Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը՝ դողդղացող ձայնով, Փաշինյանը՝ «նախկինը» հիշելով․ կառավարության նիստին գլխավոր թեման «արհամարհվեց»

Ավանեսյանը՝ դողդղացող ձայնով, Փաշինյանը՝ «նախկինը» հիշելով․ կառավարության նիստին գլխավոր թեման «արհամարհվեց»

1285
0

«Մենք այս դեպքից պետք է դասեր քաղենք, բայց մյուս կողմից էլ չի կարող կառավարությունը կամ առողջապահության նախարարը ամեն օր գնալ և բոլոր տեղերը պտտվել, տեսնել ոնց է»,-Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհվածների մարմինների ոչ պատշաճ պահման պայմաններին անդրադառնալով, այսօր, հունիսի 3-ին, կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դա մասնագիտական էթիկայի, կրթության խնդիր է»,-հավելել է երկրի ղեկավարը:

Նա ամփոփելով տվյալները, նշել է, որ այս պահին ԴՆԹ հետազոտման, մարմինների նույնականացման աշխատանքը եզրափակիչ փուլում է:

«Մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց կան հարազատներ, որոնք ԴՆԹ նմուշ չեն հանձնել տարբեր պատճառներով, և նաև կան մարմիններ, որոնք հարազատները տարբեր պատճառներով չեն վերցրել»,-նշեց նա:

Փաշինյանը փաստեց, որ կա շուրջ հիսուն մասունք, որոնց դեպքում նույնիսկ 4-րդ-5-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել և պետք է դիմեն օտարերկրյա գործընկերներին, որոնք այս ոլորտում ավելի փորձառու են։

Նա փաստեց, թե եղել են դեպքեր, երբ հարազատները կասկածի տակ են առել Հայաստանում արված հետազոտության տվյալը․

« Հարազատները մասունքները  տարել են արտերկիր իրենց նախաձեռնությամբ և 99,9 տոկոսով պատասխանները եղել են նույնը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր «մեղայականում» ևս նշել էր, կան նույնականացված մասունքներ ու մարմիններ, բայց հարազատները դեռևս չեն վերցրել։ Թե ո՞րն է դրա պատճառը նախարարը չեր մանրամասնել, սակայն պարզից էլ պարզ է, որ նույնականացված մարմինների արդյունքերը չեն գոհացնում հարազատներին ու նրանք իրենց միջոցներով կրկնակի հետազոտության են ենթարկում դրանք։

Նշենք, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

Նշենք, որ այսօր ևս կառավարության նիստին չհնչեց գեթ մեկ նկատողություն ուղղված պատասխանատուներին, փոխարենը քարկոծվում են շարքային աշխատակիցները։

Ավանեսյանը նիստին ակնառու լարված էր․ դողդղացող ձայնով նա ներկայացրեց թե քանի դատաբժշկական կենտրոն է բացվել, քանի սարք և որքան գումար է ծախսվել այդ ծրագրի վրա․

« 2018 թ-ին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, 2020 թ-ին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը և կառուցվել է սառնարանային նոր բլոկ, 2020թ-ին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել է կասետային սառնարաններ, հիմա էլ լրացուցիչ սառնարանային մաս է կառուցվում»,-նշեց նախարարը ու թվում էր՝ ուր որ է հուզմունքից չի կարողանա խոսքը շարունակել, թե ի՞նչ էր կատարվել նիստից առաջ կամ ինչու՞ էր Ավանեսյանը մի կերպ իրեն զսպում ու ներկայացնում թվեր, փաստեր այս կամ այն դիահերձարանների հիմնանորոգման մասին՝ պարզ չէ։ Պարզ է մի բան, նա անգամ չփորձեց արդարանալ կամ ներկայացնել որևէ հիմնավորում, թե ինչու՞ էին պատերազմի մասնակիցների դիերը այդչափ անարգված։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը փորձեց մեղավորներ փնտրել ոլորտում աշխատող անձանց շրջանակում․

« Մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը էտքան հեշտ գործ չէ։ ՀՀ-ում այդպիսի համակարգ ընդհանրապես գոյություն չի ունեցել, մենք սկսել ենք այդ համակարգի հիմնադրումը, առաջին սեկվենատորը 2018թ-ից հետո արդեն եղել է, երկրորդը ձեռք ենք բերել պատերազմից հետո։ Այսինքն, մինչ այդ Հայաստանում ԴՆԹ անելու հնարավորություն չի եղել»,-նշել է վարչապետը, առանց մեկ բառ արտաբերելու ներկայից մեղավորների ու պատասխանատուների մասին։

Ինչևէ, առանց մոռանալու «նախկինների» բացթողումները, կառավարության նիստը շարունակվեց, պատժվեցին բժիշկները, դիահերձարանի աշխատակիցները, բայց գլխավոր պատասխանատուները մնացին անպատիժ։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ