Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Այն ամենն ինչ անհրաժեշտ են` դրանք փաստերն են, բանականությունը և համերաշխությունը․ Համազասպ...

Այն ամենն ինչ անհրաժեշտ են` դրանք փաստերն են, բանականությունը և համերաշխությունը․ Համազասպ Նահատակյան

1177
0

Սիրելի հայրենակիցներ, մի փոքր ամփոփեմ ներկա իրավիճակը:
Այժմ հայտնաբերված վիրուսը կորոնավիրուսի նոր ենթատեսակ է: Նոր կորոնավիրուսը ինֆեկցիոն հիվանդություն է(COVID-19), որը փոխանցվում է մարդուց մարդուն` հիմնականում խոսելու, հազալու կամ փռշտալու ընթացքում արտադրված կաթիլների միջոցով: Այդ կաթիլները բավականին ծանր են և չեն կարող հեռու տարածվել օդում, տարածվում են մոտ 1 մետր հեռավորության վրա և մնում առարկաների մակերեսին: Սա է պատճառը, որ մարդկանց միջև փոխանցումը կատարվում է միայն սերտ շփման պարագայում: Վիրուսի` առարկաների մակերեսին գոյատևելու հստակ ժամանակն առայժմ հայտնի չէ, այդ պատճառով ավելի լավ կլինի առարկաները հաճախ ախտահանել: Ձեռքերով շատ առարկաների կարելի է դիպչել, հետևաբար խուսափեք ձեռքերով ձեր աչքերին, քթին կամ բերանին դիպչելուց: Հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանը արմունկի ներսային մակերեսով կամ անձեռոցիկով (անձեռոցիկն անպայման այնուհետև նետեք աղբարկղը և լվացեք ձեռքերը): Այլ սուր շնչական վարակների նման, այս դեպքում էլ կարող են դիտվել կոկորդի ցավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն: Որոշ դեպքերում կարող է ավելի բարդ ընթանալ և ուղեկցվել թոքաբորբով կամ դժվարաշնչությամբ: Կարող են վարակվել բոլոր տարիքի անձինք, հակահամաճարակային միջոցառումներին մասնակցել խորհուրդ է տրվում բոլոր տարիքի անձանց: Ավելի բարդ ընթացք ունենալու տեսանկյունից խոցելի են տարեցները և ուղեկցող հիվանդություններ ունեցողները (շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն և այլն): Կորոնավիրուսից մահացությունը կազմում է մոտ 2.5-3%, այս պահին արդեն բուժվել են բոլոր վարակվածների մոտ 50%-ը:
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաէֆեկտիվ մեթոդը ձեռքերը հաճախակի օճառով լվանալն է: Համոզվեք, որ ձեր տան և աշխատավայրի իրերը (սեղան, աթոռ, համակարգիչ, հեռախոս) հաճախակի ախտահանվում են: Հաճախ լվացեք ձեռքերը օճառով, սուր շնչական վարակ ունեցող ձեր ծանոթներին խորհուրդ տվեք տանից դուրս չգալ, գանգատներ ունեցողներին խորհուրդ տվեք դիմել բժշկի, պոլիկլինիկա կամ հիվանդանոց (հաշվի առնելով ԲԿ-ների գերծանրաբեռնվածությունը, առաջնահերթությունը տալ պոլիկլինիկային): Պոլիկլինիկաներում սահմանվել են լրացուցիչ հերթապահություններ` շաբաթ և կիրակի օրերին: Ճանապարհորդելուց առաջ նախապես ծանոթացեք այն երկրի կամ քաղաքի համաճարակային վիճակին, ուր պատրաստվում եք մեկնել:
Ալկոհոլով կամ քլորով մարմնի «օծումը» չի սպանի արդեն ձեր մարմին ներթափանցած վիրուսին: Ալկոհոլի օգտագործումը ոչ մի օգուտ չի տալիս կորոնավիրուսը վերացնելու հարցում:
Սխտորի մասին. սխտորը առողջարար է և ունի որոշակի հակաբակտերիալ հատկություններ, բայց այնուամենայնիվ, այս պահին չկա որևէ հիմնավոր ենթադրություն կամ ապացույց, որ այն կարող է էֆեկտիվ լինել կորոնավիրուսի դեմ:
Կորոնավիրուսը չի կարող տարածվել սննդի կամ մոծակի խայթոցի միջոցով:
Ծուխը կամ հրավառության հետևանքով անջատված գազը ևս չեն կարող օգտակար լինել կորոնավիրուսի դեմ, դրանք շատ վտանգավոր են:
Չինաստանից ծանրոցներ ստանալը վտանգավոր չէ, քանի որ կորոնավիրուսը երկար չի գոյատևում առարկաների մակերեսի վրա:
Այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը չեն պաշտպանի կորոնավիրուսից: Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ այս պահին փորձում են ստեղծել ամբողջ աշխարհում: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է պատվաստանյութերի և պատվաստումների կարևորությունը:
Հակաբիոտիկները ևս արդյունավետ չեն կորոնավիրուսի դեմ, քանի որ այն բակտերիա չէ:
Դիմակների մասին. Առողջ մարդիկ դիմակ կրելու կարիք չունեն: Եթե դուք առողջ եք, բայց խնամում եք մարդու, ով կարող է Կորոնավիրուսով վարակված լինել, ապա դուք պետք է կրեք դիմակ այն ամբողջ ժամանակահատվածում, երբ այդ մարդու հետ միևնույն սենյակում եք գտնվում: Դիմակ կրողները պետք է հետևեն դիմակները հագնելու և կրելու հետ կապված պահանջներին: Դիմակների մեծ պահանջարկն այս պահին ամբողջ աշխարհում ակտուալ է:
Մինչ այս Հայաստանի Հանրապետությունում չկա կորոնավիրուսի գրանցված ոչ մի դեպք, կատարվել է 100-ից ավել թեստավորում, բոլոր արդյունքները բացասական են եղել (թարմացում. մարտի 1-ին արձանագրվել է առաջին դեպքը):
Հայաստան ամեն օր մուտք գործող տասնյակ հազարավոր առողջ(!!) քաղաքացիներին մեկուսացնելու իմաստ և հնարավորություն չկա:
Իրանի սահմանն անցնող բեռնատարների և վարորդների հանդեպ իրականացվում է դինամիկ հսկողություն, վարորդներին տրամադրվում են դիմակներ, բացի անցակետում զննումը, վարորդները զննվում են և նոր դիմակներ են ստանում արդեն Հայաստանում` մի քանի անգամ: Բեռնատարներին Հայաստանի տարածքում ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները, նրանք մեքենայից դուրս չեն գալիս: Չնչին ախտանշանների և 37 աստիճանից բարձր ջերմություն ունենալու դեպքում մեկուսացվում են:
Անցակետում սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, զուգարանները, լվացարանները պարբերաբար ախտահանվում են, անցակետի բոլոր աշխատակիցները պահպանում են սանիտարահիգիենիկ նորմերը:
Քայլեր են մշակվում անհրաժեշտության դեպքում մայրաքաղաքում և մարզերում վարակվածների առկայության դեպքում առանձին մեկուսարաններ նախատեսելու ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում թե բուժաշխատողների և թե պացիենտների համար անհրաժեշտ բժշկական հագուստի և պարագաների պատշաճ ապահովման համար:
Առողջապահության նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, ԱՆ ենթակայության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 24-ժամյա կապի մեջ են իրար հետ, բուժհաստատությունների հետ, արտասահմանցի գործընկերների հետ, սահմանային անցակետերի հետ, լրատվամիջոցների հետ:
Տեղեկատվությունը իրականացվում է լրատվականների, հեռուստատեսության, սոցիալական ցանցերի (պաշտոնական և անձնական էջերի) միջոցով, իրազեկման պաստառները փակցվել և փակցվում են հնարավոր բոլոր անհրաժեշտ վայրերում: Խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Մեր գլխավոր թշնամին վիրուսը չէ, այլ մեր վախերը, չհիմնավորված լուրերը, բամբասանքները: Այն ամենն ինչ անհրաժեշտ են` դրանք փաստերն են, բանականությունը և համերաշխությունը:

Գրառումը՝ Համազասպ Նահատակյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ