Գլխավոր էջ Նորություններ Բժշկականն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի ևս 1-5 տարի տևողությամբ ռեզիդենտուրա անցնել և...

Բժշկականն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի ևս 1-5 տարի տևողությամբ ռեզիդենտուրա անցնել և ձեռք բերել հիմնական մասնագիտություն. բժիշկների կոչը

609
0

Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել՝ «Հայաստանի առողջապահությունը․ ինչ պետք է անել» խորագրով։ Մասնագետները, մասնավորապես, անդրադառնում են բժշկական կրթությանը։

Նախաբան

Դժվար թե կարիք առաջանա որևէ մեկին պարզաբանելու, թե ինչ նշանակություն ունի կայուն, դինամիկ զարգացող, առաջադեմ առողջապահական համակարգը յուրաքանչյուր երկրի բնակչության և տնտեսության համար: Դա համոզիչ ձևով ցույց տրվեց  կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ և արցախյան վերջին պատերազմի ընթացքում՝ միաժամանակ վեր հանելով նաև առողջապահության ոլորտում տարիներ շարունակ կուտակված և քողարկված խնդիրների ծավալը: Մարդիկ հասկացան, որ վարակից չի պաշտպանում և վիրավորի կյանքը փրկելը չի երաշխավորում ո՛չ թանկ մեքենան, ո՛չ ամառանոցը, ո՛չ էլ փողն ու պաշտոնը: Միակ մարդը, որը կանգնած էր մեր և մահվան միջև այդ օրերին,  բուժաշխատողն է, իսկ միակ համակարգը, որին ապավինում ենք, առողջապահությունը:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի առողջապահական համակարգը: Ունա՞կ է արդյոք այն բավարարել մեր քաղաքացիների ամենօրյա առողջապահական պահանջմունքները և դիմակայել մարտահրավերներին: Պատասխանը գիտենք յուրաքանչյուրս, սակայն դա քիչ է: Լուծումներ են պետք: Լուծումներ խորքային, լուծումներ՝ հիմնված հստակ հաշվարկված տվյալների վրա, լուծումներ՝ երբեմն ցավոտ, սակայն անհրաժեշտ և անխուսափելի:

Իսկ ի՞նչ ունենք հիմա, և ի՞նչ է պետք անել…

Մի քանի հոդվածներով կփորձեմ ներկայացնել իմ և իմ թիմի տեսլականը համակարգի ապագայի և զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ՝ հնարավորինս զերծ մնալով բարդ մասնագիտական տերմիններից և վերլուծություններից, փորձելով ներկայացնել նյութ, որը չի ծանրաբեռնի, բայց մտորելու տեղիք կտա:

Եվ այսպես.

ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մ.թ.ա. 3-րդ հարյուրամյակն էր: Հունաստանի քաղաքներից մեկում Հիպոկրատ անունով մի ճանաչված բժիշկ, որը ժամանակին երդվել էր իր ուսուցիչների առջև սովորել բժշկություն և հիմա իր աշակերտներին էր սովորեցնում, որոշեց գրի առնել և սերունդներին թողնել բոլոր ժամանակների մեծագույն մասնագիտական երդումներից մեկը: Ահա այն՝ թարգմանված հին հունարենի իոնիկ դիալեկտից.

Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիոսի, Հեգիայի և Պանացեայի անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս։

Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի։ Իմ բոլոր գիտելիքները, դասերը և այլ հմտությունները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներիս ու նրանցից բացի ոչ ոքի։

Երդվում եմ օգնել հիվանդներին իմ ուժերի, գիտելիքների և խղճիս համաձայն ՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց։

Երդվում եմ երբեք և ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին։ Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց։

Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ։

Երդվում եմ երբեք չկատարել կտրվածքներ քարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն թողնելով այդ գործով զբաղվող մարդկանց։

Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար`, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերից կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ, թե ստրուկ, և այլ արատներից։

Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք։

Եթե այս երդումը ես բարեխղճորեն կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս, և թող քաղեմ ես առատ պտուղները իմ արվեստից և աշխատանքից։ Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը։

Պատահակա՞ն է արդյոք, որ Հիպոկրատի երդման առաջին տողերը վերաբերում են կրթությանը, ուսուցիչներին, աշակերտներին և գիտելիք փոխանցելուն: Դեռ հին հույները գիտեին, որ ցանկացած գործում հաջողելու համար պետք է սկսել կրթությունից:

Առաջադեմ առողջապահություն ունենալու համար մեզ պետք են մեծածավալ բարեփոխումներ առողջապահական կրթության ոլորտում: Մեր օրերում բժշկի մասնագիտությունը այլևս դադարել է լինել ամենագայթակղիչներից, դիմորդներն ու ընդունվողներն էլ նախկինի նման լավագույնները չեն: Բժշկական կրթության ներկայիս ակադեմիական մոդելը, երբ կա լսարան, դասախոս, լեկցիա, գրատախտակ, այլևս հնանում է` իր տեղը զիջելով առավել արդյունավետ մոդելներին, ինչպիսիք են` խնդրահեն կրթությունը (problem based education) և համակարգահեն կրթությունը(system based education):

Պետք է պատրաստենք պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ, որը տիրապետում է կրթության այդ մոդելի սկզբունքներին: Բժշկական համալսարանները պետք է կարողանան ավարտել միայն նրանք, որոնք կոչումով են բժիշկ և ունեն համապատասխան գիտելիքների և հմտությունների պաշար: Ով չի հաղթահարի այդ դժվարին ճանապարհը, պետք է դուրս մնա:

Անկախացումից հետո բացվեցին բազմաթիվ մասնավոր ինստիտուտ/համալսարան/քոլեջներ, և բժշկական կրթություն իրականացնելը, իսկ իրականում` դիպլոմ վաճառելը, շահավետ բիզնես դարձավ: Լավ բժշկական կրթություն տրամադրելը թանկ արժե, և շատերը չէին ուզում այդ ծախսերին գնալ: Որպես արդյունք` սկսեց ընկնել մեր բուժաշխատողների մասնագիտական որակը:

Ես կողմ չեմ ոչ պետական բժշկական կրթական հաստատությունները մեխանիկորեն փակելուն: Այդպիսի մի քանի անհաջող փորձ նախկինում եղել է: Դա սխալ ճանապարհ է : Անհրաժեշտ է ստեղծել միասնական պետական քննական հանձնաժողով, որը, որպես անկախ մարմին, կստուգի և կշնորհի մասնագիտական որակավորում, անկախ նրանից, թե շրջանավարտը որ բժշկական ԲՈՒՀ-ն է ավարտել: Միայն դիպլոմի առկայությունը չպետք է բավարար լինի մասնագիտական դաշտ մտնելու համար: Եվ մի քանի տարի անց, այն բուհերը , որոնց շրջանավարտների մեծամասնությունը չի կարողանա հաղթահարել այդ քննությունը և չի որակավորվի, ստիպված կփակվեն, որովհետև այնտեղ այլևս դիմող չի լինի: Կմնան միայն նրանք , ովքեր իսկապես կրթություն , գիտելիք և հմտություն  են տալիս:

Պետպատվերով սովորելու հնարավորություն պետք է ունենան միայն այն ուսանողները, որոնք համաձայն են ուսումն ավարտելուց հետո մեկնել և որոշակի ժամկետով աշխատել այնտեղ, որտեղ կնշանակվեն: Չի կարելի բյուջեի հաշվին 6 տարի սովորեցնել մեկին, ով դեռ ուսանող ժամանակ գերմաներեն է սովորում, իսկ ավարտելուց մեկ ամիս անց լքում երկիրը:

Համոզված եմ, որ խորքային բարեփոխման կարիք կա նաև բժիշկների հետբուհական կրթության և մասնագիտացման ոլորտում, և այստեղ մենք պետք է հետ կանգնենք խորհրդային  տարիներից ժառանգած կլինիկական օրդինատուրայի մոդելից և անցնենք ռեզիդենտուրայի և ֆելոուշիփի: Անհրաժեշտ է ունենալ առողջապահության բնագավառի մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների արդիականացված ցանկեր և « մասնագետի որակավորման բնութագիր»: Վերջինս շատ կարևոր է նկարագրելու համար յուրաքանչյուր մասնագետի գիտելիքների և հմտությունների նվազագույն պաշարը, ինչը հիմք կդառնա մասնագիտական կրթության համար, կսահմանի յուրաքանչյուր մասնագետի պատասխանատվության և մասնագիտական գործունեության շրջանակը և հստակ կամրագրի այն կրթական ճանապարհը, որը անհրաժեշտ կլինի անցնել յուրաքանչյուր մասնագիտական որակավորում ստանալու համար:      Բժշկականն ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի ևս 1-5 տարի տևողությամբ ռեզիդենտուրա անցնել և ձեռք բերել հիմնական մասնագիտություն.  դրանք կլինեն թվով մոտ 30-35, իսկ այն բժիշկները, որոնք ցանկություն կունենան նեղ մասնագիտանալ, կանցնեն մինչև մեկ տարի տևողությամբ ֆելոուշիփեր:

Ռեզիդենտուրաների իրականացումը չպետք է լինի բժշկական կրթական հաստատությունների մենաշնորհը և պետք է իրականացվի խոշոր բժշկական կենտրոններում, որոնց արևմուտքում կոչում են teaching hospital: Բժշկական կազմակերպությունը պետք է վճարի ռեզիդենտին` վերջինիս կատարած աշխատանքի համար և կրի պատասխանատվություն նրան տրամադրվող գիտելիքների և հմտությունների այն ծավալի համար, որը ամրագրված է տվյալ մասնագետի որակավորման բնութագրով:

Միջին մասնագիտական բժշկական կրթության ոլորտում բարեփոխումները հիմնականում համանման պետք է լինեն բարձրագույնին: Անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որոնք անխուսափելիորեն կբերեն ոչ բավարար կրթության որակ ապահովող տասնյակ բժշկական քոլեջների փակվելուն: Շատ մտահոգիչ են հատկապես ոչ մասնագիտական քոլեջներում բացված բուժքույրական բաժինների և փոքր մարզային բժշկական քոլեջների մատուցած կրթության որակն ու զարգացումը: Այդ քոլեջները հաճախ նույնիսկ էլեմենտար սիմուլյատորներ և մուլյաժներ չունեն, չունեն ժամանակակից տեխնիկական հագեցվածություն և մեծ մտահոգություն է առաջացնում նրանց դասախոսական անձնակազմի որակը:

Նման քոլեջները որակյալ կրթություն չեն կարող տալ սկզբունքորեն: Նրանք ապագա չունեն:

Ժամանակի հրամայական է նաև բարձրագույն կրթությամբ բուժքույրերի պատրաստման հարցը: Նրանք կարևոր դեր են խաղում բուժքույրական կառավարման օղակում և բժշկական գիտության զարգացման մեջ:

Բուժաշխատողների շարունակական մասնագիտացման ներկայիս կրեդիտային համակարգը անհրաժեշտ է զարգացնել և վերջապես ներդնել բուժաշխատողների լիցենզավորում:

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ