ՀՔԾ-ի հաղորդագրությունից, սակայն հրաժարվեց հարցերի պատասխանելուց՝ ասելով, թե ելնում է նախաքննության գաղտնիքից եւ շահից։

Նշենք նաեւ, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԱԾ վերը նշված պաշտոնատար անձի` Արման Մելքոնսյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ