Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի ծրագրերն ընդլայնվել են․ ՀՀ ԱՆ

Քաղցկեղի ծրագրերն ընդլայնվել են․ ՀՀ ԱՆ

1078
0

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության կողմից արդեն 4-րդ անգամ կազմակերպվող «Առողջապահություն և իննովացիա» միջազգային կոնֆերանսին:

Կոնֆերանսի նպատակը ուռուցքաբաններին, ընտանեկան բժիշկներին և ռադիոլոգներին քաղցկեղի խնդիրների շուրջ միավորելն է։

Կոնֆերանսի ընթացքում օտարերկրյա մասնագետները փոխանակվել են իրենց փորձով, խոսել քաղցկեղի, բուժման արդի մոտեցումների, վաղ ախտորոշման առավելությունների և բուժման հնարավոր տարբերակների մասին:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` բոլորիս ուշադրությունը սևեռվել էր համավարակի հաղթահարման, նոր հիվանդության բուժման մեթոդների, դրանց անընդհատ փոփոխության, լուծումներ գտնելու վրա: Եվ այս համատեքստում,  ցավոք սրտի, ոչ պակաս կարևոր հիվանդություններ ինչ-որ առումով կարելի է ասել`  երկրորդային պլան մղվեցին: Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության աճի միտում կա. մեր երկրում այն հիվանդացության և մահացության առումով 2-րդ հորիզոնականում է, ինչն, անշուշտ, մտահոգիչ է:

Այդուհանդերձ, պետք է փաստեմ, որ արդեն իսկ շատ գործուն քայլեր են արվել այս ուղղությամբ, և այն մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Ընդգծեմ, որ մեզ համար առաջնահերթություն է ունենալ զարգացած շատ երկրների նման պարտադիր ապահովագրական ընդգրկուն համակարգ, որպեսզի քաղցկեղը չլինի դատավճիռ, և պացիենտը ստիպված չլինի ներդնելու իր ու իր ընտանիքի ողջ ֆինանսական կարողությունները բուժման նոր ելքեր գտնելու համար:

Ուզում եմ հատկապես շեշտել, որ ոլորտի զարգացման առումով նոր տեխնոլոգիաները միանշանակ բուժման մեթոդների մեջ մեծ դերակատարում ունեն, որտեղ մեկտեղվում են մարդ և տեխնոլոգիաների միասնական կարողությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հարկ է նշել, որ վերջին 3 տարվա ընթացքում քաղցկեղի բուժման առումով քաղցկեղի ծրագրերը բավականին ընդլայնվել են մի շարք ուղղություններով` թե՛ վիրահատական միջոցառումերն ամբողջությամբ պետության հաշվին իրականացնելու, թե՛ դեղորայքային որոշ նոր ծրագրեր ընդգրկելու և թե՛ ճառագայթային բուժումը պետպատվերի մեջ ներառելու առումով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ