Գլխավոր էջ Նորություններ Որ դեղամիջոցների գործածության դեպքում է հարկավոր խուսափել մեքենա վարելուց

Որ դեղամիջոցների գործածության դեպքում է հարկավոր խուսափել մեքենա վարելուց

205
0

Ավտոմեքենաների սեփականատերերի իրավունքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, ավտոմոբիլիստների «Ընտրության ազատություն» շարժման անդամ Ալեքսանդր Խոլոդովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է՝ որ դեղամիջոցների ընդունման դեպքում է վարորդներին խորհուրդ տրվում առանձնահատուկ զգոնություն պահպանել։

Մասնագետի խոսքով՝ ցանկացած դեղորայքի ընդունումից առաջ վարորդները պետք է անպայման շատ ուշադիր կարդան դրա ցուցումների թերթիկը, քանի որ կան դեղամիջոցներ, որոնց ընդունումից հետո խորհուրդ չի տրվում մեքենա վարել։ Որպես կանոն սա պայմանավորված է լինում նրանով, որ դրանք «բթացնում» են ուշադրությունը, ինչը կարող է վտանգավոր լինել։

Բացի այդ, որոշակի դեղամիջոցներում կարող են պարունակվել նյութեր, որոնք կարող են ազդել օրգանիզմում ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայությունը ստուգող թեստերի արդյունքների վրա՝ դառնալով կեղծ դրական պատասխանի պատճառ։ Սա է պատճառը, որ եթե անգամ ցուցումների թերթիկում ոչինչ ասված չէ դեղամիջոցի՝ մեքենա վարելու հետ համատեղելիության մասին, միևնույն է հարկավոր է անպայման կարդալ դրա բաղադրությունը։

«Կան դեղամիջոցներ, որոնք, օրինակ, պարունակում են կոդեին, որը թմրամիջոցների առկայությունն ստուգող թեստի դեպքում կտա նույն արդյունքը, ինչ և հերոինի դեպքում։ Ներկայում շատ դեղամիջոցներում դրանցից ազատվում են կամ փոխում են բանաձևը, սակայն կարող է պատահել, որ ինչ-որ տեղ կան հին դեղամիջոցներ կամ որոշներում այն դեռ պարունակվում է, ուստի ամեն դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել», – նշել է Ալեքսանդր Խոլոդովը։

Բժշկի խոսքով՝ առանձնահատուկ զգոնություն է հարկավոր ցուցաբերել ալկոհոլ և ֆենոբարբիտալի նման նյութեր պարունակող դեղորայքի դեպքում, որոնց գործածությունը ևս կարող է դառնալ թմրանյութերի թեստի դրական պատասխանի պատճառ։ Նման դեղորայքի ընդունումից հետո մի քանի օր խորհուրդ չի տրվում մեքենա վարել։

Ինչպես շեշտել է Խոլոդովը, ամենավտանգավոր միջոցներից մեկը կորվալոլն է, որը ոչ միայն առավել հաճախ սպիրտի հիմնան վրա է լինում և ընդունելուց անմիջապես հետո կարող է ալկոհոլային հարբածություն ցույց տալ, այլև կարող է թմրանյութերի առկայություն ցույց տալ, քանի որ պարունակում է նյութեր, որոնք հետազոտության ժամանակ դիտարկվում են որպես թմրանյութ։ Կորվալոլ ընդունելու դեպքում մեքենա կարելի է վարել մեկ շաբաթ անց, քանի որ մինչ այդ թեստերը կարող են սխալ արդյունք տալ։

Մասնագետը վստահ է, որ ինքնազգացողության վատթարացման դեպքում առհասարակ խորհուրդ չի տրվում մեքենա վարել, իսկ դեղորայքի ընդունումը միայն էլ ավելի կվատթարացնի վիճակը։ Ինչ վերաբերում է այնպիսի ըմպելիքներին, ինչպիսին են կեֆիրը կամ կվասը, ապա դրանց գործածության դեպքում անհանգստանալու կարիք չկա։ Նման ըմպելիքների ընդունումից հետո ալկոհոլային հարբածության թեստի արդյունքը կարող է դրական լինել միայն առաջին 2-3 րոպեների ընթացքում, որից հետո որևէ նման խնդիր չի նկատվի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ