Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության «թումանյանագետները», չսովորած դասերը և կորոնան. Դավիթ Մելիք-Նուբարյան

Առողջապահության «թումանյանագետները», չսովորած դասերը և կորոնան. Դավիթ Մելիք-Նուբարյան

9080
0

Առողջապահության «թումանյանագետները», չսովորած դասերը և կորոնան

Իմ ուսանողները գիտեն, որ 2017թ.-ին մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումների ծրագրի անհաջողության պատճառներից էր, պայմանական «թումանյանագետների», «նարեկաբույժների» և հետագայում արդեն մի շարք բուժաշխատողների կողմից հայտնած ոչ մասնագիտական կարծիքները, որոնք մարդկանց ու անգամ բժիշկների մոտ առաջացրեցին վստահության կորուստ պատվաստման նկատմամբ։

Եվ այսօր, երբ ՀՀ հայտնաբերվում է կորոնավիրուսի առաջին դեպքը, ԱՀԿ բարձրացնում է տարածաշրջանային և համաշխարհային ռիսկի գնահատականը «ԲԱՐՁՐ»-ից «ՇԱՏ ԲԱՐՁՐ» (https://www.who.int/…/situ…/20200229-sitrep-40-covid-19.pdf…), կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը նվազեցնելու ուղղությամբ, այդ նույն ժամանակ տարբեր մարդկանցից լսում ենք առնվազն հարցեր առաջացնող չհիմնավորված կարծիքներ՝ դիմակների արդյունավետությունից, մինչև COVID-19-ից մահանալու հավանականությունը։

Զուգահեռներ անցկացնելով 2009թ.-ին ի հայտ եկած նոր H1N1 վարակի հետ, պետք է փաստենք, որ առաջին տարվա ընթացքում, ըստ ԱՄՆ CDC տվյալների աշխարհում դրա բարդություններից մահացել է 151,700-575,400 մարդ, մոլորակի բնակչության 0.001-ից 0.007 տոկոսը։ Գնահատված է, որ առաջին տարվա ընթացքում միայն ԱՄՆ-ում արձանագրվել է շուրջ 60,8 մլն դեպք, 274,304 հոսպիտալացում և 12,469 մահվան դեպք։ Մահաբերության ցուցանիշը (չխառնել մահացության ցուցանիշի հետ)՝ շուրջ 0.02% ԱՄՆ-ում՝ աշխարհի տեխնոլոգիապես ամենազարգացած առողջապահություն ունեցող երկրներից մեկում (https://www.cdc.g

Հիմա եկեք տեսնենք ինչ են մեզ հուշում COVID-19 թվերը: Ոչ լիարժեք 2 ամսվա ընթացքում, փետրվարի 29-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 85,403 հաստատված դեպք և 2924 մահ՝ մահաբերության ցուցանիշը 3,42%՝ այս պահի դրությամբ բազմակի բարձր քան H1N1-ից։ Այստեղ հարկ է հիշել և գնահատել Չինաստանի ժողովրդի և կառավարության աննախադեպ ջանքերը վարակի տարածումը զսպելու և կառավարելու ուղղությամբ։ Օրինակ՝ մի քանի օրում նոր հիվանդանոցի կառուցում և շահագործում (գործընթաց, որը Հայաստանում երկու տարուց պակաս չի տևում), համատարած սահմանափակումներ, դռնեդուռ այցելություններ հիվանդներին հայտնաբերելու ու մեկուսացնելու համար և այլն։

Սակայն, անգամ այդ 3,42%-ի պարագայում կան նրբություններ։ ԱՀԿ մասնագետների կողմից բազմիցս նշվել է, որ նոր կորոնավիրուսին դիմակայելու հնարավորությունները մեծապես կախված են տվյալ պետության առողջապահության համակարգի զարգացվածության աստիճանից։ Եվ այո, եթե համեմատենք ոչ թե գլոբալ ցուցանիշները, այլ պետություններինը միմյանց հետ կստանանք ԱՀԿ փորձագետների խոսքերի թվային արտացոլումը։ Գերազանց կազմակերպված առողջապահության (և ոչ միայն) համակարգով աչքի ընկնող Սինգապուրում մահաբերությունը կազմում է՝ 0%, Կորեայում 0,56%, Ճապոնիայում՝ 1,9% Իտալիայում՝ 2,6%։
Միևնույն ժամանակ, Իրանում այն 10,2% է, Չինաստանում՝ շուրջ 3,6%։

Թվերը վկայում եմ, որ վարակի վտանգը չի կարելի թերագնահատել, այն առկա է, իրական և մեր կողքին։ Հետևաբար, բնակչությանը պետք է գրագետ նախապատրաստել վարակի պայմաններում ապրելու, աշխատելու, շփվելու և դրանից պաշտպանվելու հիմնական կանոններին։ Մասնագիտական լեզվով այն կոչվում է ունենալ հաղորդակցման ռազմավարություն։
Դա պետք է անեն այդ գործից հասկացող, համապատասխան փորձ, մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձիք՝ ԶԼՄ-ների և այլ հաղորդակցման ուղիների միջոցով։
Այս պարագայում, հանրային առողջությանն արդեն մեկ անգամ վնաս տված պայմանական «թումանյանագետները» և վերջինների հետևորդները պետք է զերծ մնան սեփական կարծիքը բնակչությանը, որպես ճշմարիտ և արդյունավետ միջոց ներկայացնելուց, այն պարզ պատճառով, որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի և անուղղելի հետևանքների։

Հիանալի օրինակ կարող է ծառայել վաստակաշատ բժիշկ, առողջապահության փորձառու կազմակեպիչ, պրոֆեսոր Բաբլոյանը, ով ունենալով հսկայական գիտելիքների բազա և մասնագիտական փորձ, այնուամենայնիվ չմեկնաբանեց նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, այն պարզ պատճառով, որ դրա մասնագետը չէ։

Գրառումը՝ Դավիթ Մելիք-Նուբարյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ