Գլխավոր էջ Օրվա թեման Կորցնելով մեր անվտանգության երաշխիքները․ թշնամին մեր հողում

Կորցնելով մեր անվտանգության երաշխիքները․ թշնամին մեր հողում

5830
0

Ինչպիսի՞ հոգեվիճակում է գտնվում մարդը պատերազմից հետո և ինչպիսի՞ն է լինում հոգեբանությունը, երբ քո սահմաններից ներս թշնամին է։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ։

Ինպիսի՞ հոգեկերտվածք է ունենում անընդհատ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի քաղաքացին։

Հոգեբան- Առհասարակ, պատերազմը ինքնին տրավմատիկ իրավիճակ է և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Պատերազմից հետո սովորաբար հանդիպում է հետպատերազմյան սթրեսային խանգարում, ինչը շատ անհատական արտահայտում է ունենում: Այն ուղեկցվում է տագնապներով, վախերով, կպչուն մտքերով, ինչի արդյունքում դրսևորվում են մի շարք հոգեսոմատիկ խնդիրներ, նաև քնի ու ախորժակի խանգարում, մշտապես նոր վատի սպասում, ինչն էլ ուղեկցվում է շնչարգելությամբ, երբեմն դողով, մղձավանջային երազներով: Եվ խնդիրը նրանում է, որ լիարժեք չենք էլ կարող ասել հետպատերազմյան վիճակ, քանի որ չավարտված փուլում է և ամեն վայրկյան սպասումը կա կրկնվելու: Հետևաբար, մարդիկ մշտապես լարված են, ջղային, դյուրագրգիռ: Անգամ, երբ մենք մեր կյանքում որևէ բանի ենք սպասում, նույնիսկ դրական, ապա հաճախ ունենում ենք ունենում թեթև լարվածության, տագնապի զգացողություն: Այս դեպքում անընդհատ կրկնվելու վախն է, կորցնում ենք մեր անվտանգության զգացումը, ինչը անձի կարևոր պահանջմունքներից մեկն է: Անորոշությունը, հնարավոր է նաև ապատիկ վիճակի հանգեցնի, լիարժեք մոտիվացիայի բացակայության, երբ նույնիսկ չես կարողանում կյանքի հաջորդ րոպեն կազմակերպել: Նման դեպքերում հաճախ մարդիկ մերժման փուլում են մնում, չեն կարողանում և չեն ցանկանում ընդունել իրողությունը, հետևաբար չեն մշակում համապատասխան կոպինգ ստրատեգիաներ՝ իրավիճակը հաղթահարելու համար: Իսկ մերժումը առողջ լավատեսությունը չէ և ունի իր բացասական հետևանքները:

Ի վերջո, կարո՞ղ է՝ թշնամու հոգեբանորեն ճնշման «փորձը» հաջողվել, նրանց ներկայաությունը բնակավայրերին մոտ բլուրներին, կարո՞ղ է ընկճել, թուլացնել ու վախեցնել մարդուն:

Հոգեբան-Միանշանակ կարող է և՛ ընկճել, և՛ թուլացնել, և՛ վախեցնել, քանի որ խարխլվում է անձի անվտանգության,ապահովության բազային պահանջմունքը: Միթե՞ մենք կկարողանայինք առանց սնունդի և քնելու ապրել, իսկ անվտանգությունը նույնպես մեր հիմնային պահանջմունքներից մեկն է, ինչի բացակայությունը լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: Ցանկացած վարքագիծ ձևավորվում է մեր ունեցած մտքերից ու էմոցիաներից: Իսկ երբ մտքերը տագնապային են, էմոցիաները լարված, միայն այն մտքից, որ ամեն վայրկյան կարող ենք կորցնել ունեցածը, և սա արեն հավաքական գաղափար է, կորցնել ոչ միայն տունը, հարազատին, այլև ազգային ինքնությունը, հայրենիքը: Կորստի վախով ապրելը արդեն իսկ լուրջ հոգեբանական խնդիր է, որը անպայման արտահայտվելու է սոմատիկ կերպով:

Այս իրավիճակը կարո՞ղ է բոլորովին այլ ազդեցություն ունենալ, օրինակ՝ անվախ, քաջ, պաշտպանելու կարող քաղաքացի ձեվավորել։

Հոգեբան- Այսպես ասեմ, երբեմն տագնապն ու անհանգստությունը մոբիլիզացնում են ուժերը, պայքարելու և առաջ շարժվելու միտում առաջացնում: Մասնավորապես, երբ խոսքը հաղթական ոգու պահպանմանն է ուղղված: Բայց այս ամենը այդ նշանակությունը կունենար այն ժամանակ, երբ փոքր-ինչ վստահության և ապահովության զգացում ունենար անձը, կայուն, ամուր ու հզոր բանակը տեսներ, որպես հենարան: Սակայն, ցավոք, այս ընթացքում ամեն բան այնքան երերուն դարձավ, իսկ երիտասարդ սերունդը փոխանակ ձգտելու և պայքարելու, ընդհակառակը, շատ դեպքերում դիմում են ինքնասպանության, մինչև իսկ սեռափոխության, միայն թե չծառայեն բանակում, քանի որ ամեն բան կորցրել է իր արժեքը պատանիների աշխարհի մոդելում:

Այս իրավիճակում բնականաբար երեխաները գիտակցում են, թե իրականում ինչ է կատարվում, ինչպե՞ս է հնարավոր աշխատել երեխաների հետ:

Հոգեբան-Միանշանակ գիտակցում են, անգամ եթե երեխան դեռևս փոքր տարիքում է և հստակ չի կարողանում տարանջատել էմոցիաները, գիտակցաբար որոշում կայացնել, ապա միևնույնն է նա զգում է տագնապի զգացողությունը, ծնողների ոչ սովորական վարքագիծը, հնարավոր տարհանումը, սոցիումի փոփոխությունը: Եվ անպայման է հարկավոր երեխային տեղեկացնել, թե ինչ է կատարվում՝ հաշվի առնելով երեխայի տարիքը, ունեցած բառապաշարն ու աշխարհընկալումը: Երբեմն լարված պատերազմական իրավիճակում մենք անտեսում ենք երեխայի հոգեբանական վիճակը, այդ պահին կարևորելով առավել էական հարցեր, սակայն անխտիր հարկավոր է երեխային ժամանակ տրամադրել, որպեսզի մեր բացասական էներգիան չփոխանցվի երեխային, նրանք ամենախոցելի խմբում են, իսկ նման վիճակում երեխան մտածում է, որ իրեն չեն սիրում, իրեն չեն կարևորում, այդ պատճառով իր հետ չեն խաղում, չեն զրուցում:

 Պատերազմի ընթացքում անընդհատ պայթյունի, աղմուկի մեջ գտնվող երեխաները կարո՞ղ են հետագայում հոգեբանական լուրջ խնդիրների բախվել, ինչպե՞ս է պետք աշխատել նրանց հետ:

Հոգեբան-Եթե երեխան նույնիսկ պատերազմի անմիջական մասնակից չի էլ եղել, միեւնույնն է, հեռվից կրակոցների ձայնը, մշտական տագնապն ու լարվածությունը, բացասական ինֆորմացիայի հոսքը հետք են թողնում նրա առողջության վրա, որը, հնարավոր է, այդ պահին որեւէ կերպ չարտահայտվի, կարող է հետագայում գլուխ բարձրացնել։ Տարիքային տարբեր խմբերում սթրեսային վիճակը յուրովի է արտահայտվում։ Մինչեւ երեք տարեկանների մոտ այն սովորաբար դրսեւորվում է քողարկված տարբերակով՝ անհանգստությամբ, քնի խանգարումներով, տրամադրության անկումով: Ավելի մեծ տարիքում, երբ երեխան առավել լավ է պատկերացնում իրավիճակը, սրվում են տագնապային զգացողությունները, վախերը, սնման խանգարումներ, մղձավանջներ, կպչուն գործողություններ (եղունգ կրծել, մատներ ծծել), ինքն իրեն ցավեցնել, կծել մյուսներին։ Շատ հաճախ պայթյունի աղմուկի մեջ գտնվող երեխաները գիշերամիզություն են ունենում և կակազություն (լոգոնևրոզի տեսքով), որոնց հիմքում բացառապես վախն է ու էմոցիոնալ խնդիրները:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ