Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի ո՞ր տեսակներից է հարկավոր խուսափել ալերգիաների առկայության դեպքում

Սննդամթերքի ո՞ր տեսակներից է հարկավոր խուսափել ալերգիաների առկայության դեպքում

163
0

Ալերգիաները կարող են բավական վտանգավոր հետևանքներ ունենալ, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել ու խուսափել ալերգեններից, մինչդեռ շատ հաճախ մարդիկ չեն գիտակցում, որ վտանգավոր ալերգենների ցանկը կարող է բավական երկար լինել։ Ամենատարածված ալերգիաներից մեկը ծաղկափոշու նկատմամբ ալերգիան է, որը սովորաբար սրվում է ծառերի ու ծաղիկների ծաղկման շրջանում, սակայն հաճախ այս խնդրի առկայության դեպքում մասնագետները հորդորում են նաև խուսափել սննդամթերքի որոշ տեսակներից, որոնք ևս կարող են հզոր ալերգեն հանդիսանալ։ Ալերգոլոգ-իմունաբան Դալի Մաչարաձեն Sputnik ռադիոկայանի հետ զրույցում պատմել է՝ սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր բացառել սննդակարգից ալերգիաների առկայության դեպքում։

Մասնագետի խոսքով՝ ծաղկափոշու որոշակի տեսակների նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ նմանատիպ ռեակցիա կարող է ի հայտ գալ նաև սննդամթերքի որոշ տեսակների գործածության դեպքում։ Խոսքն այս դեպքում, այսպես կոչված, խաչաձև ալերգիաների մասին է, ուստի տվյալ մթերքից ևս հարկավոր է խուսափել։

«Ծառերի ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող հիվանդներին ոչ միայն ծառերի ծաղկման, այլև ամբողջ կյանքի ընթացքում խորհուրդ չի տրվում նաև օգտագործել խնձոր, տանձ, սալոր, դեղձ, նեկտարին, այսինքն՝ վարդածաղկավորների ընտանիքին պատկանող բոլոր կորիզավոր մրգերը։ Նույնը վերաբերում է նաև ստեպղինին, նեխուրին ու մաղադանոսին», — նշել է Մաչարաձեն։

Նրա խոսքով՝ այս մրգերն ու բանջարեղենի տեսակները խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ միայն հում վիճակում, այլև հյութի տեսքով։ Ընդ որում՝ առավել վտանգավոր են թարմ քամած հյութերը։ Բանն այն է, որ սննդամթերքի այս տեսակներում պարունակվում է նույն քանակությամբ ալերգեն, որքան ծաղկափոշու մեջ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու խուսափել դրանց գործածությունից։

Ինչպես նշել է Մաչարաձեն, հացազգիների ծաղկափոշու նկատմամբ ալերգիայի դեպքում (բույսերի ծաղկման երկրորդ ալիք) հարկավոր է հրաժարվել մեղրից, քանի որ մեղուները ծաղկափոշի են հավաքում նաև այս բույսերից։

«Հացազգի բույսերից ալերգիա ունեցողների մոտ մեղվի խայթոցի դեպքում կարող է ծանր ալերգիկ ռեակցիա նկատվել։ Նման հիվանդների մոտ կարող է կեղծ դրական արձագանք գրանցվել մաշկին արված ցորենի նկատմամբ զգայունության թեստի դեպքում, սական սա չի նշանակում, որ ցորենը հարկավոր է բացառել սննդակարգից», — բացատրել է մասնագետը։

Ծաղկման երրորդ ալիքը, Մաչարաձեի խոսքով, մոլախոտերի ծաղկումն է, իսկ հիմնական ալերգեններն են ամբրոզիան ու օշինդրը, որոնց նկատմամբ ալերգիայի դեպքում խաչաձև ալերգիկ ռեակցիայի պատճառ կարող են դառնալ նաև սերմերը, արևածաղկի յուղը, սեխը, ձմերուկը, մեղրն ու համեմունքները։

Մասնագետը միևնույն ժամանակ շեշտել է, որ սննդային ալերգիաների նկատմամբ ռեակցիան կարելի է մեղմել կամ ճնշել դեղորայքի միջոցով։ Եթե ալերգենների հետ շփումն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ բացառել, ապա հարկավոր է հատուկ իմունային թերապիա անցնել, որի նպատակն է հիվանդի օրգանիզմն ալերգեն համարվող տարրին սովորեցնելը։ Այս թերապիայի դեպքում չափաբաժինն աստիճանաբար մեծացնելով կարելի է փոխել օրգանիզմի ռեակցիան ալերգենի նկատմամն, բացատրել է մասնագետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ