Գլխավոր էջ Օրվա թեման «Նա աչքերը բացեց, ձեռքս ամուր բռնեց ու ասաց, որ պատրաստ է այս...

«Նա աչքերը բացեց, ձեռքս ամուր բռնեց ու ասաց, որ պատրաստ է այս աշխարհը թողնել ու հեռանալ»․ դրվագ Բրազիլիայի Հայոց Թեմի առօրյայից

1751
0

Medmedia.am-ը զրուցել է ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ.ՆԱՐԵԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ հետ, փորձելով հասկանալ, թե հայ եկեղեցու սպասավորները մարդասիրական ի՞նչ աշխատանքներ են ծավալում արտերկրում։ Սրբազանը նշեց, որ ծառայության անբաժան մաս է համարվում հիվանդախնամությունը․

«Իմ հովվական ծառայության 30 տարիների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել հիվանդախնամությանը: Ուսումնասիրելով քրիստոնեական եկեղեցիների ծոցից դուրս եկած շատ ու շատ հայրերի գրվածքները համոզվեցի, որ հոգևորականի առաքելության առանցքային տեղերից մեկը դա հիվանդների մասին հոգ տանելն է, նրանց քաջալերելը և գոտեպնդելը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դեռևս սարկավագ լինելուս տարիներին հիվանդախնամության պատրաստության դասեր եմ անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում գտնվող ամենամասնագիտացված քաղցկեցի կենտրոնի մեջ (The University of Texas M. D. Anderson Cancer Center): Այդ հիվանդանոցի գիտելիքները էապես օգնեցին ինձ իմ հետագա  հոգևոր սպասավորության տարիներին հանդիպող հիվանդների և նրանց հարազատների հետ աշխատելուն: Մի քանի տարի առաջ մայրս ծանր հիվանդությունից ցավոք սրտի վախճանվեց, նրան խնամելը ինձ ևս օգտակար եղավ հետագայում հիվանդների հետ ավելի դյուրին շփվելու համար»,-նշեց Սրբազանը:

Որքանո՞վ է կարեվոր հոգեվորական-հիվանդ կապը։

«Մարդն ինչպես գիտենք կազմված է հոգուց և մարմնից, և բոլորս ենք ականատես եղել, որ հիվանդության ժամանակ մարդն աճապարում է գնալ բժշկի մոտ, նրանից խորհուրդ հարցնել, և ի ՞ նչ է անում նրան բժիշկը՝ ստուգում է, ասում է նրա հիվանդության աստիճանը, նրան դեղահաբեր նշանակում և առաջ Աստված վերջում նրան բուժում է: Նույնն է նաև հոգևորականի պարագայում, հոգևորականը նույնպես բժիշկ է, բայց այս անգամ ոչ թե մարմնի այլև հոգու: Անկեղծորեն կասեմ, որ երբ այցելում եմ հիվանդին, նրա համար աղոթք եմ անում, տալիս եմ  սուրբ Հաղորդություն, վերջում զգում եմ, թե ինչպիսի ուժ դուրս եկավ իմ միջից, ինչ զորություն կար այս աղոթքի ուժի մեջ: Իմ ծառայության այս տարիներին հանդիպել եմ շատերի, որոնք սեփական կամքով ցանկություն են հայտնել հանդիպել և բժշկության աղոթք անել, և հակառակը՝ շատերին ես եմ առաջարկել, որպեսզի այցելեմ նրանց, որպեսզի միասին աղոթենք և Աստծուց խնդրենք անհրաժեշտ բժշկությունը: Կարծում եմ հասարակությունը այսօր կարևորում է նման հանդիպումները»:

Ինչ ծրագրերով եք ներկայանում, կա՞ հատուկ ծրագիր, որի համաձայն այցելում եք հիվանդանոցներ։

«Նշեցի, որ երկար տարիներ առաջ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի The University of Texas M. D. Anderson Cancer Center-ում  հատուկ դասընթացների եմ հաճախել, այդ ծրագիրը շատ ոգևորիչ էր, պատասխանատու և հոգեբանական տեսանկյունից նաև շատ վտանգավոր, քանի որ մենք ունեինք հատուկ առաջադրանքներ, որոնցից մեկը, օրինակ՝ վերաբերում էր մահացած հիվանդների հարազատների հետ զրուցել, նրանց ցավը փոքր ինչ մեղմել, դա հեշտ բան չէ, վստահ եմ բոլորն էլ զգացել են: Իսկ այստեղ՝ Բրազիլայում մենք մշտամնա կապի մեջ ենք գտնվում մեր հավատացյալների հետ, մեր գաղութի բոլոր անդամների հետ: Ուրախ եմ, որ գաղութը ընտանեական է, դրա վառ ապացույցներից մեկը այն է, որ եթե մի ընտանիքում հիվանդ կա և լուր էլ  չստանանք այդ տվյալ ընտանիքից, ապա հնարավոր չէ համայնքի մեկ այլ անդամից չիմանանք, որ  այդ տվյալ ընտանիքի անդամներից մեկը հիվանդ է, մենք այս ժամանակ նրանց տեղեկացնում ենք և այցելում հիվանդին, միասին աղոթք անում, զրուցում և վերադառնում եկեղեցի:

Միայն հայերի՞ն եք այցելում։

«Ոչ, եղել են դեպքեր, որ աղոթք եմ արել օտարի համար, քանի որ  զգացել եմ, որ տվյալ մարդը իսկապես ցանկություն ունի իր առողջության համար աղոթք կատարելու, և հավատացած եղեք, որ մեծ և ի խորոց սրտի աղոթել եմ նրա առողջության համար: Տեխասի քաղցկեղի կենտրոնի մեջ աշխատելու ժամանակ մենք ազգություն և կրոնական պատկանելիություն չէինք հարցնում, աղոթում և  փորձում էինք օգնել բոլորին: Ցավոք, այսօր Բրազիլիայում հայերի մեջ ևս կան խառնամուսնություններ, և օրինակ եթե ամուսինը հայ է և վատառողջ, վստահաբար կինը օտար կամ տեղացի լինելով ամուսնու ցանկությամբ անպայաման մեզ հրավիրում է բժշկության աղոթք անելու, և լինում է նաև հակառակը՝ ամուսինը հայ չլինելով իր հայ կնոջ համար հրավիրում է հայ եկեղեցու սպասավորին`այստեղ նույնպես կինը ցանկություն է հայտնում: Այս խառնամուսնությունների պարագայում երկու կողմն էլ շատ լավ գիտակցում է, որ իրենք ամբողջ ընտանիքով հայ եկեղեցու մաս են կազմում: Մեր Մայր Եկեղեցին Բրազիլիայում շատ հարգված և շատ սիրված է, և դրա վառ օրինակնեը շատ ու շատ են:

Նկարագրեք խնդրում եմ, ինչպես է տեղի ունենում հանդիպումը, ինչ խոսքերով եք սփոփում հիվանդներին, ինչպես են նրանք ընդունում Ձեզ։

«Պետք է նշեմ, որ ինձ համար այս տարիների փորձառությունը սովորեցրել է, որ գույություն ունեն երկու տեսակի հիվանդներ, մի տեսակը այն  է, որին երբ այցելում ես չի կարողանում տարբերել իր համար վերջին աղոթքն ես անում, թե դա ուղղակի առողջությանը ուղղված աղոթք է, իսկ մյուսը այն տեսակն է, որ հոգևորական տեսնելով ժպտում է, սկսում երկար դադարից հետո խոսել և ամենագեղեցիկը՝ ցանկություն  է հայտնում, որպեսզի իր ձեռքը բռնած աղոթք անեմ իր համար: Խորհրդավոր է ամեն բան մեր կյանքից ներս, կարծում եմ, որ նման դրվագները մեզ համար ուղղակի սովորեցնող պետք է լինեն, սովորեցնել սիրել, հարգել և խնամել կարիքավորին»:

Կարո՞ղ եք հիշել ամենատպավորիչ հանդիպումը։

«Մեկ անգամ հիշում եմ, որ այցելեցի մի տարեց մահամերձ կնոջ, որը երկար օրեր ոչ ոքի հետ չէր խոսել, բայց երբ նրան ասացի, որ սրբազանն է, ինչպե՞ս ես, նա իսկույն աչքերը բացեց, սկսեց խոսել ինձ հետ, ձեռքս ամուր բռնեց ու ասաց, որ պատրաստ է այս աշխարհը թողնել ու հեռանալ, ես պատասխանեցի, որ թող Տիրոջ կամքով լինի ամեն բան: Ընտանիքի ուրախության չափը աննկարագրելի էր: Սա մեկ նախադասությամբ պետք է բնութագրեմ՝ Ես ուղղակի զգացի Աստծո ներկայությունը»:

Եղե՞լ են դեպքեր, երբ ծանր հիվանդը աղոթքի զորությամբ կամ Աստծուն իր մեջ ընդունելով առողջացել է։

«Պետք է ասեմ, որ այս տարիներին շատ եմ հանդիպել հրաշքների, եղել են ծանր դեպքեր, որ տվյալ հիվանդի համար միակ հույսը աղոթքն է եղել, վստահեցնում եմ Ձեզ, որ տեղի է ունեցել հրաշք, բոլորս միասին աղոթելով՝ արժանացել ենք Աստծո ողորմությանը, Աստծո գթասրտությանը, որովհետև Նա է բժիշկը և´ թե մարմի և´ թե հոգու: Այդ հրաշքը պատասախանն է մեր հավատի, մեր սրտից դուրս եկող յուրաքանչյուր աղոթքի, քանի որ, եթե սրտի խորքերից չբխի աղոթքը ամեն բան իզուր կանցնի, տեղի չի ունենա այն, ինչը ժամանակին կատարեց Հիսուս Քրիստոսը: Հավատից և մեր սրտի մաքրության չափից է կախված հրաշքի կյանքի կոչվելը, ի՞նչ ասաց Քրիստոս. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք, ապա կարող եք լեռները տեղաշարժել նույնիսկ»(Մատթեոս 17:19): Մանանեխը փոքրիկ սերմ է, որը մեծանալով դառնում մի մեծ ծառ, այդպես էլ մեր մեջ եղող հավատն է, եթե հավատանք ապա կփոխենք ամեն մի իրականություն: Վստահ եմ, որ Աստված յուրաքանչյուրիս սրտի մեջ ցանել է այդ փոքրիկ մանանեխի հատիկը, ուղղակի այն պետք է խնամենք, ջրենք և միշտ կանաչ պահենք»:

Ի՞նչ եք Ձեզ հետ տանում հիվանդանոց. սնունդ խաչ, աղոթագիրք, որեվէ նվեր։

«Ինձ հետ հիմնականում տանում եմ աղոթագրքեր, ծիսակատարության համար նախատեսված գրքեր, օրինակ՝ Մաշտոց ծիսամատյանը,  որը  մեր եկեղեցու արարողությունների համար  պատրաստված ուղղեցույց է, ինձ հետ է նաև Գրիգոր Նարեկացու Մատեան Ողբերգությունը, որտեղ շատ են հատվածները, որոնք հիվանդի համար աղոթք անելու համար շատ զորավոր են: Վերցնում եմ նաև փոքրիկ խաչեր  և սրբապատկերներ»:

Առաջիկայում նախատեսվա՞ծ է  այց հիվանդանոցներ եվ կրկին Սան Պաուլոյու՞մ։

«Այս համավարակը, քիչ թե շատ խնդիրներ առաջացրեց նաև եկեղեցի-հավատացյալ կապի համար, որովհետև նախկինում  շատ հանգիստ մուտք էինք գործում հիվանդանոցներ և տներ, բայց հասկանում եք, որ համավարակը շատ ու շատ բարդություններ է առաջացնում այդ նպատակաները իրագործելու համար: Բայց ասեմ, որ եղել են այս մեկ ու կես տարվա ընթացքին և´ հիվանանոցներ և´ տներ բազմաթիվ այցեր, թվաքանակով բնական է, որ քիչ: Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ Մայր Տաճարում բազմաթիվ արարողություններ ենք կազմակերպել, որում կարևորել ենք հիվանդների առողջությունը, կատարել ենք ջրօրհնյաց արարողություններ, պետք է նշեմ, որ մի քանի անգամ ժողովուրդն է ցանկություն հայտնել, որ կրկին ջուր օրհնենք և բաժանանենք հիվանդներին, և փառք Ամենակարող Աստծուն շատ ու շատ դրական արձագանքներ են լսելի եղել: Համավարակի պայմաններից ելնելով կազմակերպել ենք նաև մոմավառություն ուղղված մարդկանց առողջության համար, այս անգամ ևս արձագանքը մեծ էր, շատերը չկարողանալով եկեղեցի գալ ուղղակի անուններ ուղարկեցին եկեղեցի, որպեսզի իրենց հիվանդ բարեկամների համար մեկական մոմ վառենք: Այս գեղեցիկ արարողությունը շատերին հուզմունքով լցվեց՝ երբ պատարագը ընդհատեցինք և մոմ վառելով հատ-հատ կարդացինք բոլորի անունները:

Աղոթում եմ, որ Ամենակարող Աստված բոլոր հիվանդներին առողջություն պարգևի, թող բոլորը վստահ լինեն, որ ամեն մի դժվարություն հաղթահարվում է կամքի տոկոնությամբ, և եթե մարդու կամքը ուժեղ է և զորավոր, ապա այն դառնում է հիվանդության դեմ ամենից ուժեղ պայքարող զենքը: Աստված իմաստություն պարգևի նաև մեր բժիշկներին: Շարունակում  եմ  աղոթել նաև Արցախյան այս վերջին պատերազմում վիրավոր մեր հերոս տղաների շուտափույթ առողջության համար: Շատերը առողջանալուց հետո ավելի են կապվում եկեղեցու կյանքի հետ և ամեն մի փոքրիկ առիթով էլ իրենց օգտակարությունն են բերում համայնքին և եկեղեցուն:

Շնորհակալություն հարցազրույցի համար, Աստված օրհնի ձեր աշխատանքը»:

Բրազիլիայի հայոց թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Արամայիս սարկավագ Սողբաթյան

Լրագրող՝ Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ