Գլխավոր էջ Նորություններ Լոռու մարզում 17 քաղաքացի գտնվում է կարանտինի մեջ

Լոռու մարզում 17 քաղաքացի գտնվում է կարանտինի մեջ

1243
0

Լոռու մարզում մինչ այս պահը թեպետ կորոնավիրուսով վարակման դեպքեր չեն արձանագրվել, 17 քաղաքացի դեևւս գտնվում է կարանտինի մեջ:

Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մարզում իրավիճակը վերահսկելի է ոչ միայն կորոնավիրուսով, այլ նաեւ մյուս վիրուսներով պայմանավորված, այս մասին է գրում armtimes.com-ը:

«Այս պահի դրությամբ կորոնավիրուսի կասկածով անձ մարզում չունենք: Ունենք միայն կոնտակտային անձինք, որոնք վերադարձել են Իրանից, Իտալիայից եւ Չինաստանից»,- ասաց Լուսինե Վարդանյանը՝ նշելով, որ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերման պահից (նախորդ տարեվերջից) մինչ օրս մարզի տարածք է մտել հիշյալ երկրներից 58 քաղաքացի, որոնցից 41-ն արդեն անցել է 14-օրյա կարանտինը, նրանց մոտ ոչ միայն ջերմության բարձրացում, այլեւ որեւէ այլ խնդիր չի արձանագրվել՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, լիովին առողջ վիճակում են:

«17 հոգի դեռեւս գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, սակայն որեւէ կլինիկական ախտանշաններ չունեն: Պարզապես հսկողության տակ են, գտնվում են իրենց տներում: Նրանց նկատմամբ ամենօրյա հսկողություն իրականացնում են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունների բժիշկները, ինչպես նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Լոռու մարզային կենտրոնի բժիշկները»,- հավելեց  զրուցակիցը:

Թեհրան-Երեւան վերջին չվերթն իրականացրած ինքնաթիռում, որի ուղեւորներից մեկի մոտ էլ հաստատվեց Հայաստանում առաջին ու առայժմ միակ կորոնավիրուսի դեպքը, եղել են նաեւ կոնտակտային 2 հարազատ քույրեր, որոնցից մեկը Լոռու մարզի բնակիչ է, մյուսը՝ Երեւան քաղաքի: Նրանք տեղափոխվել են Ծաղկաձոր. «Քանի որ գտնվել են բարձր համաճարակաբանական վիճակում, այդ 2 կանանց հատուկ շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք Ծաղկաձորի համապատասխան հյուրանոց: Նրանց մոտ եւս կլինիկական ոչ մի ախտանշան չի եղել, պարզապես նույն ինքնաթիռում են եղել»:

Վարչության պետի պաշտոնակատարը վստահեցրեց՝ մարզի ամբուլատորիաները փետրվարից անցել են ամենօրյա աշխատանքային ռեժիմի, հետեւաբար բոլոր առողջապահական հիմնարկները բաց են:

Ըստ Լուսինե Վարդանյանի՝ մարզի բոլոր հիվանդանոցներն արդեն ունեն համապատասխան մեկուսարաններ, ապահովված են համապատասխան արտահագուստով ու մաքրող նյութերով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում ընդունել կորոնավիրուսով վարակված մարդու: «Նախարարի հրամանով Տաշիրի բժշկական կենտրոնը կցված է նաեւ Գոգավանի մաքսակետին»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ