Գլխավոր էջ Օրվա թեման Սեռական կյանքի բացակայությունը՝ տղամարդուն «սպանող» երևույթ

Սեռական կյանքի բացակայությունը՝ տղամարդուն «սպանող» երևույթ

1976
0

Որքանո՞վ է սեռական կյանքը կարևոր տղամարդու առողջության համար։ Ինչպիսի՞ սեռական կյանք է ակնկալում տղամարդը և կա՞ նորմ սեռական կյանքի հաճախականության կամ տևողության հարցում։

Medmedia.am-ի հարցերին է պատասխանել ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը։

Տղամարդու սեռական կյանքի ակտիվությունը տարիքային շեմ ունի՞։

Վրեժ Շահրամանյան-Այո, ունի: Տղամարդու սեռական ակտիվությունը պայմանավորված է սեռական խառնվածքով և, իհարկե, տարիքով։ Երիտասարդ տարիքում տղամարդը հիպերսեքսուալ է, մոտավորապես 17-25 տարեկանում վրա է հասնում սեռական ակտիվության առաջին ալիքը: Սա տեղի է ունենում բուռն սեռական հասունացման և հիմնական սեռական հորմոնի՝ տեստոստերոնի ավելցուկային արտադրության հետևանքով: Աստիճանաբար տղամարդիկ սեռական փորձ են կուտակում, հորմոնային ֆոնը կայունանում է, տեստոստերոնը հասնում է օպտիմալ մակարդակին: Դա հնարավորություն է տալիս իրականացնել սեռական ցանկություններն ու ֆանտազիաները, ավելի լավ վերահսկել սեփական սեռական վարքը: Այս շրջանը տևում է  23-ից մինչև 30-35 տարեկանը:  Ժամանակի ընթացքում տղամարդանց  տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչն ազդում է նաև սեռական ցանկության վրա:  40 տարեկանից հետո տղամարդկանց զգալի մասի մոտ սեռական ակտիվությունը սկսում է աստիճանաբար նվազել: Ի դեպ, ինչքան հաճախ է տղամարդը 40 տարեկանից հետո ապրում սեռական կյանքով, այնքան քիչ է ունենում առողջական խնդիրներ և պահպանում է սեռական ակտիվ գործունեությունը: Կանոնավոր սերմանաժայթքումը համարվում է լավ կանխարգելիչ շագանակագեղձի ուռուցքից:

Ինչպիսի՞ սեռական կյանք է ակնկալում տղամարդը։

Վրեժ Շահրամանյան-Նայած՝ որ տարիքում։ Տղամարդիկ տարբեր տարիքում տարբեր ունեն ակնկալիքներ: Տղամարդու սեռական ցանկության գագաթնակետը 20-ից 30 տարեկանում է լինում: Այդ տարիքում տղամարդկանց համար կարեւոր է ոչ թե բուն սեքսը, այլ դրա քանակը: Նրանք նորություն են փնտրում, փորձարկումներ, այսինքն՝ ավելացնում են իրենց փորձն ու ամրապնդում ինքնագնահատականը: Այդ տարիքի տղամարդու համար անթերի զուգընկերուհին պետք է նույնչափ սեքս ցանկանա, որքան նա եւ, իհարկե, պատրաստ լինի փորձարկումների:

30-ից 45 տարեկան տղամարդկանց կյանքում սեքսը դադարում է առաջին տեղում լինել: Առաջին տեղում են կյանքի արժեքներն ու նախապատվությունները: Անկողնում տղամարդն արդեն ունի սեռական ճաշակ, եւ նրա հետ կմնա այն կինը, ով կբացահայտի դա ու կհամապատասխանի դրան:

45 տարեկանից հետո սեռական ակտիվությունն աստիճանաբար թուլանում է: Սեքսի համար տղամարդը պետք է լրացուցիչ տրամադրվի, միջավայր ընտրի, գնահատի մերձեցման հաճույքը եւ այլն: Այդ շրջանում շատ կարեւոր է պահպանել տղամարդու սեռական առողջությունը եւ հետեւել, որ սեռական կյանքում երկար ընդմիջումներ չլինեն:

Սեռական հարաբերության բացակայությունն ինչ հետևանք է թողնում տղամարդու առողջության վրա։

Վրեժ Շահրամանյան-Յուրաքանչյուր մարդու կյանքում կարող են լինել շրջաններ, երբ նա սեռական կյանքով չի ապրում: Բժշկական տեսանկյունից սեռական ցանկության տևական զսպումը վտանգավոր է, ընդ որում և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար: Սեռական կյանքից ձեռնպահ մնալը տղամարդիկ ավելի ծանր են տանում, և դա անհետևանք չի մնում. կարող են առաջանալ ֆիզիոլոգիական խնդիրներ՝ կանգային երևույթներ սեռական օրգաններում, ինչը հետագայում կարող է որոշ սեռական խանգարումների առաջացման պատճառ դառնալ:

Տղամարդու սեռական ակտիվության ու հաճախականության նորմ կա՞։

Վրեժ Շահրամանյան-Հայ հասարակության համար սեռական հարաբերությունների հաճախականությունը միջինում կազմում է 2-3 անգամ։ Բայց… Սեռական կյանքում ամեն ինչ խիստ անհատական է։ Ամեն ինչ կախված է սեռական խառնվածքի տիպից,  որն էլ արտահայտում է տվյալ անձի սեռական հնարավորությունները:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյան

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,

բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ